Երգիչ Վարդան Բադալյանն առաջին իսկ երգով աչքի ընկավ իր սահուն, առանց ավելորդ «կլկլոցի» ձայնով: Վարդանի առաջին` «Հոգու լույս» ձայնասկավառակի թողարկումից ընդամենը մեկ տարի է անցել, բայց նա վաղուց արդեն զբաղված է երկրորդ CD-ի շուրջ տարվող աշխատանքներով: «Արդեն 6 երգ կա ձայնագրված: Ձայնասկավառակում տեղ են գտնելու միայն գուսանական, ժողովրդական, ինչպես նաեւ հին կոմպոզիտորների հայտնի երգեր»,- ասում է Վարդանը: Մեր դիտարկմանը, որ ղարաբաղցիներն առանձնանում են իրենց ձայնային տվյալներով, Վարդանը պատասխանեց. «Իմ ձայնը ղարաբաղցի լինելու հետ չեմ կարող կապել: Իսկ ո՞վ է ասել, որ գյումրեցին կամ ապարանցին վատ ձայն ունի: Ուղղակի այնպես է ստացվել, որ մեր էստրադայում կան մի քանի ճանաչված ղարաբաղցի երգիչներ` Անդրեն, Վլադիմիր Արզումանյանը… Երբեմն էլ ինձ թվում է, որ մեր մաքուր բնության մատը եւս խառն է այդ հարցում»: Վարդանն, արդեն երկու տարի է, ամուսնացած է մասնագիտությամբ ճարտարապետ Աստղիկի հետ: «Աստված չաներ` կինս մեր ոլորտից լիներ: Աստղիկն ավելի շատ է արվեստի մեջ, քան՝ ես: Ես միայն երգում եմ, իսկ նա արվեստի հետ գործ ունի: Չնայած երկու տարի է, ինչ ամուսիններ ենք, սակայն դեռ «լավ նորություն» չունենք: Այդպես է ստացվել: Ամեն ինչ դեռ առջեւում է»,- ասում է Վարդանը: