Երեկ Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը շրջայցեր է կատարել Շենգավիթ եւ Նոր Նորք վարչական շրջաններում: Մեր տեղեկություններով, Կ. Կարապետյանը դժգոհ է եղել հատկապես Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Սարգիս Հովհաննիսյանից` ասելով, թե բավարար չափով չեն կատարում տուրքերի հավաքագրումը, եւ այլն: Մեր աղբյուրների փոխանցմամբ` Կ. Կարապետյանը Ս. Հովհաննիսյանին հորդորել է կադրային փոփոխություններ կատարել եւ «ջահելներ» ներգրավել այդ գործում: Սակայն, նույն աղբյուրի փոխանցմամբ` իրականում Կ. Կարապետյանը նման դժգոհություններով «հող է նախապատրաստում» Ս. Հովհաննիսյանի պաշտոնանկության համար: Բանն այն է, որ Կարապետյանը ցանկանում է Հովհաննիսյանի փոխարեն այդ պաշտոնում նշանակել Շենգավիթ համայնքի նախկին թաղապետ, ներկայումս ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մարտին Սարգսյանի եղբորը` Արմեն Սարգսյանին: