ՀՀՇ անդամ Երջանիկ Աբգարյանը երեկվա ասուլիսում հայտարարել է, թե հիմքեր ունի ենթադրելու, որ հունիսի 25-ին Կազանում ինչ-որ «բան կստորագրվի»: Իսկ նման «հիմք» նրան տալիս է «ինֆորմացիոն հոսքը», ռուսական լրատվամիջոցների դիրքորոշումը, դովիլյան արձանագրությունը, տարբեր քաղաքական գործիչների եւ քաղաքագետների հայտարարությունների առատությունը: Իսկ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանն էլ ասել է. «Երեք օր հետո` կախված այն բանից, թե ինչքանով Ադրբեջանի նախագահի դիրքորոշումը կլինի կառուցողական, մենք կտեսնենք արդյունքներ»: Ի պատասխան` Ե. Աբգարյանն ասել է. «Եթե նկատի ունենանք այն հանգամանքը, թե ինչ հիմքերի վրա են առաջանալու այն լուծումները` կարգավորումը, որ պետք է տեղի ունենա, ապա մեզ համար բավական մութ հարցեր են առաջանալու: Նախ` ինչ սկզբունքների մասին է լինելու խոսքը: Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքները սկզբունքներ չեն, այլ` գործնական քայլերի ծրագիր»: Ըստ նրա` որեւէ դրական առաջընթաց այժմ ներկայացվող փաստաթղթում չկա, եւ այն նույնական է 1997թ. փաստաթղթի հետ: «Թվում է, թե Լեռնային Ղարաբաղում ինչ-որ քաոսային իրավիճակ է, եւ հիմա միջանկյալ իրավիճակ է ստեղծվում այս քաոսի հիմքի վրա»,- ասել է նա` նկատելով, թե հաշվի չի առնվել, որ նշված երկրում արդեն իսկ կա կառավարություն, ենթակառուցվածքներ, եւ որ այնտեղ ոչ թե «ուղղակի բնակչություն» է ապրում, այլ` հասարակություն: «Այստեղ ուղղակի ասվում է, որ հայկական կողմերի գրաված բոլոր հողերը պիտի վերադարձվեն»,- հայտարարել է Ե. Աբգարյանը: Նրան հակադարձել է Ա. Դավթյանը` ասելով. «Խոսքը համաձայնեցված սկզբունքների շուրջ է լինելու: Հայաստանի համար ընդունելի է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումը, հաջորդը` անվտանգությունն է: Եվ նաեւ «սկզբունքները» չի նշանակում, որ մեծ համաձայնագիր է: Ընդամենը կողմերի դիրքորոշումներն են` հիմնված ուժի չկիրառման վրա»: Նաեւ հավելել է. «Նախագահների մակարդակով ցանկացած հանդիպում արդեն իսկ առաջընթաց է, եւ դրա շնորհիվ է, որ խաղաղությունը պահպանվում է շփման գծի երկայնքով, չնայած մենք տեսնում ենք… Կարծում եմ, որ Ադրբեջանին խորհելու տեղիք կտա եւ կպատրաստի ժողովրդին խաղաղության, որ հայի թշնամական կերպարը հասարակական գիտակցության մեջ փոխվի»: Ի պատասխան, Ե. Աբգարյանն ասել է. «Լավատեսության հիմքեր քիչ ունեմ, մանավանդ Սերժ Սարգսյանի ելույթից հետո»: