Ուրբաթ օրը Կազանում տեղի կունենա Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը` ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, Երեւանի եւ Բաքվի պաշտոնական ներկայացուցիչների մեկնաբանություններն այս անգամ աչքի են ընկնում լավատեսությամբ. Կազանում կարող է նկատելի առաջընթաց գրանցվել: Ի՞նչ առանձնահատկություն ունի Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի այս հանդիպումը, որ տեղի է ունենալու Դմիտրի Մեդվեդեւի միջնորդությամբ, եւ ինչի՞ հետ են կապված մեծ հույսերը. այս մասին մեզ հետ զրույցում իր տեսակետն է արտահայտում պաշտոնաթող դեսպան, Ռուս դիվանագետների ասոցիացիայի նախագահի առաջին տեղակալ
Վլադիմիր Կազիմիրովը: 1992-1996 թթ. նա եղել է Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավարը, ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչը Լեռնային Ղարաբաղի հարցերով եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի մասնակիցն ու համանախագահը:
– Ի՞նչ առանձնահատկություն ունի երեք նախագահների կայանալիք հանդիպումը:
– Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը, որը կայանալու է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի աջակցությամբ, եւ որը նախատեսված է անցկացնել հունիսի 24-ին` Թաթարստանի մայրաքաղաք Կազանում, մեծ ուշադրություն է գրավում նրանով, որ տեղի է ունենալու երկու ուղիների խաչմերուկում. կամ կհամաձայնեցվեն սկզբունքները, որոնց հիման վրա Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները կսկսեն Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությամբ մշակել ղարաբաղյան հակամարտության դադարեցման խաղաղ համաձայնագիրը, կամ հարցի լուծումը հերթական անգամ տեղում կդոփի, եւ դրան կհետեւեն նոր բանակցություններ` չնայած Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների կոշտ դիրքորոշմանը, որն արտահայտված է վերջիններիս` Դովիլում կայացած հանդիպման ժամանակ արված հայտարարության մեջ:
Կան նաեւ էլ ավելի մռայլ կանխատեսումներ` ընդհուպ մինչեւ ռազմական գործողությունների վերսկսման վտանգը, սակայն Դովիլը նախազգուշացրեց, որ ուժի գործադրումը կդատապարտվի միջազգային հանրության կողմից: Թող ում պետք է, մտահոգվի այդ մասին: Եվ Ղարաբաղի պատերազմն էլ դաս էր, որ տեղի ունեցավ սխալ հաշվարկների հետեւանքով:
– Ըստ Ձեզ` որքանո՞վ են հիմնավորված միջնորդների, նաեւ բանակցությունների մասնակիցների լավատեսական բազմաթիվ հայտարարությունները:
– Կազանում կայանալիք հանդիպման ելքը դեռ պարզ չէ: Շատ բան կախված է նրանից, թե Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները մադրիդյան սկզբունքներում կգտնե՞ն արդյոք իրական եւ հնարավոր զիջումների ու ձեռքբերումների գոնե մոտավոր բալանս, կկարողանա՞ն դրանում համոզել իրենց երկրների հասարակություններին: Բաքուն ամենից առաջ կցանկանար աստիճանաբար վերադարձնել Ղարաբաղյան պատերազմում իր թույլ տված սխալների հետեւանքով կորցրած շրջանները: Սակայն նա ուզում է դրան հասնել «ձրի»` ի հաշիվ այն բանի, որ «բռնազավթումն» ինքնին անընդունելի բան է: Ընդ որում` նա ուզում է նվազագույնի հասցնել իր պարտավորությունները ԼՂ անվտանգությունը երաշխավորելու եւ բնակչության կամքն արտահայտող իրավաբանորեն պարտավորեցնող միջոցառում` պլեբիցիստ անցկացնելու հարցում` ԼՂ վերջնական կարգավիճակի որոշման համար: Հայերը կարող են սկսել զորքը սահմանից հեռացնելու գործընթացը միայն այն բանից հետո, երբ երաշխավորված կլինի Լեռնային Ղարաբաղի վրա նոր հարձակումների բացառումը, քանի որ նրանց կողմից ցանկացած շրջանի հանձնումը կխախտի երկրի պաշտպանության սահմանները: Նրանց պետք չէ ԼՂ կարգավիճակի հարցով հանրաքվեի անցկացման ձգձգումը եւ անընդունելի են Ադրբեջանի փորձերը` «բնակչության կամքի արտահայտումը» տանել դեպի ինքնավարություն: Հողերի ազատագրման ամենակարճ ուղին կլիներ ուժ չկիրառելու մասին համաձայնագիրը` միջազգային երաշխիքների հետ միասին, սակայն այդպիսի համաձայնագրի կնքումը սպառնալիքների, սպառազինությունների մրցավազքի եւ միջադեպերի հրահրման բազմամյա քաղաքականությունից հետո հիմնավորապես կվարկաբեկեր Բաքվին, թեեւ դրանում ուրիշ ոչ ոք մեղավոր չէ:
Դատելով մի շարք անհամապատասխանություններից, իսկ երբեմն էլ` կողմերի ծայրահեղ հակառակ դիրքորոշումներից` նրանք ստիպված կլինեն հետաձգել դժվարին հարցերի լուծումը ավելի ուշ ժամանակների` թողնելով դա համաձայնագրի մշակման բուն փուլին: Եթե անգամ Կազանը նվիրի կարգավորման սկզբունքներ, համաձայնագրի վրա աշխատանքը բավականին ժամանակ ու ջանքեր կպահանջի:
– Հայկական կողմը գնալով ավելի համառորեն է խոսում Լեռնային Ղարաբաղին բանակցություններում ընդգրկելու անհրաժեշտության մասին: Ստեփանակերտն ինքն էլ է հայտարարում, որ առանց իր համաձայնության ոչ մի համաձայնագիր չի կարող իրագործվել: Ինչպե՞ս վարվել:
– Նոր խնդիրներ են կուտակվում: Ո՞վ պետք է մասնակցի համաձայնագրի մշակմանը: Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը օրերս հայտարարեց. առանց ԼՂ մասնակցության եւ համաձայնության ոչ մի համաձայնագիր չի ստորագրվի: Դրան անմիջապես առարկեց Բաքուն` պնդելով ԼՂ ադրբեջանական համայնքի մասնակցության հարցը: Բանակցություններին Լեռնային Ղարաբաղի մասնակցությանը Ղարաբաղի ադրբեջանական համայնքին հակադրելու փորձերը նոր չեն: Ամենայն հարգանքով վերաբերվելով ադրբեջանական համայնքին` որպես շահագրգիռ կողմի, հատկապես ԼՂ կարգավիճակի վերջնական որոշման հարցում, այնուամենայնիվ, չի կարելի նրան համարել հակամարտության կողմ, ինչպիսին եղել եւ մնում է Լեռնային Ղարաբաղը:
Այս հարցի շուրջ Ադրբեջանական Հանրապետության քարոզչության լայնածավալ նյութի մեջ քիչ չեն սխալները կամ ճշմարտության ուղղակի խեղաթյուրումները: Հիմնվելով Մինսկի գործընթացների «սկզբնաղբյուրների», «հիմքերի հիմքի» վրա (մեկ «բեյկերովյան կանոնների», մեկ 1992թ. մարտի 24-ի որոշման)` Բաքուն ըստ էության հակադրում է դրանք այն որոշումներին, որոնք ընդունվել են ԵԱՀԿ-ի կողմից ավելի ուշ եւ ավելի բարձր մակարդակով: