«Զիբիլանոցից մետաղ ենք հավաքում»,- ասում է Գրետա Չոմալյանը

27/06/2011 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Վեց տարեկան Արթուրն ունի աննկարագրելի գեղեցիկ կանաչ աչքեր, բայց չունի ընկերներ: Շուտով պետք է դպրոց գնա, այսինքն` կարգն է այդպես: Վեց տարեկանում երեխան պետք է դպրոց գնա, բայց Արթուրենց ընտանիքում կարգերը, «պետք է»-ները, կյանքի օրինաչափությունները ունեն նույնքան արժեք, որքան` ընտանիքի բոլոր անդամների կյանքն է, այսինքն` արժեք չունեն: Արթուրը, քույրը, նրանց մայրը, տատն ու պապը, մորաքույրներն ապրում են օրվա կյանքը սպառելու բնազդով: Պապը` 57-ամյա Ավետիքն, էնքան տառապած ու հյուծված է, որ էլ սպառելու բան չունի: Սպառում է մատների արանքում պինդ սեղմած ճմրթած թուղթը, որի մեջ լցրած թութունը վաղուց ծխել է, բայց շարունակում է ներս քաշել այրվող թղթի անդուր ծուխը: Ասում է` «Արի քեզ մեր բաղչճեն ցույց տամ»: Մի քանի ոտնաչափ «բաղչում» ծիլ տված ցանցառոտ կանաչեղենը հաճախ երեխաներին փրկում է սովից: Իսկ վագոն-տնակի շուրջը դրված լվացքի թասի անդուր ժավելաջրի հոտը տարածվել է ամբողջ թաղամասով մեկ: Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Բանավան փողոցի 138 վագոն-տնակում ապրում է 11 հոգանոց բազմանդամ ընտանիքը:

Գրետան ու Ավետիքն այստեղ են բնակվում իրենց աղջիկների եւ թոռների հետ: Արթուրը շուտով պետք է դպրոց գնա, բայց ընտանիքի հոգսը հավանաբար նրան կստիպի շատ ուշադրություն չդարձնել կրթության վրա: Ամեն օր քչփորում է տարածքի աղբամանները եւ երկաթե կտորներ հայթայթելով` կարողանում է հացի գումար վաստակել: Տանտիկինը` Գրետա Չոմալյանն, ասում է, որ թեեւ իրենք բնակարան ստացել են, այդուհանդերձ այն վաճառել են. «Հա՛, մեզ պետությունը տուն տվել ա, բայց չէինք կարում ապրել: Լույսի, գազի, աղբի էնքան փող էր կուտակվել, որ ստիպված էինք վաճառել: Աշխատանք չունեինք ու կոմունալ վարձերը չէինք կարում փակել: Գյումրիում կյանքը շատ դժվար ա, աշխատանք չկա, մարդիկ սոված կոտորվում են: Է հա՛, տունը տվեցին, բայց մարդ եթե չաշխատի, առաջ գնալու տեղ չունենա, ապրելու տարբերակ չգտնի` ո՞նց ապրի, ասե՛ք: Հիմա շատերն են մեղադրում, թե` տուն ենք տվել, բայց էլի դոմիկում են ապրում, բայց ախր մարդիկ սովից կոտորվում են: Վարձերն էլ կուտակվում-կուտակվում են, ու տունը ծախում` կեսը վարձերի պարտքն ես փակում»: Տիկին Գրետայի աղջիկներից մեկը վերջերս ավտովթարից մահացել է: Երիտասարդ աղջկա որդու խնամքը նույնպես իր վրա է: Աղջիկներից մեկն էլ` Կարինեն, մանկական պարալիչ է տարել եւ մինչեւ օրս ծանր հաշմանդամ է, ում մեր պետությունը հատկացնում է 10.000 դրամ հաշմանդամության թոշակ: Տիկին Գրետան վստահեցնում է, որ տան անդամներից որեւէ մեկն աշխատանք չունի: Ապրում են 30.000 դրամ աղքատության նպաստով: «Հավաքարարի, համբալության տեղ լիներ` կգնայինք կաշխատեինք: Բայց քաղաքում աշխատանքը գտնելը դարձել ա բախտի բան: Ինչքա՞ն կարանք զիբիլներից երկաթ-մերկաթ գտնենք ու մի քանի հարյուր դրամ ստեղծենք` հաց առնենք»: Փոքրիկ վագոն-տնակում տեղաշարժվելն անհնար է: Հարցնում եմ` «Բայց 11 հոգով ո՞նց եք էստեղ քնում»: «Դե, ո՞նց նկարագրեմ ախր: Գետնին ենք գցում, կեսը ստեղ, կեսը` ընդեղ, կեսը` նստած, կեսը` ծալված կլուսացնենք»: 30.000 դրամ աղքատության նպաստը ստանալիս այս ընտանիքում տոն է: Այդ օրերին կարողանում են գոնե խաշած մակարոնեղեն ուտել: Խանութներից վերցրած հացի պարտքերն ասես անեծք լինեն, որովհետեւ դրանք երբեք չեն վերանում, այլ մշտապես աճում ու ավելանում են: Տիկին Գրետան դարակից հանում է պարտքերի տետրը, որտեղ ամեն թվի ու տողի առաջ գրված է` 5 հատ հաց, 3 հատ հաց… Ընտանիքի հայրը` Ավետիքը, ոչինչ չունի, բայց շատ մեծ սիրտ ունի: Ուզում է ինձ համար մի բան անել: «Արի քեզ էս տարածքը ցույց տամ»,- ասում է ու առաջ ընկնելով` ուզում է ամեն ինչ պատմել, ամեն ծառի ու թփի հետ ծանոթացնել: Ասում է` «Վախտին լավ էլ ապրել եմ` կերել, խմել, կյանք եմ արել: Հիմա… հիմա ներվերս չդիմացան էս պայմաններին»: Բայց մարդիկ ապրում են այդ պայմաններում ու ամեն օրվա հետ կորցնում են ապրելու հույսը: Ավետիքը նյարդային համակարգի հետ խնդիրներ ունի: Խոսելիս սկսում է բարկանալ, ձայնը բարձրացնել, որովհետեւ լարված նյարդերն իրենից առաջ են ընկնում: Տարիքն առած վազում է դոմիկի մի ծայրից մյուսը, որպեսզի ամեն մի մանրուքի մասին իր մեկնաբանությունը տա: Ավետիքն արժանապատիվ մարդ է: Ասում է` «Ես առավոտից մի կտոր հաց չեմ կերել: Մենակ թութուն եմ ծխում, մինչեւ իրիկուն: Չէ՛, չէ՛, դու հանկարծ չմտածես, թե հաց չունենք` դրա համար… Ուղղակի ես տենց եմ, սովորություն ա հաց չուտելը»: Դրա համար էլ քայլելիս ճոճվում է ու խոսելիս` անուժ ձեռքերը դողում են: Չի հիշում, թե երբ է վերջին անգամ տուփով ծխախոտ օգտագործել, որովհետեւ մշտապես իր ձեռքերով է պատրաստում թութունի թուղթը: Տիկին Գրետան ասում է, երբ հաց գնելու տարբերակ չի լինում` աշխարհը գլխին փուլ է գալիս: Շաբաթվա օրերի մեծ մասն աշխարհը փլվում է տիկին Գրետայի գլխին. «Արցունքն աչքերիս ման կուգամ: Արթուրս կտեսնի, որ նստած կուլամ` կերթա զիբիլները կքչփորե, մե երկաթըմ կգտնե, որ հացի փող անե»: Արթուրը ձմռանը տատիկի հետ աղբանոցներից նաեւ վառելիք է հայթայթում` հագուստ, փայտե կտորներ, կարտոն եւ այլն: «Հիմա էլ կբերենք, որ լվացքի ջուր տաքըցնենք»,- ասում է Արթուրը` ցույց տալով վառարանը, որի վրա ջուր են տաքացնում: Վառարանի մեջ քրջեր լցնող Արթուրի մորաքրոջ դեմքից քրտինքը ծորում է. «Շունչս կփըչե, չեմ կըրնա բանըմ խոսամ»,- ասում է նա: Տիկին Գրետան ասում է` Գյումրիի քաղաքապետարանից աջակցություն ստանալու հույս չունեն. «Դիմել ենք օգնության համար, բայց ոչ մի բան: Դե, որ բնակարան էլ ստացել, վաճառել ենք…»: Բնակարան վաճառելու հանգամանքը առիթ է, որ աշխատանք կամ օգնություն խնդրելու նրանց դիմումների պատասխաններում պարտադիր կերպով այդ փաստը նրանց «երեսով տան»: Տիկին Գրետան նախկինում դպրոցի տնտեսվարի փոխարինող է աշխատել, բայց գործազուրկ դառնալուց հետո…«Բոմժ ենք էլի: Էս քաղաքում շատերը բոմժ կդառնան, է մարդիկ աշխատանք չունին, ապրելու հունար չունին»,- ասում է տիկին Գրետան` ավելացնելով, որ ընտանիքի գոյատեւման համար ընդամենը սնունդ է անհրաժեշտ, իսկ սնունդի համար` փող, իսկ փողի համար էլ` աշխատանք: Արթուրի քույրը` երեք տարեկան Արփինեն, անծանոթի տված շոկոլադե սալիկն այնպես է ուտում, կարծես առաջին անգամ հասկանում է, որ աշխարհում նման համեղ բան կա, որի անունն է կոնֆետ: Փոքրիկ մատներին ու բերանից մինչեւ աչքերը շոկոլադ է լղոզվել: Աչքերով փնտրում է` իրենց այցելած անծանոթ մարդկանց պայուսակների ու ձեռքերի մեջ արդյո՞ք չկա իր համար զարմանալի այդ համային երեւույթից:

Տիկին Գրետան ասում է` «Ըսիգ մեր տան Փանոսն է, ամեն օր կընգնե, գլուխը կջարդե: Դե՛, ախր տեղ էլ չունինք, խեղճ երեխեքս չեն կըրնա շարժվին: Էս մեկս Փանոսի պես ամեն օր կընգնե, գլուխը մե տեղըմ կզարգե»: Եղբայրը` Արթուրը, շուտով դպրոց պետք է գնա: Պետք է գնա… Բայց դպրոց գնալու համար հավանաբար պետք է նաեւ շատ աշխատի: Պետք է աղբամանների քանակը շատացնի, որովհետեւ դպրոց գնալու համար իրեն հագուստ է պետք: Հարցնում եմ` «Երբ մեծանաս` ի՞նչ ես դառնալու»: «Զինվոր,- պատասխանում է,- հա, հա… հաստատ զինվոր»:

Հ.Գ.
Գյումրի քաղաքում սոցիալապես սարսափելի ծանր պայմաններում գոյատեւող այս ընտանիքի մասին մենք տեղեկություններ հաղորդեցինք «Օրրան» բարեգործական կենտրոնի հիմնադիր նախագահ Արմինե Հովհաննիսյանին: Նա անմիջապես ձեռնամուխ եղավ անձամբ այցելել Գյումրի եւ ծանոթանալ ընտանիքի պայմաններին: Ա. Հովհաննիսյանն այս ընտանիքին սնունդ տրամադրեց եւ խոստացավ կրկին այցելել եւ օգնության ձեռք մեկնել: