2008թ. հոկտեմբերից մինչեւ օրս Ձեզ հասցեագրած իմ դիմումներն ու դիմում-բողոքները մնացին անպատասխան:
2011թ. ապրիլի 4-ին եւ մայիսի 6-ին կրկին դիմումներ ներկայացրի այն խնդրի մասին, ինչ տեղի էր ունեցել Ձեր համակարգի Արվեստի ինստիտուտում: Վերջին երկու դիմումներն էլ կրկին մնացին անպատասխան: Ավելացնեմ, որ դիմումին պատասխանելը օրենք է, դա քաղաքացու սահմանադրական իրավունքն է եւ առավել եւս` ղեկավարի պարտականության ու վերաբերմունքի չափանիշ: Դուք իմ դիմումի վրա մակագրել եք՝ կցել գործին: Տեղյակ եմ պահում, որ ես Ձեր համակարգում չեմ աշխատում եւ անձնական գործ չունեմ: Պարզվեց, որ այդ դիմում-բողոքը Ձեր հանձնարարությամբ եւ մակագրությամբ կցվել է ընդհանուր բաժնի դիմումների թղթապանակում պահվող նյութերին: Չէ` որ արխիվային այդ փաստաթղթերը սերունդները կարդալու են. ի՞նչ կմտածեն ձեր մակագրությունների եւ դիմումներն անպատասխան թողնելու մասին:
Կարծում եմ` Ձեր պարտքն էր դիմումին արձագանքել եւ, որ տրվեր պատասխան: Բայց քանի որ դուք պատասխան չունեք, այդ պատճառով էլ դիմումներն ուղարկվեցին արխիվ: Այժմ ստիպված եմ հանրությանը լրատվության միջոցներով ներկայացնել դիմումներում բարձրացված հարցերը, որին դուք լավ ծանոթ եք:
2008թ. հոկտեմբերի 30-ին Արվեստի ինստիտուտի 016 աստիճանաշնորհող խորհրդում տեղի ունեցավ «Չարենցը եւ արվեստը» թեմայով իմ դոկտորական ատենախոսության պաշտպանությունը: Պաշտպանությունից հետո երեք ժամ տեւած քվեարկության արդյունքում պարզվեց, որ խորհրդի 13 անդամներից ինձ ձայն են տվել
8-ը, 2 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր, իսկ խորհրդի 3 անդամներ դեմ են քվեարկել: Ես կորցրի (0,5, կես) ձայն, եւ խորհուրդը չհաստատեց պաշտպանությունը:
Պաշտպանությունից հետո պարզվեց, որ Աննա Ասատրյանը (գիտ. թեկնածու) խորհրդի անդամ չէր, բայց մասնակցել է խորհրդին, դարձել ձայներ հաշվող հանձնախմբի անդամ, դեմ քվեարկել եւ կեղծել 2 քվեաթերթիկ: Իմ բողոքների եւ կեղծիքների հիման վրա, Ձեր առաջարկությամբ ԲՈՀ-ի նախագահությունը 2008թ. դեկտեմբերի 19-ին լուծարեց 016 աստիճանաշնորհող խորհուրդը՝ առանց պատժելու մեղավորներին եւ ոչ էլ օգնելու տուժողին:
Դուք որպես ԲՈՀ-ի խորհրդի անդամ` իրավունք ունեիք ըստ կանոնակարգի «Որակավորման գործի քննարկումը ԲՈՀ-ում» բաժնի 33-րդ կետի համաձայն` առաջարկել նաեւ բեկանելու գիտական աստիճաններ շնորհող խորհրդի որոշումը, իսկ 34-րդ կետի համաձայն, եթե նկատվել են կանոնակարգի խախտումներ, ապա ԲՈՀ-ը աշխատանքը վերադարձնում է Խորհուրդ՝ կրկնակ քննարկման ու քվեարկության: Սակայն այդ քայլին չդիմեցիք: Ձեզ հասցեագրված իմ դիմումում առաջարկել էի որպես թյուրիմացություն դուրս հանել Աննա Ասատրյանի կողմից կատարված կեղծիքը եւ փոխել եզրակացությունը: Այդ պայմաններում խորհրդի 12 անդամներից իմ օգտին քվեարկած 8 ձայնը լիարժեք էր իմ դոկտորական ատենախոսությունը հաստատելու համար: Ես փորձեցի Ձեր միջոցով եւ խաղաղ ճանապարհով շտկելու թույլ տված կեղծիքներն ու խարդախությունները: Սակայն դուք պաշտպանեցիք կեղծիքն ու անազնվությունը, շարունակեցիք հովանավորել նրանց: Աշխարհի որեւէ երկրի գիտական խորհրդում նախադեպը չունեցող այդպիսի փաստ չի արձանագրվել: Եթե այստեղ այդ անթույլատրելի փաստը կատարվել է, փորձեք ուղղել: Մի՞թե Աննա Ասատրյանի ներգործության դաշտն այնքան հզոր է, որ անհնար է շտկել նրա եւ ղեկավարի թույլ տված սխալները: Ինչպե՞ս կարելի է հրապուրվել ցամաքած աղբյուրով:
Ազգային ակադեմիայում չկա գիտական մթնոլորտ: Այնտեղ իշխողը բիզնեսն է: Հանրապետության նախագահը, Ազգային ժողովը, Կրթության եւ գիտության նախարարությունը պայքարում են կաշառքի ճանապարհով գիտնականների թիվն ավելացնելու դեմ, սակայն արված քայլերն օգուտ չեն տալիս, ամեն ինչ նույնն է եւ շարունակելի: Ձեզ իմ ընծայագրով ուղարկված քննադատական հինգ գրքերը ասված փաստերի վկայագրերն են: Իմ քննադատական ու հրապարակախոսական հրատարակումները երբեք անձնական չեն եղել եւ չեն լինելու: Այն, ինչ ես տեսնում, զգում եւ գրում եմ, փորձեք որպես գիտնականի զգալ ձեր մաշկի վրա, մի պահ Ձեզ պատկերացրեք իմ տեղը: Հավատացած եմ, ավելի խիստ մեթոդների կդիմեիք: Փաստորեն ինձ ստիպում եք դիմել ավելի խիստ չարագործությունների:
Ցանկացած խնդրի պետք է տրամաբանական լուծում տալ, որն է Ձեր լուծումը՝ անտեսել մարդուն, թաքցնել նրա նկատմամբ թույլ տված կեղծիքները, արհամարհել դիմումի հեղինակին, չպատասխանել առաջ քաշած հարցերին: Եթե հանդուրժում եք կեղծիքն ու հովանավորում կեղծարարներին, ուրեմն լուրջ փորձություններ ունենք:
Գիտության եւ արվեստի ոլորտում ամեն հեռացող պետք է խիստ անհանգստանա եւ նպաստի նոր եկողներին: Այս ոլորտում չարությունն ու նախանձը հակամարդկային է: Մարդիկ պետք է իրենց գործած մեղքերի համար վճարեն: Հայրենի երկրի, հողի, գիտության ու մշակույթի պաշտպանության համար մենք պարտականություններ ունենք, որն էլ պարտավորեցնում է մեզ պայքարել խարդախությունների ու կեղծիքների դեմ:
Ես սպասում եմ ազնիվ ու ճիշտ պատասխանի:
Հարգանքներով`
Ռոբերտ ԴԱՎԹՅԱՆ
22.06.2011թ.