«Էստոնիայի կրթական ոլորտում կոռուպցիա չկա»,- վստահեցնում է Տալինի բաց համալսարանի ղեկավար Կադրի Կիգեման

22/06/2011 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Կադրիի ղեկավարած համալսարանը գտնվում է Տալինի համալսարանում, եւ համալսարանն այդպես էլ անվանում են՝ Բաց համալսարան Տալինի համալսարանում (The open university at Tallin Unversity): 1919թ. հիմնադրված Տալինի համալսարանում այսօր գործում է 21 համալսարան, 6 քոլեջ: Տալինի համալսարանն ունի շուրջ 10.000 ուսանող, ովքեր սովորում են աստիճանական ծրագրով, իսկ կրթությունը շարունակողների թիվը հասնում է մոտ 12.000-ի: Ի դեպ, Կադրին ղեկավարում է նաեւ Տալինի համալսարանի կրթության շարունակելիության ծրագիրը: Ըստ նրա՝ կրթության շարունակելիության շուրջ 600 դասընթաց կա համալսարանում, որոնք բավական մեծ պահանջարկ ունեն: Կադրիի կարծիքով՝ համալսարանի հաջողություններից մեկը մարքեթինգի ճիշտ կազմակերպումն է, որի համար պետք է օգտագործել հնարավոր բոլոր միջոցները՝ ընդհուպ մինչեւ սոցիալական մեդիա դաշտը:

– Կադրի, փոքր-ինչ խորթ է հնչում «մարքեթինգի կազմակերպում համալսարանում» ձեւակերպումը: Ինչպե՞ս հասկանալ կրթության ոլորտի մարքեթինգ ասվածը:

– Կարծում եմ՝ մենք չենք կարող ապրել առանց մարքեթինգի: Դա գլխավոր գործոնն է, բաց համալսարանի յուրաքանչյուր աշխատակցի համար մարքեթինգը համարվում է աշխատանքի բաղադրիչ մասը: Օրինակ, նախորդ տարի մեր համալսարանի, այսպես ասած՝ հաճախորդների համար կազմակերպեցինք այց կենդանաբանական այգի: Դա հանգստի հետաքրքիր եւ միաժամանակ գրավիչ ձեւ է: Դրան զուգահեռ կազմակերպում ենք փոքրիկ դասընթացներ, որտեղ տվյալ առարկայով կամ մասնագիտությամբ հետաքրքրվող անձը հնարավորություն ունի նախնական տեղեկատվություն ստանալ, որից հետո նա կարող է ցանկություն ունենալ եւ հիմնարար գիտելիքներ ձեռք բերել հենց այդ մասնագիտության ուղղությամբ: Բացի այդ միջոցառումներից, մենք ակտիվորեն օգտագործում ենք սոցիալական մեդիան: Դա մարքեթինգի կազմակերպման համար լավագույն միջոցն է, որովհետեւ մեր օրերում դա ամենահայտնի կոմպոնենտն է:

– Իսկ չե՞ս կարծում, որ սոցիալական մեդիան ինչ-որ իմաստով նաեւ մարտահրավեր է կրթական համակարգին:

– Ի՞նչ նկատի ունես:

– Օրինակ, այն, որ ուսանողն առավել մեծ ժամանակ կարող է անցկացնել այդտեղ, քան, ենթադրենք, գրադարանում:

– Այո, իհարկե, հասկանում եմ, բայց այսօր սոցիալական մեդիան աջակցում է, որպեսզի մարդիկ սովորեն: Օրինակ, «Ֆեյսբուքում» քո համալսարանի էջը կամ քո կուրսի բլոգը կարող ես բացել, եւ այլն: Դա նպատակին հասնելու լավագույն գործիքներից մեկն է: Դու պարզապես կարող ես այն օգտագործել սովորելու համար: Իրականում մարքեթինգի կազմակերպումը բավական մեծ հարց է: Այն խլում է մեծ ժամանակ եւ պահանջում է գիտելիք եւ ֆինանսներ: Չնայած այս հանգամանքին, գլխավոր խնդիրը պետք է լինի այն, որ թիմի յուրաքանչյուր մարդ պետք է հասկանա, որ ինքը համալսարանի ներկայացուցիչ է: Իսկ իրականում մարքեթինգը շատ զվարճալի է, եթե գիտես ինչպես անել դա: Եվ, իհարկե, կարեւոր է, որ ինչ անում ես` բավականություն ստանաս:

– Կարծում ես՝ սոցիալական մեդիան միջո՞ց է սովորողների կամ, ինչպես դու ասացիր՝ հաճախորդներին գրավելու համար:

– Ենթադրում եմ՝ այո, որովհետեւ աշխարհի հայտնի համալսարաններից շատերն ունեն իրենց «ֆան» էջերը սոցիալական մեդիայում: Էստոնիայի համալսարանները եւս ունեն այդպիսի էջեր:

– Այսինքն՝ այսպես ասած՝ անվճար գովազդի ձեւ է, այո՞:

– Այո, այն անվճար գովազդ է, որը հաղորդագրություն է երիտասարդների համար: Ի վերջո, սոցիալական մեդիան եւս մարքեթինգ է:

– Այսօր աշխարհում արդիական հարց է դարձել կրթության ոլորտի կոռուպցիոն ռիսկերի դեմ պայքարը: Էստոնիայի կրթական համակարգում ինչպե՞ս եք պայքարում այդ երեւույթի դեմ:

– Էստոնիայի կրթական համակարգում կոռուպցիոն երեւույթ չկա: Մեր կրթության ոլորտում կոռուպցիոն դեպքեր չունենք: Կարող եմ վստահաբար ասել, որ կոռուպցիան ուղղակի բացառվում է մեզ մոտ:

– Ի՞նչն է պատճառը:

– Չգիտեմ, միգուցե ժողովրդավարությունն է մեծ դեր խաղում կոռուպցիոն ռիսկերը վերացնելու համար, քանի որ Կառավարությունը շատ լուրջ բարեփոխումներ է կատարում կրթական համակարգում: Հաջորդ տարվա սկզբից տարրական դպրոցների եւ գիմնազիաների մասին ակտ կգործի: Այժմ խնդիր է դրվել, որ բարեփոխումներ կատարվեն ռուսական դպրոցներում, քանի որ ներկայումս Էստոնիայում գտնվող ռուսական դպրոցներում ուսուցումը տարվում է ռուսերենով: Այժմ խնդիր է դրվել, որ բացի ռուսերենից, Էստոնիայի լեզուն եւս առաջարկվի: Իհարկե, դա հեշտ գործընթաց չէ, բայց մենք փորձում ենք այն իրականացնել: Պատճառն այն է, որ քիչ են այն ուսուցիչները, ովքեր կարող են ուսուցանել էստոներենով, միեւնույն ժամանակ` որոշ առարկաներ դասավանդել նաեւ ռուսերենով, հետեւաբար դա ստեղծում է դժվարություններ: Էստոնիայի կրթական համակարգում դա ամենաթեժ քննարկվող հարցն է: Այն երկրները, որտեղ կան կոռուպցիոն երեւույթներ, կարծում եմ՝ պետք է որդեգրեն նոր օրենքներ իրենց դպրոցներում, ինչ-որ քայլեր ձեռնարկեն: Բացառությունները պետք է քիչ արվեն, փոխարենը` մեծ տեղ տալով օրենքին: Օրինակ, Էստոնիայում երեխաները դպրոց ընդունվելու համար քննություն են հանձնում: Նրանք պետք է ցույց տան իրենց գիտելիքները, թե արդյո՞ք կարողանում են կարդալ, գրել: Եթե այդ երեխաներն այդ քննությունը հաջողությամբ չեն անցնում, ապա զրկվում են հնարավորությունից սովորել այն դպրոցում, որը գտնվում է իրենց բնակավայրում: Այսինքն՝ այն ծնողները, ովքեր ցանկանում են, որ իրենց երեխան բացառիկ դպրոցներից մեկը հաճախի, պետք է նրանց երեխան ցուցաբերի քննական բարձր արդյունք:

– Այնուամենայնիվ, ի՞նչ խնդիրներ ունեք Էստոնիայի կրթական համակարգում:

– Էստոնիայի կրթական համակարգի ամենավիճաբանական հարցերից մեկը, ինչպես ասացի` ռուսական դպրոցների խնդիրն է, լեզվի փոփոխության խնդիրը: Այս պահին ռուսական դպրոցները շարունակում են ռուսերենով ուսուցումը, բայց մեր կառավարությունն ուզում է դասավանդվող առարկաների 60%-ը դարձնել էստոներենով: Կարծում եմ՝ դա այդքան էլ մեծ տոկոս չի կազմում: Առաջիկա 3 տարիներին այդ փոփոխությունը պետք է կատարվի: Ներկայումս կարեւոր խնդիրներից մեկն է նաեւ ամբողջ կյանքի համար կրթության կազմակերպումը: Գիտեք, եվրոպական երկրներում բնակչությունն օրեցօր ծերանում է: Սա է խնդիրը, որը խիստ օբյեկտիվ է: Մենք պետք է աջակցենք այդ մարդկանց, որ հետագայում աշխատանք ունենան: Այս պահին չեմ կարող հստակ վիճակագրական տվյալներ նշել, բայց Էստոնիայում այդ խնդիրը եւս շատ մեծ է, հատկապես դա նկատելի է մեծահասակների շրջանում ամբողջ կյանքի համար կրթության ասպարեզում: Կարծում եմ, որ մեծահասակները եւս պետք է ակտիվ հասարակական կյանքով ապրեն եւ սովորելու հնարավորություն ունենան: Կյանքն այնքան արագ է փոխվում, որ մենք միշտ սովորելու կարիք ունենք:

– Բայց հաճախ չենք հասկանում դրա իրական իմաստը:

– Շատ մարդիկ չեն ուզում սովորել, որովհետեւ ծույլ են, եւ չեն ուզում որեւէ բան փոխել իրենց կյանքում: Իսկ դրա պատճառն այն է, որ նրանք սիրում են կայուն վիճակ: Պետք է ուղղակի խուսափել այդ վիճակից: Սովորել արժե գոնե սեփական հարմարավետության համար: Միգուցե վերամբարձ հնչի, բայց սովորելը պետք է կենսաձեւ դառնա: Հետեւաբար, սովորելը պետք է դառնա քո առօրյայի մասը: Մենք կարիք ունենք ակտիվ մարդկանց, ովքեր կունենան սեփական կարծիքը, կպայքարեն իրենց իրավունքների համար: Իմ աշխատանքը ես սիրով եմ կատարում: Այն, ինչ սկսել եմ, պետք է շարունակեմ զարգացնել ավելի լավ Էստոնիայի համար, աջակցել մարդկանց սովորել եւ ակտիվ լինել իրենց կյանքում:

– Զարմանալի է, Կադրի, դու այդքան երիտասարդ ես, բայց արդեն կարեւոր պաշտոն ես ստանձնել:

– (Ծիծաղում է.- Մ.Մ.): Դա միանգամայն նորմալ է դիտվում Էստոնիայում: Իրականում մենք երիտասարդ լիդերներ շատ ունենք: Ես ընդամենը 24 տարեկան էի, երբ աշխատանքի ընդունվեցի բաց համալսարանում: Գիտեք, հիմա եմ հասկանում, որ ես իսկապես բավական երիտասարդ էի այդ ժամանակ: Շնորհիվ իմ համալսարանի նախկին ռեկտորի, ով վստահեց ու հավատաց ինձ: Դա ապացուցում է, որ երբ մարդիկ հավատում են քեզ ու քո պոտենցիալին, ուրեմն՝ ամեն բան հնարավոր է: Նա միշտ ասում էր ինձ, որ կյանքում որեւէ անհնարին բան չկա, ամեն բան կարելի է անել սովորելով: