Լավատեսների երկիր Հայաստանը

25/06/2011 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Կենտրոնական բանկն օրեր առաջ հրապարակել էր գործարար ակտիվության եւ տնտեսական ակտիվության ինդեքսները, որոնց համաձայն՝ հայաստանյան գործարարները մեծ լավատեսությամբ են նայում ապագային։

Առաջին միտքը, որ ծագում է մարդու գլխում, հետեւյալն է՝ ինչպե՞ս կարելի է հասկանալ այդ լավատեսությունը, եթե անգամ խոշոր գործարարները կամաց-կամաց հիասթափվում են եւ իրենց կապիտալը առանց ավելորդ աղմուկի տեղափոխում արտասահման։ Հետո հասկանում ես, որ միգուցե այդ լավատեսությունը պայմանավորված է հենց արտասահմանում գործունեություն ծավալելու վարդագույն հեռանկարով։ ԿԲ-ն երեկ հրապարակել է հաջորդ ինդեքսը՝ «Սպառողների վստահության ինդեքսը», որը նույնպես հետաքրքիր մտորումների տեղիք է տալիս։ Այն կազմված է երկու բաղադրիչներից՝ ընթացիկ պայմանների ինդեքսից եւ ապագա պայմանների ինդեքսից։ Ընթացիկ պայմանների ինդեքսը 2011թ. երկրորդ եռամսյակում 4.3%-ով գերազանցում է նախորդ տարվա առաջին եռամսյակի ինդեքսը։ Այլ կերպ ասած՝ Հայաստանի սպառողներն այս տարի իրենց վիճակը, խոշոր գնումներ իրականացնելու փաստը, եկամուտները եւ ՀՀ տնտեսության վիճակն ավելի բարվոք են գնահատում, քան նախորդ տարի։ Սակայն այստեղ հարկ է ուշադրություն դարձնել, որ խոսքը վերաբերում է ընթացիկ իրավիճակը դրական գնահատողների աճին։ Իսկ թե հարցվածների քանի՞ տոկոսն են դրական գնահատականներ տվել, պատասխաններից երեւում է, որ վիճակն այնքան էլ փայլուն չէ։ Այսպես, այս տարվա երկրորդ եռամսյակում խոշոր գնումներ իրականացրել են հարցվածների 48.6%-ը (նախորդ տարվա ցուցանիշը՝ 47.1), իսկ եկամուտների դրական փոփոխության մասին նշել են 40%-ը։ Ինչ վերաբերում է ՀՀ ներկայիս տնտեսական վիճակի գնահատականներին, ապա դրական արտահայտվել են 29.4%-ը։ Ցանկության դեպքում սա կարելի է համարել նաեւ իշխանությունների վարկանիշը։

Երկրորդ՝ ապագա պայմանների ինդեքսը, պայմանականորեն կարելի է անվանել լավատեսության ինդեքս։ Նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ այն նվազել է 0.6%-ով։ Ուշագրավն այն է, որ այս ինդեքսի երեք բաղադրիչներից երկուսը դրական են եղել։ Օրինակ՝ գալիք եռամսյակում խոշոր գնումներ իրականացնելու ակնկալիք ունեցող մարդկանց թիվն ավելացել է 1.2%-ով։ 0.2%-ով էլ ավելացել է այն մարդկանց թիվը, ովքեր ակնկալում են գալիք եռամսյակում ավելի շատ եկամուտներ ունենալ։ Փոխարենը՝ վատատեսությունն աճել է զբաղվածության հարցում։ Զբաղվածության հարցում դրական փոփոխություններ ակնկալում են հարցված տնային տնտեսությունների 55.1%-ը, մինչդեռ նախորդ տարի այդ ցուցանիշը կազմում էր 57%։ Իսկ ընդհանուր պատկերն այն է, որ մեր սպառողներն էլ, գործարարների պես, դժգոհ են, բայց լավատես։ Օրինակ, այս տարի հարցվածների 40%-ի եկամուտներն ավելացել են, սակայն գալիք եռամսյակում նման ակնկալիքներ ունեն 55.8%-ը։ Նախանձելի լավատեսության մասին խոսում է նաեւ այն փաստը, որ եկամուտների աճ ակնկալում են այն դեպքում, երբ զբաղվածության հարցում ակնկալիքները գնալով թուլանում են։ Սա տիպիկ հայկական մտածելակերպի դրսեւորումն է՝ լույսը կբացվի, բարին հետը։ Այսինքն՝ մարդիկ աշխատանք գտնելու հույս չունեն, սակայն վստահ են, որ գումար հայթայթել մի տեղից կկարողանան։

Ի դեպ, Հայաստանի գործարարներից եւ սպառողներից իր լավատեսությամբ ետ չի մնում նաեւ կառավարությունը։ Ճիշտ է՝ կառավարության լավատեսության ինդեքս ԿԲ-ն չի հրապարակում, սակայն կառավարության լավատեսության մասին պատկերացում կազմել կարելի է, օրինակ, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի խոսքերից։ «Ակնհայտ է, որ մինչեւ տարեվերջ տնտեսական աճը հանրապետությունում կպահպանվի պետբյուջեով նախատեսված` 4,6 տոկոսի սահմանում եւ նույնիսկ մի փոքր կգերազանցի նախանշված ցուցանիշը,- երեկ կայացած ասուլիսում ասել է էկոնոմիկայի նախարարն ու հավելել,- Թե որքանով աճն ավելի բարձր կլինի, կախված է մեր ջանքերից»: Թե ի՞նչն է նախարարին նման վստահություն հաղորդել, դժվար է ասել, մանավանդ որ, Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, այս տարվա առաջին 4 ամիսների աճը կազմել էր 3.7%։ Իհարկե, ինչպես եւ ենթադրում էինք, մեր իշխանությունները գերադասում են նկատել միայն ամսական ցուցանիշը, որը մայիսին շատ պլպլան էր. տնտեսական ակտիվության ցուցանիշը 9.9% է, իսկ արդյունաբերության ոլորտը նախորդ տարվա մայիսի համեմատ երկնիշ աճ էր գրանցել։ Տ. Դավթյանը հատկապես ոգեւորիչ է համարել արդյունքները հենց արդյունաբերությունում՝ նշելով, որ 10-12 տոկոս աճով արդյունաբերությունը դարձել է տնտեսության շարժիչ ուժը: Նախարարը նաեւ հերքել էր այն կարծիքը, որ աճն արձանագրվում է միայն հանքարդյունաբերությունում։ Նրա խոսքերով, աճ եղել է բոլոր ոլորտներում, իսկ ամենից շատ աճել է մեքենաշինությունը։ Ընթերցողի համար նշենք, որ մեքենաշինություն կոչվածը, եթե անգամ դրա մեջ ներառենք համակարգիչների եւ էլեկտրոնային սարքավորումների արտադրությունը, կազմում է ամբողջ արդյունաբերության ընդամենը 1%-ը, եւ դրա անգամ 10-անգամյա աճը չէր կարող էական ազդեցություն ունենալ արդյունաբերության ընդհանուր ցուցանիշի վրա։ Այդուհանդերձ, Տ. Դավթյանը մի երկու գործոն նշել է, որոնք կարող են դրական ազդել տնտեսության վիճակի վրա։ Առաջինն այն է, որ կառավարությունը, հանուն մեր երկրի բարօրության, «շեղվել է դասական տնտեսական քաղաքականության սկզբունքներից»` աջակցություն ցուցաբերելով կոնկրետ ձեռնարկություններին: «Այդ մոտեցումներն ինչ-որ առումով նոր են. ավելացված արժեքի հարկի վճարման հետաձգում, մաքսային ռեժիմի փոփոխություն, նոր արտադրությունների խթանում»,- ասել է նախարարը: Իսկ երկրորդ գործոնը կադրային բարեփոխումներն են։ Տ. Դավթյանի խոսքերով, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կատարվել են էական կառուցվածքային փոփոխություններ, ամբողջությամբ իրականացվել է կադրային համալրում: Մասնավորապես` Փոքր եւ միջին բիզնեսի Զարգացման ու աջակցման կենտրոնի (ՓՄՁ ԶԱԿ) նոր տնօրեն է նշանակվել Տիգրան Հարությունյանը, Որակի տեսչությունում` Տիգրան Խալիկյանը: Գների կարգավորման կենտրոնի տնօրեն է նշանակվել Վահե Ջուղարյանը: Քիչ էր մնում մոռանայինք։ Ամերիկացիներն ասում են` last, but not the least (վերջինը, բայց ոչ պակաս կարեւորը). նախարարն ունի նաեւ նոր խորհրդական` Իգոր Զարգարյանը, ով պատասխանատու է արդյունաբերական քաղաքականության համար: Սա կարեւոր է ոչ միայն նոր խորհրդականի մասնագիտական որակներով, այլ՝ ցույց է տալիս, որ քաղաքական որոշում է կայացվել` ուշադրությունը կենտրոնացնել ոչ թե պոռնոգրաֆիայի, այլ արդյունաբերության վրա (հիշեցնենք, որ նրա նախկին խորհրդականը աշխատանքից ազատվեց մի միջոցառման ժամանակ հեռախոսով նման տեսանյութեր նայելու պատճառով)։ Այնպես որ, միգուցե լավատեսությունն իրոք արդարացված է։