Սուսերամարտով զբաղվելու համար անհրաժեշտ է ունենալ թե՛ ֆիզիկական, թե՛ ինտելեկտուալ բարձր տվյալներ: Սուսերամարտիկը պետք է ունենա սուր զգացողություն, արագ մտածելու եւ կողմնորոշվելու կարողություն, տրամաբանություն եւ պետք է կարողանա ախոյանին խոցելով գտնել նրա թույլ կողմերը: Այն համարվում է ազնվական մարզաձեւ: Օրինակ, եվրոպական երկրների նախագահները հակված են այս մարզաձեւի միջոցով զարգացնել վերոնշյալ ունակությունները: Աշխարհում սուսերամարտը ոչ միայն մարզաձեւ է, այլեւ կենսակերպ, տարերք: Հայաստանում սուսերամարտի վարպետ Ալբերտ Գրիգորյանը շատերի համար լեգենդ է եւ հայաստանյան խոցասուսեր, թրասուսեր եւ ճկասուսեր մարզաձեւերի հաջողությունները նրա հետ են կապվում: «Հայաստան մարզական միության» Նորագավիթի սուսերամարտի մանկապատանեկան մարզադպրոցում երեկ կայացավ Սովետական Միության վաստակավոր մարզիչ, Հյուսիսային Կովկասի սուսերամարտի հիմնադիր, սուսերամարտի չեմպիոն Ալբերտ Գրիգորյանին նվիրված հուշամրցաշար: Սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանի հավաստմամբ՝ մրցաշարը կլինի ավանդական, իսկ առաջիկա տարիներին այն կվերածվի միջազգային մրցաշարի, որին կմասնակցեն 20-30 երկրների սուսերամարտիկներ: Ալբերտ Գրիգորյանի որդի Սամվել Գրիգորյանին, որը խոցասուսեր մարզաձեւում Հայաստանի հավաքականի վառ ներկայացուցիչն է, ֆեդերացիան գավաթ շնորհեց: Հայաստանի սուսերամարտի հավաքականի մենամարտն իսկական ներկայացում էր: Պատանիները զարմացրին իրենց ճկունությամբ, տեխնիկական եւ տակտիկական պատրաստվածությամբ: Մրցաշարում առաջին տեղը գրավեց «Հայաստան մարզական միության» Նորագավիթի մարզադպրոցի սան սուսերամարտիկ Էդգար Ավետիսյանը, երկրորդ տեղը զբաղեցրեց Միքայել Ղազարյանը, իսկ երրորդ տեղում էին Հակոբ Սարոյանն ու Արմեն Նավասարդյանը: Սուսերամարտի վարպետ Սամվել Գրիգորյանը, Սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանը եւ Արաբկիրի թաղապետարանի ներկայացուցիչները հաղթողներին հանձնեցին պատվոգրեր եւ գավաթներ: Ֆեդերացիայի նախագահը նշեց, որ պատանիների հավաքականը վարպետական մրցաշարերի է մասնակցել եւ լուրջ հաջողությունների է հասել: Վերջինս վստահեցրեց, որ մյուս տարվանից ֆեդերացիան ԱՊՀ-ում կունենա ուսումնամարզական հավաքներ եւ միջազգային մրցաշարեր: