Մատադորը՝ սպանելով ցլին, լաց եղավ

10/11/2005 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

2001թ. «Վալենսիա» ընկերությունը Երեւանում առաջին անգամ ցլամարտ անցկացրեց: Ցուլերը եւ ցլամարտիկները հրավիրվել էին Իսպանիայից: Երեւանցիների համար ցլամարտը չտեսնված իրադարձություն էր, կորրիդայի մասին մենք միայն լսել էինք կամ ֆիլմերում էինք տեսել: Կազմակերպիչները խոստանում էին, որ «Հանրապետական» մարզադաշտ եկած մարդիկ անմոռանալի շոուի ականատեսը կդառնան: Նրանք խոստանում էին նաեւ, որ ոչ մի ցուլ չի սպանվի, քանի որ ցլամարտը կազմակերպվել է ոչ թե իսպանական, այլ պորտուգալական ձեւով, այսինքն՝ ավելի մեղմ եւ անարյուն: Այդ «մարդասիրական» նախապայմանը կենդանիների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների եւ եկեղեցու պահանջն էր, որը, սակայն, խախտվեց ցլամարտի հենց առաջին օրը: Մարզադաշտի կենտրոնում առանձնացված էր մի հատված, որը շրջապատվել էր ցանկապատով: «Ֆոտոլուր» գործակալության լուսանկարիչ Մելիք Բաղդասարյանը հիշում է. «Ցանկապատը բավականին լայն անցքեր ուներ:

Լուսանկարիչները եւ լրագրողներն աշխատում էին ցանկապատի մոտ եւ հենց այդ արանքներից լուսանկարում: Առաջին ցուլը շատ անհետաքրքիր եւ դանդաղաշարժ էր: Իսկ երկրորդը, կարծես անտեսելով ցլամարտի կանոնները եւ ոչ մի ուշադրություն չդարձնելով կարմիր կտորին, դուրս եկավ ցանկապատի արանքից եւ սկսեց վազել ողջ մարզադաշտով»: Իրավիճակն անվերահսկելի դարձավ, ցլի հետագա վարքագիծն անկանխատեսելի էր: Մարզադաշտում ավտոմեքենաներ կային, որոնք սկսեցին հետապնդել ցլին: Հանդիսատեսին սպառնացող վտանգը մեծ չէր, տրիբունաները բարձր էին, սակայն վտանգավոր իրավիճակում հայտնվեցին վանդակին շատ մոտ գտնվող լրագրողները: «Մտածեցինք՝ ի՞նչ անել: Եվ գտանք ամենալավ տարբերակը՝ ինքներս մտանք վանդակապատ տարածք, քանի որ այդ պահին դա ամենաապահով տեղն էր»,- պատմում է Մ. Բաղդասարյանը: Նրանց բախտը բերեց՝ ցուլը վանդակ չվերադարձավ, սակայն կատաղի եւ արագ վազեց մարզադաշտի երկայնքով: Արտակարգ իրավիճակ ստեղծվեց: Որոշվեց շեղել ցլի ուշադրությունը, եւ մարզադաշտ բերվեց 10 կով: Ապարդյուն՝ ցուլը թքած ուներ կովերի վրա: Կովերը, մարզադաշտ մտնելուն պես, սկսեցին խոտածածկ տարածքում հանգիստ եւ անվրդով արածել: Հանդիսատեսը ցնծում էր ուրախությունից, շատերի համակրանքը ցլի հանդեպ մեծացավ: Բոլորը ցլի կողմն էին անցել: Որոշում կայացվեց` ցլին սպանել: Մարդկային գործոնն ավելի լուրջ կռվան է, քան կենդանու կյանքը: Ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Վարյանն անձամբ «Շտապօգնության» ավտոմեքենայից ատրճանակի մի ողջ փամփուշտակալ արձակեց: Ցուլը վիրավորվեց, սակայն չսատկեց: Նույնիսկ ավելի կատաղեց: Ցլին, ի վերջո, սպանեց ցլամարտիկը, ինչպես եւ պետք է լինի իսկական ցլամարտում: «Ցլամարտիկներն իրենց հետ թրեր չէին բերել, քանի որ գիտեին, որ մահ չի լինելու: Հենց որ արտակարգ իրավիճակ ստեղծվեց` ցլամարտիկը թուր բերեց եւ սպանեց արդեն վիրավոր ցլին: Մատադորն այդ քայլին պատրաստ չէր, նա նույնիսկ լաց եղավ»,- պատմում է Մելիք Բաղդասարյանը:

Ցլի նման դաժան մահով առաջին օրվա շոուն ավարտվեց, թեեւ պետք է ելույթ ունենային եւս չորս ցլեր: 20-25 հազար հանդիսատեսի համար այդ օրն անմոռանալի եւ շատ հետաքրքիր էր: Անկանխատեսելի էին եւ՛ ցլի, եւ՛ կազմակերպիչների քայլերը: Ցլամարտի նմնաօրինակ անսպասելի ավարտն ադրենալինի մեծ պաշար ներարկեց մարդկանց արյան մեջ: Պատմում է Մ. Բաղդասարյանը. «Կարծում եմ, որ հանդիսականներից շատերը շատ ուշ հասկացան, որ «ՉՊ» էր: Տպավորություն կար, որ շոուն այդպես էր բեմադրված»: Ցլամարտի հայտարարված հաջորդ օրը մարզադաշտում էլ ավելի շատ հանդիսատես կար: Բոլորը եկել էին նախորդ օրվա կրկնության սպասելիքներով: Սակայն, ավաղ, այդ օրը չորս ցուլ ելույթ ունեցան, եւ ամեն ինչ հանգիստ եւ պլանավորման համաձայն կատարվեց: Իսկ պլանավորված կորրիդան անհետաքրքիր է: