Երեկ վերջապես Կազանում կայացավ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների` այդքան սպասված հանդիպումը, որից, առանց չափազանցնելու, ողջ միջազգային հանրությունը «բեկումնային ակնկալիքներ ուներ»: Գրեթե բոլոր գերտերությունների ղեկավարներն ու միջազգային հեղինակավոր կազմակերպությունները վերջին օրերին ընդունված հայտարարություններով հույս էին հայտնում, որ Կազանում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների վերաբերյալ փաստաթուղթ կստորագրվի: Սակայն երեկ Կազանում ավելի քան երեք ժամ տեւած հանդիպման արդյունքում երեք երկրների նախագահները ընդունել են ընդամենը ընդհանուր ձեւակերպումներ պարունակող մի հայտարարություն: «Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները 2011թ. հունիսի 24-ին հանդիպեցին Կազանում եւ դիտարկեցին իրենց հանձնարարությամբ ԼՂ հիմնախնդրի կարգավորման Հիմնական սկզբունքների նախագծի համաձայնեցման նպատակով տարվող աշխատանքի ընթացքը:
Պետությունների ղեկավարները արձանագրեցին մի շարք հարցերի շուրջ փոխըմբռնման ձեռքբերումը, որոնց լուծումը կնպաստի Հիմնական սկզբունքներին հավանություն տալու համար պայմանների ստեղծմանը»,- ասված է հայտարարության մեջ, որում ՀՀ եւ Ադրբեջանի նախագահները նաեւ երախտագիտություն են հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների առաջնորդներին եւ «բարձր են գնահատում» պայմանավորվածությունների ձեռքբերմանն օժանդակելու ուղղությամբ ՌԴ նախագահի անձնական ջանքերը: Այսպիսով, որեւէ համաձայնություն հիմնարար սկզբունքների շուրջ Կազանում ձեռք չբերվեց, եթե, իհարկե, ոմանք այդպիսին չհամարեն «Հիմնական սկզբունքների նախագծի համաձայնեցման նպատակով տարվող աշխատանքի ընթացքի» դիտարկումը եւ մի շարք հարցերի շուրջ փոխըմբռնման ձեռքբերումը: Մի կողմից` դա, իհարկե, կարելի է որակել որպես ժամանակավոր ձեռքբերում, մյուս կողմից` դժվար է ասել, թե ինչպիսին կլինի միջազգային հանրության վերաբերմունքը, ովքեր գրեթե «շունչները պահած» սպասում էին ավելի կոնկրետ փաստաթղթի ստորագրման: Դովիլի հայտնի հայտարարությունից հետո երեկվա փաստաթուղթը կարող է որակվել` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հույսերը չարդարացնելու քայլ` դրանից բխող բոլոր հետեւանքներով: Դա հավանաբար պարզ կդառնա այսօր, քանի որ այսօր հենց Կազանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպելու են նախ` Ադրբեջանի, ապա` ՀՀ արտգործնախարարի հետ: