Խիզախության պահը

25/06/2011

Երեկ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ուղերձ է հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին` Կազանում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ տեղի ունենալիք` Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումից առաջ: Ըստ ՀՀ նախագահի մամլո գրասենյակի, «Նախագահ Սարկոզին նշել է, որ ի շարունակություն մայիսի վերջին Նախագահ Օբամայի, Նախագահ Մեդվեդեւի եւ իր կողմից Դովիլում արված հայտարարության, ցանկանում է համոզմունք հայտնել, որ եկել է պահը ամրագրելու այն սկզբունքները, որոնց հիման վրա կարող են այնուհետեւ ծավալվել կարգավորման բուն բանակցությունները»: «Պատմության ընթացքում լինում են պահեր, երբ պետության ղեկավարներն իրենց ժողովրդին պետք է ցույց տան խիզախության, իմաստնության ու խաղաղության ճանապարհը»,- իր ուղերձում նշել է Սարկոզին` ավելացնելով` եկել է այդ պահը: «Իմացեք, որ բոլոր դեպքերում, ես` որպես բարեկամ, եւ ինձ հետ է Ֆրանսիան, որն իրեն համարում է քույրը Հայաստանի, հղում ենք Ձեզ այս վճռորոշ հանդիպման հաջողության ամենաանկեղծ մաղթանքներ: Իմ երկիրը ջանք չի խնայի սատարելու Ձեզ այդ ճանապարհին»,- ասել է Ն. Սարկոզին: