Առաջին քայլը

25/06/2011

«Եթե անգամ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության գան Կազանում` ղարաբաղյան խնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ, դա կլինի դժվարին ճանապարհի ամենաառաջին քայլը միայն»,- նման ընդհանրական տեսակետներ են հայտնել արեւմտյան փորձագետները Կազանում կայացած հանդիպումից առաջ: Մասնավորապես, «Քարնեգի հիմնադրամի փորձագետ Թոմաս դե Վաալը «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում ասել է. «Երկու հասարակություններում էլ այս գործարքին ընդդիմացող ուժեր կան, որոնք փորձելու են խարխլել ձեռք բերված համաձայնությունը: Այնպես որ, արդյունքների հասնելու համար շատ կարեւոր է, որպեսզի լինի հստակ ժամանակացույց եւ առավելագույն ճնշում կողմերի վրա` որոշված քայլերը իրագործելու համար: Շատ կարեւոր է նաեւ միջազգային հանրության դերը, որը երկար ժամանակ անտեսում էր այս հակամարտությունը, սակայն այժմ պետք է սկսի մի շարք հավակնոտ ու շարունակական ծրագրեր իրականացնել` տարածաշրջանը կայունացնելու, վերակառուցելու, խաղաղապահ ուժեր կազմավորելու եւ համաձայնությունը է՛լ ավելի ամրապնդելու ուղղությամբ»: «Իրականում կարիք չկա սահմանել խնդրի կարգավորման հիմնարար սկզբունքները, դրանք հայտնի էին եւ ձեւավորվել էին պատերազմի արդյունքում,- այսպիսի կարծիք էլ հայտնել է Վաշինգտոնի Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդի փորձագետ Վեյնե Մերին` մանրամասնելով,- Հայերը ստանում են Ղարաբաղն ու Հայաստանին կապող միջանցքը, ադրբեջանցիները` շրջակա շրջանները: Խնդիրը, սակայն, սրա իրագործումն է, որ ներառում է բազմաթիվ մանրամասներ ու վիճահարույց հարցեր»:

«Ըստ իս, ամենամեծ խնդիրն այն է, որ այժմ կողմերը միմյանց հետ են խոսում, այն դեպքում, երբ պետք է քննարկումներ անցկացնեն ներքին լսարանում: Ես հասկանում եմ, որ դա հեշտ գործընթաց չէ թե՛ Հայաստանի, որը ակտիվ եւ համեմատաբար ժողովրդավար քաղաքական համակարգ ունի, թե՛ ոչ ժողովրդավար Ադրբեջանի համար: Այդուամենայնիվ, առանց ժողովուրդներին որոշակի բացատրություններ տալու, որեւէ մեկը չի կարող առաջընթաց արձանագրել»,- ասել է փորձագետը:

Ամենադժվարին հարցը, ըստ բրիտանացի Թոմաս դե Վաալի, վերաբերում է Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի շուրջ հանրաքվե անցկացնելու գաղափարին, որը կողմերից յուրաքանչյուրը փորձելու է տանը յուրովի եւ ի շահ իրեն ներկայացնել. «Հայկական կողմը պնդելու է, որ դա հանգեցնելու է Ղարաբաղի վերջնական անկախությանը, Ադրբեջանը` թե դա թույլ է տալու պահպանել իր տարածքային ամբողջականությունը: Ակնհայտորեն, քվեարկությունը հետաձգելու գաղափարը նպատակ ունի ժամանակ շահել` տեղում իրավիճակը կայունացնելու եւ մարդկանց իրական փոփոխությունները ցույց տալու համար: Այդուամենայնիվ, սա մի հարց է, որին կողմերը վաղ թե ուշ ստիպված են լինելու վերադառնալ»: Իսկ ամերիկյան հեղինակավոր «Foreign Policy» ամսագրի հոդվածագիր Սթիվ Լեւայնը երեկ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի խնդրին` «Սխալ հաշվարկների վտանգը Լեռնային Ղարաբաղի մոռացված պատերազմում» (The danger of miscalculation in the forgotten war over Nagorno-Karabakh) վերնագրված հոդվածում գրել է` տարեսկզբից բուռն իրադարձությունները ցնցում են այնպիսի վայրեր եւ երկրներ, որտեղ ժամանակը, թվում էր, թե առհավետ կանգ է առել: «Այդ իրադարձությունների հետեւանքներից մեկը դարձել է նավթի գնի լիակատար անկանխատեսելիությունը. մի ամիս նավթի գինը 114 դոլարի է հասնում, հաջորդ ամիս` 90-ի: Ինչպես նշում են թրեյդերները, Մերձավոր Արեւելքում խնդիրները սպառնալիք են ստեղծում նավթի համաշխարհային մատակարարման համար… շուկան, սակայն, իր հաշվարկներում բացառում է Ադրբեջանին, չնայած որ վերջինս վերջին 5 տարիների ընթացքում համաշխարհային շուկային տարեկան 800-ից մինչեւ 1 մլն բարել բարձրորակ նավթ է մատակարարում: Չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանը հազիվ թե կարողանա ցնցել նավթի շուկան, այդուհանդերձ, ամեն ինչ այլ կերպ կարող է լինել,- գրել է նա` ավելացնելով,- Առնվազն վերջին երկու տարիների ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ նրա նախարարների մի մասը Հայաստանի հետ ճոռոմ եւ անհեթեթ վիճաբանության մեջ են մտել: Այս ամսվա ընթացքում Ադրբեջանի ՊՆ ներկայացուցիչը հայտարարեց, որ վերջին հաշվով իր երկիրը կարդարացնի իր ժողովրդի, կառավարության եւ գերագույն հրամանատարի հույսերը եւ թշնամուց կազատագրի օկուպացված տարածքները: Վերջին տարիների ընթացքում Ադրբեջանը վերազինվում է եւ իր բանակի վրա Հայաստանի ողջ բյուջեից ավելի շատ գումար ծախսում… Երեկ դիվանագետներն ինձ ասացին, որ Կազանում բանակցությունների ժամանակ, երկու կողմերը, ինչպես երբեք, մեծ ցանկություն կդրսեւորեն` նախնական պայմանավորվածություն ձեռք բերելու համար, որը կարող է առավել երկար բանակցային գործընթացի հանգեցնել: Ընկերներս ասում են, որ չափավորեցնեմ իմ լավատեսությունը: Երեւում է, որ նրանց արժե լսել` պատրաստ լինելու համար»: