«Ֆլեշ» Բարսեղի բարեկամը տնօրե՞ն է հանում-դնում

22/06/2011 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Երեկ մեր թերթի խմբագրություն էր դիմել ԼՂՀ Ասկերանի շրջանի Դաշուշեն գյուղի հիմնական դպրոցի նախկին տնօրեն Անահիտ Գեւորգյանը: Վերջինս 2006թ. ընդունվել էր աշխատանքի Դաշուշենի 8-ամյա դպրոցում՝ ստանձնելով տնօրենի պաշտոնը:

Ըստ Ա. Գեւորգյանի՝ տնօրենի պաշտոնի թափուր տեղ կար, եւ ինքը ցանկություն ուներ նախ` իր հանգուցյալ ամուսնու փափագը կատարել՝ աշխատելով Արցախում, եւ ապա` մանկավարժական իր առաքելությունն իրագործել: «Ասկերանի շրջանի վարչակազմի կրթության բաժնի վարիչ Արվիդ Ավանեսյանն ինձ ասաց, որ այս դպրոցը հեռանկար չունի, հույսդ մի դիր, եւ հասկացրեց, որ պետք չէ, որ ես մնամ այդ դպրոցում: Երեւի նկատեց, որ ես ռոմանտիկ եմ, եւ մեծ ծրագրեր եմ ուզում իրականացնել, իսկ ինքն այդ դպրոցի հետ կապված իր ծրագրերն ուներ»,- մեզ հետ զրույցում նշեց Ա. Գեւորգյանը, ով, ի դեպ, նախկինում աշխատել է որպես լրագրող` ստանալով «ոսկե գրիչ» մրցանակ: Ա. Գեւորգյանի փոխանցմամբ՝ նախկին տնօրեն Նատալյա Ղուկասյանը տնօրենի պաշտոնից հեռացվել էր ԼՂՀ Կրթության նախարարության Պետական տեսչության կողմից անցկացված ստուգումներից հետո, որոնց արդյունքում, ըստ Ա. Գեւորգյանի, բացահայտվեցին ֆինանսական եւ մի շարք այլ խախտումներ: Ընդ որում՝ նշենք, որ խախտումներ կատարած տնօրենի նկատմամբ մեծահոգություն էին ցուցաբերել՝ նրան զրկելով միայն տնօրենի պաշտոնից եւ թույլատրելով շարունակել իր մանկավարժական գործունեությունը: Ներկայումս տնօրենի լիազորություններից ազատված տնօրենը նույն դպրոցում դասավանդում է անգլերեն: «Եթե ես պատմեմ, թե ինչեր են եղել՝ ձեր թերթերը չեն բավականացնի: Երբ ես մտա դպրոց, ինձ ասում էր (Արվիդ Ավանեսյանին նկատի ունի.- Մ.Մ.) մաթեմատիկայի եւ հայոց լեզվի ուսուցիչներին աշխատանքից հանի, որովհետեւ նրանք մասնակցել էին այդ տնօրենի ազատման դեմ: Տնտեսվարն ու պահակն ամուսիններ էին, որ օրենքով արգելվում է նման բան: Ես կարգ ու կանոն էի մտցնում, բայց նրանք ընդդիմանում էին: Ես ասում էի, որ ամեն վայրկյանը կարեւոր է, պետք է չուշանալ աշխատանքից, եւ որ դա աշակերտներին պատասխանատվություն ցուցաբերելու օրինակ է: Ստեփանակերտից եկած ուսուցիչներն ինձ ասում էին` բաժնի վարիչը մեզ ասել է` կարող եք 15 րոպե ուշանալ: Ասում էի՝ եկել եք աշխատանքի, պետք է ներկայացնեք ձեր աշխատանքային օրվա ծրագիրը, գոմ չենք մտնում, ծրագիր է պետք նախատեսել, իսկ նրանք ասում էին՝ Ավանեսյանն ասել է` մեզ նման բաներ պետք չեն: Ավանեսյանն էլ զանգում էր, ասում էր` ուսուցիչներից նման բաներ մի պահանջիր,- պատմեց դպրոցի արդեն նախկին տնօրենը՝ ավելացնելով,- Դպրոցի պահակն աշխատանքի չէր գալիս, երբ բացատրագիր պահանջեցի, բաժնի վարիչն ինձ զանգեց, ասաց` դու պիտի ազատվես, ոչ թե պահակը»: Տնօրինության 4-րդ ամսում բաժնի վարիչ Արվիդ Ավանեսյանն Ա. Գեւորգյանին աշխատանքից հեռացնելու հրաման էր տվել: Սա` այն ժամանակ, երբ, Ա. Գեւորգյանի հավաստմամբ, դպրոցը ամառային արձակուրդում էր: «Հուլիսին արձակուրդ էին գնացել: Ստեփանակերտից ինձ զանգահարեցին, ասացին՝ գիտես, բաժնի վարիչը քեզ ազատել է աշխատանքից, իսկ նախկին տնօրենին վերականգնել է: Ես էլ մտածում էի, որ հնարավոր չէ: Ու նույն օրը զանգում եմ նրան (բաժնի վարիչին.- Մ.Մ.)` չասելով, որ տեղյակ եմ հրամանի մասին: Հարցրի, թե դպրոցում որեւէ բանի կարիք կա՞, նա պատասխանեց, որ ես հանգիստ վայելեմ իմ արձակուրդը: Արձակուրդից հետո երբ դպրոց եկա, տեսա, որ իսկապես ինձ ազատել էր աշխատանքից, իսկ նախկին տնօրենն էլ վերականգնվել էր»,- նշեց խմբագրություն դիմած կինը: Ըստ վերջինիս՝ իրեն տնօրենի պաշտոնում վերականգնեցին աշակերտների ծնողների պայքարի արդյունքում: Սակայն նախկին տնօրեն Նատալյա Ղուկասյանին նորից ազատում են տնօրենի պաշտոնից` այս անգամ նշանակելով մեկ այլ ուսուցչուհու: «Որպեսզի ես ասպարեզում չլինեի, մասնավոր բուհն ավարտած, սկսնակ ուսուցչուհի կար, նրան նշանակել էր ժամանակավոր տնօրեն: Այսինքն՝ ես պիտի դպրոցի հետ գործ չունենայի: Դա է պատճառը, որ ես համառորեն սկսեցի պայքարել՝ հանուն արդարության եւ օրենքի: Նա ստիպված 2006թ. սեպտեմբերին ինձ կրկին վերականգնեց տնօրենի պաշտոնին: Ի դեպ, հուլիսին նա ինձ աշխատանքից հեռացրել էր այն պատճառաբանությամբ, թե իբր նախկին տնօրենը ֆիզարձակուրդից վերադարձել էր»,- նկատեց Ա. Գեւորգյանը:

Ինչեւէ, 2009թ. դեկտեմբերի 2-ին Ա. Գեւորգյանը կրկին ազատվեց աշխատանքից, ում փոխարեն, ըստ Ա. Գեւորգյանի, տնօրեն է նշանակվել բաժնի վարիչ Ա. Ավանեսյանի հորաքրոջ թոռնուհին՝ 21-ամյա Մանյա Ծատրյանը: «Իմ տնօրինության ժամանակ դպրոցը համալրեց իր համագյուղացիներով: Ռուսաց լեզվի ուսուցչուհուն հանել տվեց՝ փոխարենը նշանակելով իր քրոջ աղջկան, բայց ես բոլորին էլ սիրում էի եւ հարազատի պես էի մոտենում, մինչեւ այժմ այդ վերաբերմունքը կա»,- ընդգծեց զրուցակիցս:

Ա. Գեւորգյանի հավաստմամբ՝ իրեն հեռացրել են առանց որեւէ հիմքի: ԼՂՀ Կրթության նախարարության պետական տեսչության կողմից անցկացված ստուգումների ժամանակ որեւէ խախտում չէր հայտնաբերվել: Անհիմն հեռացման համար բաժնի վարիչը պարզապես մեջբերել էր ԼՂՀ աշխատանքային օրենսգրքի 113.6 եւ 113.7 կետերը, որոնք ենթադրում են պարտականությունների ոչ բարեխիղճ կատարում եւ վստահության բացակայություն, այսինքն՝ գույքի հափշտակում, ֆինանսական խախտումներ եւ այլն: «Նախքան այդ հրամանը մի քանի անգամ ինձ կանչել էին բաժին, ասել, որ իմ դիմումի համաձայն ազատվեմ աշխատանքից: Ես պատասխանեցի, որ հիմա, եթե անգամ ցանկանամ էլ, չեմ կարող, եւ երկրորդ՝ ինչո՞ւ եք ինձ նվաստացնում, ի՞նչն է պատճառը: Հետո ես հասկացա նպատակը: Ես մտել էի իմ կաբինետ, նախարարության տեսչության պետ Արզումանյան Սոսը հեռախոսով պատասխանում էր, ես այդ մասին նախարարին էլ եմ գրել: Ես սենյակ մտա այն պահին, երբ Արզումանյանը խոսում էր, ասում էր՝ ախր, ես տնօրենի աշխատանքներում չեմ գտնում այնպիսի խախտում, ախր, տնօրենի վրա ես ոչ մի խախտում չեմ կարող գտնել, չկան այդպիսի բաներ, մանր-մունր բաներ ցանկացած պահին կարող ենք ստեղծել, բայց ազատման համար ես որեւէ բան չեմ գտել: Ինձ թվում է՝ տեսչության պետը փոխնախարարի հետ էր խոսում»,- ասաց Ա. Գեւորգյանը, ով ազատման հրաման ստանալու հաջորդ օրը դիմել էր բաժնի վարիչին՝ իր դիմումի համաձայն աշխատանքից հեռանալու համար, որպեսզի չներքաշվի դատական քաշքշուկների մեջ: «Նա սկզբից համաձայնեց, հետո հաջորդ օրն ինձ ասաց՝ ես քեզ ասում էի, դու Ալվինային հանիր, որ դու աշխատես, դու նրան ասպարեզ էիր տալիս: Այսինքն՝ ինքն ինձ կամակատար չէր տեսել: Եվ, փաստորեն, տնօրենը պետք է լիակատար կամակատար լինի»,- ասաց Ա. Գեւորգյանը, ով ազատման հրամանից հետո դիմել էր Ասկերանի 1-ին ատյանի դատարան, որտեղ հայցը մերժվել է: «Ըստ լուրերի՝ դատավորի հորեղբայրը «Ֆլեշի» տնօրեն Բարսեղ Բեգլարյանն է, իսկ վերջինս Արվիդի թիկունքն է, բարեկամն է: Իսկ Արվիդը հայտարարել էր, որ իր խոսքն է լինելու, ինքը ոնց կամենա, էդպես էլ կլինի»,- ասաց Ա. Գեւորգյանը, ով այնուհետ դիմել էր նաեւ ԼՂՀ Գերագույն դատարան: «Տարբեր օղակներից տեղեկանքներ տարա, որ Գերագույն դատարանը սխալ է վճիռը կայացրել: Ի վերջո, արդարադատության խորհուրդն այդ դատավորներին համարեց բացահայտ սխալ թույլ տվածներ, դատավարական վարույթի սխալ է թույլ տրվել, 4 վճռաբեկ բողոքից հետո, ընդ որում՝ 9 դատավոր արդեն ինձ մերժել էին՝ ասելով, որ ես ուշացրել եմ հայցս: Ինձ կանչեցին, ասացին՝ դու թերթերում մի գրի, մենք քո գործը նայել ենք, վերականգնման հնարավորություն կա: Դա ասել էին 2010թ. մայիսին: Ու մի 6 ամիս ես սպասեցի: Հետո կրկին դիմեցի Գերագույն դատարան, որը մայիսի 4-ին էր նշանակել նիստը` որոշելու համար` գործը վարույթ ընդունի՞, թե՞ ոչ: Բայց նիստն այդպես էլ չկայացավ դատավորներից մեկի հոր մահվան պատճառով: Հետո թուղթ եկավ, եւ տեսա, որ նիստն արդեն արել են՝ ընդունելով վարույթ, եւ նշանակել էին նիստի օր՝ 2011թ. հունիսի 10-ը»,- նշեց Ա. Գեւորգյանը: Նրա հավաստմամբ՝ դատական նիստը նախագահող դատավորն ասել էր, թե ես չեմ ցանկանում իմ դիմումի համաձայն հեռանալ աշխատանքից: «Ի պատասխան հարցին, ես ասացի, թե ինչպե՞ս հնարավոր է երկու տարի հետո ինձ ազատեն իմ դիմումի համաձայն, եւ երկրորդ՝ սա ոչ թե իմ պայքարն է, այլ արդարության»,- ավելացրեց Ա. Գեւորգյանը: Իսկ դատական «շոուն» ավարտվեց առաջին ատյանի դատավճիռը ուժի մեջ թողնելու վճռով: Ա. Գեւորգյանը դեռ չի ստացել դատավճիռը, փոխարենը ստացել է դատավարության արձանագրությունները: «Ես արձանագրությունների դիտողություններ էի գրել, եւ արդեն տեղյակ են պահել, որ դրանց պատասխանները եկել են: Դրանից պարզ երեւում է, որ իմ աշխատանքի վերականգնման բոլոր նախապայմանները կային»,- հավելեց զրուցակիցս: