Ուր ձեւավորվում են գները

22/06/2011 Արա ԳԱԼՈՅԱՆ

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո էլ դժվար է միանշանակ պնդել, որ «Մոսկովն աշխարհի կենտրոն» չէ: Բելառուսի, Ուկրաինայի, Միջին Ասիայի եւ Անդրկովկասի բնակիչների մի մասն այդ պնդման հետ չի համաձայնի: Պաշտոնական տվյալներ չկան, թե որքան հայ եւ հայաստանցի է ապրում Ռուսաստանի մայրաքաղաքում: Փորձագիտական տվյալներն էլ խիստ տարբեր են: Ըստ դրանց` միայն Մոսկվայում 500-800 հազար հայ է ապրում: (Իսկ Ռուսաստանում աշխատանք ու ապաստան գտած հայերի թիվը, ըստ նույն փորձագետների տվյալների` մոտ 2մլն է): Վերջին տարիներին անընդհատ աճող ռուսաստանյան Սփյուռքը առանձնահատուկ դերակատարում ունի Հայաստանի տնտեսական կյանքում: Պաշտոնական տվյալներով` տրանսֆերների առյուծի բաժինը` 80-90 տոկոսը, Հայաստան է առաքվում հենց Ռուսաստանից: Դա որոշակի աշխուժություն էր հաղորդում մեր տնտեսությանը: Բայց մի քանի տարի առաջ ձեւավորվեցին առանձին գործընթացներ, որոնք հսկայական ազդեցություն ունեն մեր տնտեսական կյանքի վրա: Որքան էլ տարօրինակ է, հենց Մոսկվայում են ձեւավորվում գյուղատնտեսական շատ մթերքների գներ: Խոսքը հայաստանյան արտադրության գյուղմթերքների գների մասին է: Մոսկվաբնակ 500-800 հազարանոց հայկական համայնքն իր գնողունակությամբ համադրելի չէ հայաստանցիների գնողունակության հետ: Աշխատանքի (հաջողության դեպքում նաեւ բնակություն հաստատելու) նպատակով ժամանած մեր հայրենակիցներն են ձեւավորում գյուղմթերքների արտահանման կառուցվածքը: Հենց նրանք են Մոսկվա արտահանվող գյուղմթերքների սպառողը: Այս օրերին ծիրանի, կեռասի եւ մյուս մրգերի լավագույն բերքի սպառողները հենց մոսկվաբնակ մեր հայրենակիցներն են: Առաջին բերքը հենց Մոսկվա է արտահանվում: Ռուսաստանի մայրաքաղաքն աշխարհի ամենաթանկ քաղաքներից է: Սպառողական գներն այստեղ մի քանի անգամ բարձր են հայաստանյան գներից: Մոսկվա մեկնելուց առաջ ինձ էլ, բոլորի նման, հետաքրքրում էր, թե ինչ գնով է Երեւանում շուկա հանվելու ամենահայկական միրգը` ծիրանը: Սակայն շուկայում դեռ ծիրան չկար: Մոսկվայում հասկացա, որ առաջին բերքը մանրակրկիտ ընտրվել ու առաքվել է Ռուսաստանի մայրաքաղաք: Մոսկվայի հայ համայնքի մեծ մասն առաջին սերնդի էմիգրանտ է: Հետեւաբար` նրանց սպառողական ճաշակը ձեւավորվել է պատմական հայրենիքում: Սննդամթերքի նկատմամբ նրանց ճաշակն էլ գնագոյացման տեսանկյունից վճռական գործոն է մեր ներքին շուկայում: Արարատյան դաշտավայրի մրգի ու բանջարեղենի լավագույն բերքն արտահանվում է Մոսկվա: Պարզ շուկայական կանոնների համաձայն: Որովհետեւ մոսկվաբնակ մեր հայրենակիցները վստահ են, որ Հայաստանում աճած պոմիդորն ու կանաչին, կեռասն ու դեղձը նախ` ամենահամովն են, երկրորդ` էկոլոգիական իմաստով ավելի մաքուր: Եվ որ ամենակարեւորն է` նրանք ի վիճակի են սպառել պատմական հայրենիքից առաքվող թանկ սննդամթերքը: Մոսկվան բավական ցոփ քաղաք է: Այստեղ վաճառքում կարելի է գնել եւ եվրոպական, եւ ասիական, եւ ամերիկյան պտուղ-բանջարեղեն: Բայց հայ սպառողի քիմքին ամենահարմարը հայրենականն է: Մոսկվայի առավել ապահովված հայերը ընտանեկան տոներն ու միջոցառումները հիմնականում նշում են հայկական ռեստորաններում: Բոլորը հրավիրված ազգական-բարեկամների, այլազգի գործընկերների առջեւ առանձնահատուկ շուքով հպարտանում են, որ հյուրասիրության ողջ մթերքը հայաստանյան է: Մի քանի օր առաջ ես ներկա էի նման հյուրասիրության: Մատուցվող ամեն ինչ հայաստանյան ծագում ուներ: Սեղանին դրված էր Արարատյան դաշտի ընտիր միրգ ու բանջարեղեն, կանաչի, հայկական հանքային ու սովորական ջրեր, գարեջուր, հյութեր: Հատուկ հպարտությամբ նշվեց, որ խորովածի միսն ու մատուցված կարմրախայտը Երեւանից են բերված: Մինչ այդ չէի էլ գուշակի, որ հայրենական արտադրության լիմոնադները կարող են արտահանման արժանի ապրանքատեսակ լինել: Մոսկվայում զուտ հայկական թաղամաս չկա: Մեր հայրենակիցները կենտրոնացած չեն բնակվում: Այսինքն` Մոսկվայում հայկական գետտո չկա: Բայց հայերի կենցաղի մեջ ահագին բան կա, որ գետտոյական տարրեր են հիշեցնում: Այս կամ այն չափով ապահովված հայ ընտանիքները տեղաբնակների հետ բավական սահմանափակ շփումներ ունեն: Նրանց երեխաները, որպես կանոն, վճարովի` էլիտար դպրոցներ են հաճախում, բայց դպրոցից դուրս իրենց հասակակիցների հետ համարյա չեն շփվում: Հայ սպառողը Մոսկվայում քմահաճ է: Քաղաքի տարբեր հատվածների կրպակ-խանութներում լավաշ է վաճառվում: Կարելի է, օրինակ, Գավառի կամ Էջմիածնի քուֆթա գնել: Լավաշը, բնականաբար, Մոսկվայում է թխվում, քուֆթան տեղում է ծեծվում: Բայց վաճառքում շատ են հայաստանյան մթերքները` թարմ ու պահածոյացված: Տեղի համայնքի ճնշող մեծամասնությունը ինտեգրված չէ մշակութային կյանքում: Մոսկովյան հայերի մեծ մասը միայն հայկական մշակութային միջոցառումներ է հաճախում: Հայ երիտասարդությունը, որպես կանոն, ռուսաստանյան հասարակական-քաղաքական կյանքին չի մասնակցում: Փոխարենը հպարտությամբ նշում են, որ մասնակցում են ազգային միջոցառումներին: Այս ամենով հանդերձ` հայ ընտանիքներն անհանգիստ են իրենց դեռահաս ու երիտասարդ երեխաների համար: Բոլոր ծնողներն ասում են, որ դպրոցից ու աշխատանքից վերադարձող որդիների համար խիստ անհանգիստ են: Հենց դրա համար են ապահովված ընտանիքները դպրոցահասակ երեխաներին հատուկ` տրանսպորտ ունեցող կրթօջախ ուղարկում, իսկ ուսանողական տարիքի զավակների համար ավտոմեքենա գնում: Այս դեպքում երեխաները հասարակական տրանսպորտից համարյա չեն օգտվում, փողոցում քիչ են լինում եւ հնարավորինս ապահովագրված են տեղի ազգայնական` սկինհեդային բանդաների հարձակումներից: Շրջապատի ու հասակակիցների հետ նվազագույն շփումների պատճառով հայ երեխաները «տան տղա» կամ «տան աղջիկ» են մեծանում: Լա՞վ է դա, թե՞ վատ` դժվար է միանշանակ գնահատել: Ճիշտ այնպես, ինչպես դժվար է միանշանակ գնահատել մոսկովյան հայ գնողունակ համայնքի ազդեցությունը մեր տնտեսական կյանքի վրա: Մի կողմից` նրանք սպառում ու դրա դիմաց որոշակի քանակի տարադրամի մուտք են ապահովում, տրանսֆեր-օգնություն են ուղարկում: Բայց մյուս կողմից` հայաստանյան սպառողական շուկայում գնաճի ապահովման լուրջ գործոն են դարձել: Հատկապես գյուղմթերքների ու սննդամթերքի շուկայում: