Ֆոնային սոցհարցո՞ւմ

22/06/2011

Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գեւորգ Պողոսյանը երեկ ներկայացրել է այս ամսվա ընթացքում անցկացրած իր սոցհարցումների արդյունքները, որը վերաբերում է իշխանություն-ընդդիմություն երկխոսությանը: 600 քաղաքացու շրջանում անցկացրած հարցումների արդյունքները, ըստ Պողոսյանի` հետեւյալ պատկերն ունեն. «Երեւանցիների 47 տոկոսը դրական է գնահատում իշխանության եւ ՀԱԿ-ի` երկխոսության գնալու քայլը: Նրանց 20 տոկոսը բացասական է գնահատել այդ գործընթացը, մյուս մասը դժվարացել է գնահատել «այn» կամ անտարբեր է դրա նկատմամբ: Բնակչությունը դրական է գնահատում այդ երկխոսությունն այն առումով, որ այնտեղ տեսնում է ինչ-որ հանգուցալուծում»,- ասել է Գ. Պողոսյանը` հավելելով, թե քաղաքացիները սպասելիք ունեն, որ այդ երկխոսության արդյունքում կթուլանա ներքաղաքական լարվածությունը: Երեւանցիների 37,4 տոկոսը կարծում է, որ երկխոսության գործընթացից կշահի իշխանությունը, իսկ մոտ 24 տոկոսը նշել է, որ այդ գործընթացի կայացման դեպքում կբարձրանա արմատական ընդդիմության վարկանիշը: «Իմ կարծիքով` շատ փոքր երկրում, ինչպիսին է Հայաստանը` միկրոսկոպիկ Հայաստանը, բաժանարար գծեր քաշել ու երկխոսել տարբեր երկրների ղեկավարների, պատվիրակությունների մակարդակով, մի քիչ լուրջ չի, չասենք` ծիծաղելի, բայց լուրջ չի»,- ասել է Գեւորգ Պողոսյանը` տեղեկացնելով, թե իր հրապարակած տվյալները ներկայացնում են ֆոնային ուսումնասիրություն, որը չպետք է հիմք հանդիսանա քաղաքական լուրջ հետեւություններ անելու համար: Ավելին, նա իր իսկ ներկայացրած սոցհարցման տվյալներում ընդամենը 3 տոկոս ճշգրտություն է տեսնում: Այս ամենով հանդերձ, Պողոսյանը երեկ նաեւ հայտարարել է, թե իր ղեկավարած ասոցիացիան պարզել է, որ եթե առաջիկա կիրակի լինեին խորհրդարանական ընտրությունները, ապա բնակչության 26,7 տոկոսն իր ձայնը կտար ՀՀԿ-ին, մոտ 19 տոկոսը` ԲՀԿ-ին, ավելի քան 7 տոկոսը` ՀՅԴ-ին եւ ՀԱԿ-ին, 4,6 տոկոսը` «Ժառանգությանը», 4,1 տոկոսը` ՕԵԿ-ին: «Հասարակության տրամադրվածությունը գալիք ընտրությունների նկատմամբ ընտրություններից երեք ամիս առաջ ճշտելն անիմաստ է, քանի որ դա հետաքրքիր է միայն գիտնականներին, լրագրողներին: Իրադարձություններ կլինեն, որոնք լուրջ փոփոխություն կբերեն մարդկանց քաղաքական կողմնորոշման հարցում, կուսակցությունները դեռ պետք է իրենց կողմնորոշումներն արտահայտեն, որպեսզի ընտրողները կարողանան քվեարկել այս կամ այն կուսակցության օգտին»,- պարզաբանել է նա` կրկին հայտարարելով, թե իր ներկայացրած այս թվերը նույնպես «ֆոնային» են: