ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը երեկ «Ա1+»-ին տված հարցազրույցում ասել է, թե ՀԱԿ-ում չեն կիսում շրջանառվող տեսակետը, թե իրենք Սերժ Սարգսյանի հայտարարությանն անդրադառնալու են Կազանում նախատեսված նախագահների հանդիպումից հետո:
«Մենք այդ հարցը որեւէ այլ խնդրի հետ չենք կապում»,- ասել է նա: Միաժամանակ նշել է, թե ինքն ըմբռնումով է մոտենում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի այն հայտարարությանը, թե իշխանությունները սպասում են ՀԱԿ-ի արձագանքին. «Բնական է, որ իշխանությունները սպասում են, քանի որ ՀԱԿ-ն իսկապես շատ լուրջ է քննարկում, թե ինչպիսին կլինի ՀԱԿ-ի դիրքորոշումը Սերժ Սարգսյանի տված պատասխանի վերաբերյալ: Ս. Սարգսյանի հայտարարության մեջ անհստակություններ կային, նաեւ բազմիմաստ երանգներ: Այն պետք է լրջորեն քննարկել, եւ ես չեմ կարող ասել, թե դեռ որքան կքննարկենք»,- ասել է Զուրաբյանը: Ինչ վերաբերում է վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնանկության մասին լուրերին, ապա Լեւոն Զուրաբյանն ասել է. «Այն, որ մենք պահանջել ենք վարչապետի հրաժարականը, դա փաստ է: Մենք պահանջել ենք նրա եւ մի քանի պաշտոնյաների հրաժարականը, քանի որ սա ձախողված կառավարություն է: Դա ինչպե՞ս է քննարկվում կառավարության միջանցքներում, ես չեմ կարող ասել: Դա մեր պահանջներից մեկն է, մենք քայլ առ քայլ գնալու ենք մեր նպատակների իրականացմանը, որոնցից ամենակարեւորն է ՀՀ-ում լեգիտիմ իշխանությունների ձեւավորումը` արտահերթ նախագահի եւ խորհրդարանի ընտրությունների միջոցով»,- ասել է նա:
Իսկ հարցին, թե` Կազանում նախատեսված Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպումը կարո՞ղ է նպաստել ՀՀ-ում արտահերթ ընտրությունների անցկացմանը, նա պատասխանել է. «Կազանումը միայն կարող են արձանագրել այն ձախողումները, որոնք կան ԼՂ հիմնախնդրում: Անգամ, եթե Կազանում որեւէ փաստաթուղթ չստորագրվի, որը լուրջ բեկում է մտցնում կարգավորման հարցում, միեւնույն է` ամեն ինչ վկայում է այն մասին, որ այն արտաքին քաղաքական կուրսը, որը վարվում է Հայաստանի իշխանությունների կողմից, դա ձախողված կուրս է, եւ դրա հիմնական պատճառը պետք է գտնել ներքին խնդիրների մեջ: Ոչ լեգիտիմ, ոչ կոմպետենտ, կոռումպացված իշխանությունները չեն կարող հաջողել որեւէ հարցում»: