Մեր թերթի նախորդ համարում «Ընտանիքի դավաճանություն, երեխա ու գորգինյանական հանձնաժողով» վերնագրով հրապարակմամբ ներկայացրել էինք Անի Մարտիրոսյանի պատմությունը, ով ամուսնուն` Գուրգեն Խալաթյանին, մեղադրում էր դավաճանության եւ բազմիցս իր նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու մեջ:
Հիշեցնենք, որ նախկին ամուսինները հինգ տարեկան երեխա ունեն, ում խնամակալությունն Արաբկիր վարչական շրջանի խնամակալության եւ հոգաբարձության հարցերի հանձնաժողովն իր եզրակացությամբ (հիշեցնենք, որ հանձնաժողովն օրենքով սահմանված կարգով ուսումնասիրություն չի կատարել եւ թույլ է տվել մի շարք խախտումներ) նպատակահարմար էր գտել հանձնվել հորը` Գ. Խալաթյանին: Երեխայի մայրը` Ա. Մարտիրոսյանը, հայց է ներկայացրել Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարան` ընդդեմ Գ. Խալաթյանի` երեխայի խնամքն ու դաստիարակությունն իրեն հանձնելու պահանջով: Գ. Խալաթյանն էլ իր հերթին Ա. Մարտիրոսյանին ծնողական իրավունքից զրկելու եւ երեխայի խնամքն ու դաստիարակությունն իրեն հանձնելու պահանջով հակընդդեմ հայց է ներկայացրել: Մենք արդեն ներկայացրել ենք Ա. Մարտիրոսյանի` նախկին ամուսնու դավաճանությունների վերաբերյալ մեղադրանքները, ինչն էլ, ըստ նրա` առիթ է հանդիսացել ընտանեկան վիճաբանությունների, հետագայում` նաեւ բաժանման: Մինչդեռ Գ. Խալաթյանը, ով երեկ խմբագրություն էր եկել քրոջ եւ փաստաբանի հետ` Անիի հետ համատեղ կյանքի ընթացքում տեղի ունեցած, մեղմ ասած, տհաճ միջադեպերը ներկայացնելով` փորձեց ապացուցել, որ իրենց բաժանման պատճառը եղել է նախկին կնոջ անբարո վարքագիծը: Բանն այն է, որ թեեւ Անին պնդում է, որ ամուսնությունից ի վեր Գուրգենը պարբերաբար իրեն դավաճանել է եւ մշտապես արտաամուսնական կապեր է ունեցել, սակայն Գուրգենն էլ վստահեցնում է, որ իրենց բնակության վայրում Անին անբարոյականի համբավ ունի: Հարկ է նշել, որ ի տարբերություն Անիի, Գուրգենը խմբագրություն էր ներկայացրել որոշակի ապացույցներ, որոնք մենք ուսումնասիրեցինք, սակայն հրապարակելու իրավունք չունենք` ելնելով դատավարական էթիկայի կանոններից: Մենք անպայման կմասնակցենք դատական նիստերին եւ կհամոզվենք, թե արդյո՞ք դատարանն այդ ապացույցներն արժանահավատ կհամարի: Ինչեւէ, Գ. Խալաթյանը հավաստիացնում է, որ իր եւ Անիի միջեւ եղել է մեծ սեր, եւ ամուսնական առաջին տարիներն անցել են ընտանեկան նորմալ փոխհարաբերությունների պայմաններում: «Ես այլ կանանց հետ հարաբերություններ չեմ ունեցել, պարզապես նրա հիվանդագին խանդը երբեմն վիճաբանությունների առիթ էր դառնում: Ինձ կարող էր աշխատավայրից կին զանգել որեւէ գործնական խոսակցության համար, բայց այդ զանգը դառնում էր մի էնպիսի խանդի առիթ, որ… Ստուգում էր բոլոր հեռախոսազանգերը, սկսում էր հետ զանգել, հարձուփորձ անել, թե ով է ինձ զանգահարել: Դա շատ տհաճ երեւույթ էր եւ ինձ ստորացնում էր: Ինքը շատ լավ գիտեր, որ ես իրեն խելագարի պես սիրում եմ, բայց…»,- վստահեցնում է Գուրգենն` ասելով, որ իրենց համատեղ կյանքում նման տհաճ երեւույթներ եղել են, ինչը, սակայն, բոլոր ամուսինների կյանքում էլ լինում են: Ինչեւէ, Գուրգենը վստահեցնում է, որ երբեւէ ձեռք չի բարձրացրել Անիի վրա, հետեւաբար, այն մեղադրանքները, թե իբր ինքը Անիին պարբերաբար բռնության է ենթարկել` սուտ է: «2008թ. փետրվարին գնացի, ու ամեն ինչ նորմալ էր, իրար գրում էինք, զանգում էինք ու երկուսս էլ կարոտում էինք իրար: Էնպես ստացվեց, որ մայիս ամսին եկա, մի 25 օր մնացի էստեղ ու որոշեցի նորից 3 ամսով գնալ Մոսկվա: Սեպտեմբեր ամսին համակարգիչ գնեցի: Շատ տարօրինակ բաներ էի նկատում: Զգում էի, որ ընկերուհիների հետ չէր շփվում, բայց երբ պատճառը հարցնում էի` ասում էր` դե երեւի նախանձում են ինձ: Ես լավ եմ հագնվում, էսինչը ինձ նախանձում է, էնինչը չաղ է, իսկ ես նիհար եմ, դրա համար նախանձում է, եւ այլն, նման հավատ չներշնչող պատճառաբանություններ»,- պատմում է Գուրգենը, ում քույրը վստահեցնում է, որ, չգիտես ինչու, շենքի բնակիչներից ոմանք անգամ սկսել են իրեն բարեւ չտալ, ինչը շատ տարօրինակ է եղել իր համար: Ասում է, որ հարեւանների վերաբերմունքի մեջ շատ կասկածելի սառնություն կար, ինչը թեեւ իրենց համար անհասկանալի է եղել, այդուհանդերձ չեն պատկերացրել այդ վերաբերմունքի դրդապատճառները: «Բանից պարզվեց, որ ամբողջ բակը տեղյակ է նրա` այլ տղամարդկանց հետ հարաբերություններից, բացի եղբորիցս ու մեր ընտանիքից: Մարդիկ խուսափում էին շփումից, որովհետեւ գիտեին, բայց իրենց թույլ չէին տալիս այդ մասին բարձրաձայն ասել»,- ասում է Ն. Խալաթյանը` ավելացնելով, որ հետագայում Գուրգենի ընկերը խոստովանել է Անիին ուրիշ տղամարդու հետ տեսնելու մասին` վստահեցնելով, որ այդ մասին լռել է` «Անկանխատեսելի քայլ եղբորս կողմից չկատարելու համար: Այսինքն` բոլորն էլ խնայում էին Գուրգենին` հասկանալով, թե դա ինչ ծանր բան է եւ, թե որեւէ նորմալ, բարոյականություն ունեցող տղամարդն ինչպես կարող է արձագանքել այդ լուրին»: Գուրգենն ասում է, որ ժամանակի ընթացքում պակասում էին ընկերները, շփումներն ու այն մարդիկ, որոնց համարում էր մտերիմը, բայց մտքով երբեք չի անցել կնոջը կասկածել դավաճանության մեջ: Համակարգչի առկայությունն ու ինտերնետային շփման միջոցով արձանագրված որոշ փաստեր, այնուամենայնիվ, ըստ նրա` լույս են սփռել Անիի գործողությունների վրա: Այն, որ Անի Մարտիրոսյան անուն-ազգանունով մարդը բավականին ոչ կոռեկտ արտահայտություններով նամակագրություն է ունեցել ոմն տղամարդու հետ` Գուրգենն ապացուցեց փաստերով, որոնք դատարան ներկայացնելուց հետո միայն կտպագրենք: «Երեւի հասկանում եք, որ ինձ համար շոկ էր: Սկսեց բացահայտվել անբարոյականությունների մի շղթա, թե ում հետ ինչ սեռական հարաբերություն է ունեցել: Ընդ որում` բարի առանձնասենյակում, մեքենայի մեջ, այգում, Ծաղկաձորում եւ այլն: Սկսեցի` այսպես ասած` ամոթս ու վիրավորանքս խեղդել մեջս ու լուռ բացահայտումներ անել: Հանդիպեցի էն մարդկանց հետ, որոնց հետ հարաբերությունների մեջ է մտել: Խոստովանությունների շարք սկսվեց, նույնիսկ իրենից բավականին փոքր տղայի հետ է եղել, որի մասին իմացել է տղայի ընտանիքը: Էն մարդիկ, որոնց հետ անառակությամբ է զբաղվել` մեկ-մեկ կպատմեն իրականությունը»,- ասում է Գուրգենը` նշելով, որ իր բացահայտումներից հետո ընկերները սկսել են պատմել Անիի վարքագծի մասին իրենց իմացած տեղեկությունները: Ն. Խալաթյանն ասում է, որ Անիի արտաամուսնական կապերի մասին Գուրգենի բացահայտումից հետո միայն հասկացել են, թե ինչու են մարդիկ իրենցից խուսափում: Ի դեպ, արձագանքելով Անիի այն մեղադրանքներին, թե նախկին ամուսինն իրեն մշտապես դավաճանելով ստորացրել է, Գուրգենն ասում է` «Եթե ես իրեն դավաճանել եմ ու ստորացրել եմ, դա կրել է մշտական բնույթ, ապա թող բաժանվեր, թող ասեր` ես չեմ կարող քեզ հետ ապրել, երեխային վերցնում եմ ու հեռանում եմ: Այսինքն` ես իրեն բռնի ուժով պահե՞լ եմ»: Ասում է, որ այլ տղամարդու հետ շփման մասին խոսելիս Անին սկզբում վստահեցրել է, որ միայն հանդիպել է նրան, հետագայում` հանդիպել է եւ սրճել է, բայց… «Բայց ես նրան ասում էի` ես ահավոր տառապում եմ: Ինքն էլ էր տեսնում, որ գիշերները չէի քնում: Ասում էի` եթե ձեր միջեւ բան է եղել` ասա, կփորձեմ ներել: Դրանից առաջ մորս, քրոջս հետ ահավոր վիճել էի, որովհետեւ նրանք ասում էին` նման բան բացառվում է, Անին չէր կարող այդպես անել: Խոստովանեց, որ, երբ ես Մոսկվայում եմ եղել… մորաքույրն էլ ներկա էր, ապտակեց: Հետո էլ սկսեց արդարանալ, թե դիտավորյալ եմ նման բան ասել, որ քեզնից մուռ հանեմ, ցավ պատճառեմ: Բայց ամեն ինչ բացահայտվեց»,- ասում է Գուրգենը: Իհարկե, Անիի կողմից իրեն ցավ պատճառելու ցանկությունն առնվազն տարօրինակ է, քանի որ, ըստ նրա` ինքը Անիին չի դավաճանել եւ չի ստորացրել: Հետեւաբար հարց է ծագում, թե ինչո՞ւ է Անին ցանկացել իրեն ցավ պատճառել: Այդուհանդերձ, ըստ Գուրգենի` իրենց ընդհանուր ընկերն իմանալով Անիի անբարո կյանքի մասին` Անիին առաջարկել է «բերանը փակ» պահել` պայմանով, որ իր հետ սեռական հարաբերության մեջ մտնի. «Ու տենց լավ օգտագործվել ա: Կան ապացույցներ, ձեզ հավատացնում եմ, որ դատարանում կարող եք ականատես լինել դրանց»: Գուրգենը վստահեցնում է, որ դատարանում կներկայացնի այն փաստերը, որոնք կապացուցեն Անիի անառակաբարո գործողությունները: Մինչդեռ հետաքրքիր է նաեւ այն հանգամանքը, որ ըստ նրա` Անիին ոչ թե ինքն է տանից վռնդել, այլ նա ինքն է ցանկացել հեռանալ: «Ինքը ասում էր` ուզում եմ գնամ մորս մոտ` Կանադա, ես չեմ կարում ստեղ ապրեմ»,- վստահեցնում է Գուրգենը, ով մեզ է տրամադրել Արաբկիրի նոտարական գրասենյակում հաստատված մի փաստաթուղթ, ըստ որի` Ա. Մարտիրոսյանը համաձայն է, որ որդին` Ա. Խալաթյանը, հոր հետ մեկնի արտերկիր: Մենք նաեւ փորձեցինք հասկանալ, թե ինչպե՞ս է ստացվել, որ տեղյակ լինելով կնոջ դավաճանությունների մասին` նա ամեն դեպքում չի ամուսնալուծվել, կամ չի պահանջել, որ նա հեռանա իր տանից: «Ես հանուն երեխայիս եմ դա արել: Ես նրան չեմ ծեծել, չեմ վռնդել տանից: Նա իր կամքով դուրս է եկել, որ գնա Կանադա»,- այսպիսի պատասխան տվեց Գուրգենը` նաեւ ասելով, որ Մոսկվայից վերադառնալուց հետո Անին երեխայի հետ տեսակցելու փորձ չի արել: Մենք նաեւ կապվեցինք Անիի հետ եւ տեղեկացրինք, որ թեեւ ինքը ամուսնուն մեղադրում էր մի շարք դավաճանությունների մեջ, այդուհանդերձ, նա էլ իր հերթին պնդում է եւ պատրաստ է ապացուցել, որ ինքն է անառակաբարո կյանք վարել, մասնավորապես` իր բացակայության ժամանակահատվածում: Անիին այս մեղադրանքները չզարմացրին: «Իհարկե պիտի նման բաներ ասեր, իսկ ի՞նչ էիք սպասում մի հայ տղամարդուց, որը մշտապես ինձ դավաճանել է ու հիմա պիտի փորձի ինձ անբարոյականի պիտակ կպցնելով` իր անունը մաքրել: Իմ խիղճը մաքուր է, ու եթե ապացույցներ ունի` թող ներկայացնի, ես վախենալու բան չունեմ, որովհետեւ երբեք իրեն չեմ դավաճանել»,- բավականին հանգիստ տոնով արձագանքեց Անին: Մենք նրան ասացինք, որ մեր ձեռքի տակ է գտնվում իր հարազատ հորեղբոր աղջկա` Արմինե Մարտիրոսյանի կողմից գրված վկայությունն այն մասին, որ` «Անին դեռ ամուսնու հետ էր բնակվում, ինձ պատմեց, որ ընկերություն է անում ոմն Արմենի հետ: Նրանք մտերմիկ (սեռական) հարաբերությունների մեջ են: Ասաց, որ նա ունի ավտոմեքենա, որ իրեն տարբեր տեղեր է տանում, մի անգամ էլ տարել է Դիլիջան: Իր բջջայինի մեջ նրան գրի էր առնում Լիլիթ անվան տակ: Ես զգուշացնում էի` բա որ Գուգոն իմանա, ասում էր` արխային, չի իմանա: Այդ ամենը չէի կարող ասել Գուրգենին, որպեսզի իմ միջամտությունից նրանց ընտանիքում վեճ չառաջանա: Այնուհետեւ նրա անբարո վարքագծի պատճառով ես, ինչպես նաեւ` իմ ընտանիքը, խզեց կապերը նրանց հետ: Ավելի ուշ, պատահականորեն թե՛ Գուրգենենց հարեւաններից, թե՛ իմ ծանոթներից լսեցի, որ Անին նման բնույթի կապերի մեջ է տարբեր մարդկանց հետ, որոնցից մեկին անձամբ ես եմ ճանաչում եւ Գուրգենենց բակի բնակիչներից է»: Ա. Մարտիրոսյանի վկայությունն ամբողջությամբ չենք կարող ներկայացնել, քանի որ այն ծավալուն է, սակայն այս գրության մասին Անիին տեղեկացրինք, որի պատասխանը եղավ հետեւյալը. «Ես շատ լավ գիտեմ էդ վկայության մասին: Այդ հորեղբոր աղջկա հետ մենք չենք շփվել, քանի որ մայրս արգելել է` անձնական որոշ կոնֆլիկտների պատճառով: Նա Գուրգենի հետ կապի մեջ է եղել, հերթականներից, էնպես որ, էդ գրությունը չի կարող վկայություն համարվել: Նրանք սիրեկաններ են եղել, որի համար հիմա իրար օգնում են»:
Մեր նախորդ համարում մանրամասն անդրադարձել էինք նաեւ Արաբկիր վարչական շրջանի խնամակալության եւ հոգաբարձության հարցերի հանձնաժողովի կատարած ոչ պատշաճ «ուսումնասիրությանը»: Սակայն հարկ է անդրադառնալ նաեւ Աջափնյակ վարչական շրջանի նույն հարցերով հանձնաժողովի կատարած գործողություններին: Համաձայն Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի (որտեղ Անին ներկայումս բնակվում է` մորաքրոջ բնակարանում) խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովի ուսումնասիրության` հանձնաժողովը նպատակահարմար է գտել անչափահաս Ա. Խալաթյանի բնակության վայրը սահմանել մոր` Անի Մարտիրոսյանի բնակության վայրով, իսկ հորը` Գուրգեն Խալաթյանին, թույլատրել տեսակցելու եւ շփվելու իր որդու հետ: Հարկ է նկատել, որ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովի անդամները երբեւէ Գուրգեն Խալաթյանին չեն տեսել, նրան չեն ճանաչում, նրա տուն այցելություն չեն կատարել: Առավելեւս երբեւէ չեն տեսել երեխային եւ պատկերացում չունեն, թե ում ճակատագիրն են որոշում իրենց տրամադրած եզրակացությամբ: Ի դեպ, հանձնաժողովի ուսումնասիրության ակտի մեջ զետեղված է նման մի տեղեկատվություն` Անի Մարտիրոսյանը աշխատում է եւ ունի կայուն եկամուտ, ըստ իր հայտարարության` նա ունի նաեւ սեփականություն` Բաղրամյանի շրջանի Արգինա գյուղում: «Մինչդեռ, ասեք խնդրեմ` ի՞նչ ասել է` ըստ իր հայտարարության: Նա կարող է հայտարարություն անել, որ շատ բան ունի, բայց արդյո՞ք հանձնաժողովը ստուգել է այդ հայտարարության իսկությունը»,- մատնանշում է Հովհ. Մաթեւոսյանը: Այն, թե ինչպես են աշխատում խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովները, առանձին ու ցավոտ թեմա է: Սակայն ամենավտանգավորը թերեւս այն է, որ նման հանձնաժողովներն` իրենց տաքուկ սենյակներում նստած, առանց պատշաճ ուսումնասիրություն կատարելու` որոշում են երեխաների ճակատագրերը, այն երեխաների, որոնց «կիսել» չեն կարողանում ծնողները: Ընտանեկան փոխհարաբերությունները նուրբ ու զգայուն ոլորտ է, որը դարձնել հրապարակային գուցեեւ չարժե: Գուրգենն ու Անին նախկինում խելագարվելու չափ իրար սիրել են: Ժամանակի ընթացքում սերը վերածվել է դաժանության, միմյանց ցավ պատճառելու ու վնասելու գործիքի: Հիմա երկուսն էլ իրար վարկաբեկելով` մեղադրում են անառակության մեջ: Երկուսն էլ Աշոտին են ուզում, բայց Աշոտից ոչ ոք ոչինչ չի հարցնում: Անգամ այն հանձնաժողովները, որոնք ի պաշտոնե չեզոք են եւ կոչված են երեխայի շահերը պաշտպանելուն: