Առանց Ն.Զոհրաբյանի

23/06/2011

«Տիկին Նաիրա Զոհրաբյանը կգա ԵԽ ԽՎ-ից եւ կպատասխանի այդ հարցին»,- երեկ մեր թղթակցին ասել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը` պատասխանելով այն հարցին, թե ԲՀԿ-ն ինչո՞ւ չի արձագանքում երկխոսության մասին նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը: Նա երեկ նաեւ հերքել է լուրերը, թե ԲՀԿ խմբակցությունը երեքշաբթի կայացած նիստի ժամանակ քննարկել է երկխոսության հարցը: Ավելի ուշ, սակայն, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը մեր թղթակցին ասել է, թե խմբակցությունն այլ հարցերի շարքում քննարկել է նաեւ այդ թեման, թեեւ դա օրակարգում չի եղել: Իսկ երեկ օրվա վերջում արդեն ԲՀԿ-ն իր պատգամավոր Վահե Էնֆիաջյանի միջոցով անդրադարձավ երկխոսության թեմային: «ԲՀԿ-ն ողջունել ու ողջունում է երկխոսության գաղափարը, որը երկրում տեղի է ունենում, եւ պատրաստ է իր հնարավորությունների եւ լիազորությունների սահմաններում համապատասխան մարդկային, կադրային տեսանկյունից եւ առաջարկությունների տեսանկյունից սատարել այս գաղափարը»,- ասել է նա: