Այսօրվա եթերում Նազենի Հովհաննիսյանի ուրույն ոճը, թվում էր` միայն հիացմունք պետք է առաջացներ, սակայն Նազենիի հետ զրույցում պարզվեց, որ շատերին դա նաեւ զայրացնում է: «Ես գիտեմ, որ կան մարդիկ, ովքեր ինձ չեն սիրում: Սակայն, եթե հարցնես, թե` ինչո՞ւ, նրանք այդպես էլ չեն կարող պատասխան գտնել: Դա նրանց իրավունքն է: Ի վերջո, ես կոնֆետ չեմ, որ բոլորն ինձ սիրեն»,- ասում է Նազենին:
– Քո աշխատանքային գրաֆիկին քչերը կնախանձեին` առավոտյան դուրս ես գալիս տանից, եւ անհայտ է, թե երբ կվերադառնաս տուն: Անվերջ թվացող լարվածությունը երբեւէ ամեն ինչ թողնելու եւ «անմարդաբնակ» կղզում հայտնվելու ցանկություն չի՞ առաջացնում:
– Մեր երկրի բոլոր մասնագիտությունների տեր մարդկանց ամենամեծ խնդիրը կայանում է նրանում, որ յուրաքանչյուր ոլորտում նորմալ աշխատող մարդը միշտ է լարված, քանզի, բացի իր աշխատանքը կատարելուց, ստիպված է անընդհատ հեծանիվ հորինել:
– Ինչո՞վ ես դա բացատրում:
– Դա հիմնականում տարբեր ոլորտներում հստակ ձեւավորված համակարգի բացակայության հետեւանք է, ինչպես նաեւ` համապատասխան կադրերի պակասի արդյունք: Մեկը մյուսից է բխում: Ահա եւ արդյունքը` կրկնակի լարվածություն եւ նյարդային իրավիճակներ:
– Երբ ոչ հանրային բնագավառում աշխատող մեկին շատ են «զզվեցնում»` տարբեր պատճառներով, նա կարող է իրեն թույլ տալ եւ «շատ հեռու» ուղարկել տվյալ անձին: Սակայն այս դեպքում լարվածությունը կրկնակի է, քանի որ ստիպված է անընդհատ իրեն զսպել:
– Զզվեցնելը մի քիչ կոպիտ է ասված, բայց շատ են լինում դեպքեր, երբ անհարկի անհանգստացնում են… Նման դեպքերում, իհարկե, անգամ ամենահամբերատար մարդը կարող է պոռթկալ: Ես էլ մարդ եմ եւ երբեմն-երբեմն հենց այդպես էլ անում եմ: Շատ անգամ ինձ եւս այնպես են հունից հանում, որ իրապես ուզում եմ այդ մարդուն «հնարավորինս հեռու ուղարկել»: Բայց քանի որ աշխատանքիս բերումով այնպիսի տարատեսակ մարդկային կերպարների հետ եմ առնչվում, սկսած Հայաստանից` իր կոլորիտային եւ տարբեր իրականություններ ներկայացնող մարզերով, մինչեւ արտերկիր` իր «հին» եւ «նոր» հայերով, որ, կամա թե ակամա, պետք է ընդհանուր հայտարարի գամ` բոլորի հետ լեզու գտնելով:
– Հնարավո՞ր է «կարգին» վաստակել միայն հեռուստատեսությունում աշխատելով:
– Հնարավոր է վաստակե՛լ, բայց ոչ բավարար: «Կարգին» ասվածի մասին ամեն ոք իր պատկերացումն ունի: Իմ կենցաղն ու ընտանիքիս կարիքներն ապահովելու համար անհրաժեշտ գումարները ես աշխատում եմ առավելապես հեռուստատեսությունից, եւ անգամ մեր երկրից դուրս` հանդիսավարությամբ: Խոսքս կորպորատիվների մասին է: Որեւէ մեկը չի կարող ասել, թե միայն TV-ում աշխատելով` կարող է հոգալ իր եւ իր ընտանիքի կարիքները:
– «Դրսի» հայերի եւ մեր միջեւ տարբերությունը որքանո՞վ է ակնառու:
– Ակնառու է` եւ լավ, եւ վատ առումներով: Հաճախ` շփվելով արտերկրում ապրող հայերի հետ, երբեմն մեծ հիասթափություն եմ ապրում: 90-ականներին երկրից մեկնած, անգամ բավականին ինտելիգենտ ընտանիքներից գաղթած հայերը շատ մեծ փոփոխություն են ապրում` բնակվելով Սփյուռքում: Մանավանդ, երբ ֆինանսապես կայուն են դառնում, իրենց թվում է, թե դու, ապրելով Հայաստանում, անպայման աղքատ ես, չտես, կամ` անխելք: Ես այդ ցավն ապրում եմ` ամեն անգամ մասնակցելով արտերկրում անցկացվող կորպորատիվներին: Որքա՞ն կարելի է 10 տարի` ամեն Աստծո օր, ապացուցել, որ մտածել գիտես:
– Ի դեպ, մտածելու մասին: Վերջերս մի հեռուստանախագծի շրջանակներում, երբ խոսում էին տարբեր ճանաչված մարդկանց IQ թեստերի արդյունքների մասին, կրկին շեշտվեց այն տեսակետը, թե դու առիթը չես կորցնում` ցույց տալու քո ինտելեկտը, խելացիությունը:
– Շատ դժվար է ցույց տալ, թե խելացի ես, երբ դու չունես այդ խելքը: Մարդիկ հիմար չեն եւ շատ լավ հասկանում են, թե ով է փորձում երեւալ խելացի եւ ով է իրականում այդպիսին: Ինչպե՞ս ցույց տալ: Ցիտել որեւէ հայտնի մտածողի մի՞տքը:
– Նրանք հենց այդ փաստն էլ ներկայացրեցին: Հնարավոր է` նկատի ունեին քո հեղինակային հաղորդումը` «Երջանկության մեխանիկան»:
– Ի սկզբանե ես որոշել եմ այդ հաղորդումը վարել հենց այդ կերպ` մեջբերելով իմաստուն մարդկանց մտքերը: Ես չեմ վերցնում հատուկ ցիտատների գիրք, արտագրում եւ ասում հաղորդման ժամանակ: Մտքերը հիմնականում այն գրքերից են, թեկուզ թերթերից կամ հոդվածներից, որոնք ես կարդացել եմ: Լավ ու իմաստուն մտքի շտեմարան կարող է ծառայել ինֆորմացիայի ցանկացած աղբյուր: Եվ առհասարակ, խելքը չի որոշվում կարդացած գրքերի քանակով կամ արտահայտածդ մտքերի զանազանությամբ: Խելքը որոշվում է առաջին հերթին դիմացինին հիմարի տեղ չդնելով, նրան լսելու կարողությամբ, եւ նրանից ինչ-որ բան սովորելու ցանկությամբ: Ես համոզված եմ, որ անգամ ամենափոքր երեխայից կարելի է շատ բան սովորել:
– Երբ քեզ ծանոթ ընտանիքը գալիս է քո հաղորդմանը հյուր, չե՞ս զգում, որ նրանք փորձում են իդեալական ընտանիքի տպավորություն թողնել, եւ որ նրանք իրականում այնպիսին չեն, ինչպիսին դու նրանց ճանաչում ես:
– Ես նրանց այդ խմբագրականին բոլորովին դեմ չեմ… Ըստ էության, ամենածանր աշխատանքն արվում է եթերից դուրս: Նախքան նկարահանումների սկիզբը, այն մի քանի րոպեի ընթացքում, որ ես ունեմ, աշխատում եմ դառնալ նրանց ընտանիքի անդամ, զգալ նրանց զարկերակը: Իհարկե, մեզանից յուրաքանչյուրն աշխատում է իր ընտանիքը ներկայացնել միայն լավ կողմով: Վատն առանց այդ էլ տեսանելի է, այդ է պատճառը, որ ես ձգտում եմ հնարավորինս լավն ու գեղեցիկն ընդգծել: Ես աշխատում եմ այնպես անել, որ իմ տաղավարում ներկա յուրաքանչյուր հյուր իրեն զգա ինչպես իր տան տիրակալը:
– Բազմաթիվ երիտասարդ ընտանիքների ես հյուրընկալում քո տաղավարում: Երբ շփվում ես այդ ընտանիքների հետ, քեզ մոտ ցանկություն չի՞ առաջանում` ստեղծել քո ընտանիքը, ունենալ քո երեխաները:
– Ցանկություն միշտ էլ կա, քանի որ յուրաքանչյուր նորմալ կին երազում է իր ընտանիքն ունենալ եւ իր երեխաներին մեծացնել: Ամեն կին ուզում է իր կողքին ունենալ այն միակին, ում կողքին նա իրեն կին կզգա` բառիս ամենալայն իմաստով:
– Իսկ ի՞նչն է քեզ խանգարում այդ հարցում:
– Ոչինչ: Պարզապես ամեն ինչ իր ժամանակն ունի: Ես ընկեր չունեմ: Քանի դեռ չի լինի նա, ում կսիրեմ` ընտանիքի մասին խոսք լինել չի կարող:
– Մի անգամ ասել ես, թե ֆիլմերում նկարահանվելու, տարբեր հաղորդումներում մասնակցելու առաջարկներից շատերը ստիպված ես մերժել, քանի որ կարծում ես, որ եթերում «շատ» ես երեւում: Այժմ նման զգացողություն չկա՞:
– Ժամանակին ես միայն առավոտյան` կես ժամանոց հաղորդում էի վարում: Անգամ այդ ժամանակ էին ասում. «Մի տեսակ շատ ես եթերում»: Դա ինձ համար մեծ կոմպլիմենտ էր, ուրեմն մարդիկ այդքան ուշադիր էին իմ նկատմամբ` նկատելով աննկատ անցնող երեսուն րոպեանոց եթերը… «Երկու աստղի» ժամանակ իրապես համընկան շատ առաջարկներ, որոնք մեծամասամբ Հ1-ի եթերով էին ցուցադրվում: Այդ շրջանում մի քիչ ավելի շատ էի երեւում:
– 10 տարի է` հեռուստատեսության ոլորտում ես: Այս 10 տարիների ընթացքում չե՞ն «մաղվել» որոշ ընկերուհիներ:
– Երբ տարիքով փոքր ես, շատ մարդկանց ընկալում ես առաջին տպավորությամբ: Սակայն տարիների հետ հասկանում ես, որ այդ մարդիկ քոնը չեն: Ես շատ քիչ ընկերներ ունեմ:
– Քո եւ Ֆելիքս Խաչատրյանի բաժանումն ինչո՞վ էր պայմանավորված:
– Ես եւ Ֆելիքսը միշտ էլ լավ ընկերներ ենք եղել եւ մինչ օրս էլ մեծ հարգանքով ենք միմյանց վերաբերվում:
– Միա՞յն ընկերներ:
– Այո, միա՛յն ընկերներ:
– Քույրերիցդ մեկի դստեր անունը Նազենի է: Նա նմա՞ն է քեզ բնավորությամբ:
– Նա նման է ինձ իր համառությամբ… Իսկ ընդհանուր առմամբ նա աննկարագրելի է` փոքրիկ մարմնով Մեծ հրաշք: Իր տաղանդաշատ էությամբ առավել իր մայրիկին` մեծ քրոջս է նման: Վայ, շատ համովն է: Շատ սուր լեզու ունի:
– Իսկ դո՞ւ:
– Ես այնպիսի անուն ունեմ, որ լեզուս փափուկ լինել չէր կարող: Նազենի անվան այդքան կտրուկ հնչող «զ»-ն, արդեն իսկ բնավորություն է թելադրում: Իմ ծնողների տված ամենամեծ հարստությունն ինձ` իմ կամքը, լավատեսությունն ու միշտ սովորելու ձգտումը, լիիրավ բնորոշում են իմ անունը: