Բալենի սովորական

22/06/2011 Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ

Կեռասունտ քաղաքը գտնվել է Տրապիզոնից ոչ հեռու, ահա այստեղ են հռոմեացիներն առաջին անգամ տեսել իրենց անհայտ պտղատու ծառեր, որոնք անվանել են cerasi։

Այս արմատը պահպանվել է գրեթե բոլոր եվրոպական լեզուներում` ֆրանսերեն cerise, իսպաներեն cereza, պորտուգալերեն cereja, գերմաներեն kirsche, անգլերեն cherry, ռուսերեն «չերեշնյա», հայերեն` կեռասենի։

Կեռասենին (կամ «Բալ թռչնի») հայտնի է եղել դեռեւս 10.000 տարի առաջ, հետքերը գտնվել են հայկական լեռնաշխարհում, Շվեյցարիայի եւ Դանիայի հնագույն բնակավայրերում։

Կեռասենու մասին կան տեղեկություններ` Սարգոն 2-րդ արքայի կյանքը նկարագրող հին ասորական գրություններում (Ք.ա. 720 թ.), որ նա շատ է սիրել այդ ծառի պտուղները։

Այս ծառատեսակը նկարագրել է պատմիչ Հերոդոտը։ Կա կարծիք, որ կեռասը Հռոմ է տարել զորավար Լուկուլոսը (Ք.Հ.74թ.), Միտրիդատի հետ պատերազմի ժամանակաշրջանում։ Այն անվանել են Prunus cerasus – Կեռասունտի սալոր։

Կեռասենին – Cerasus avium, բալենի թթուն – Prunus cerasus` բալենի տափաստանայինը- P.Chamaecerasus, բալենի ճապոնականը (սակուրա)- P.serrulata վարդազգիների ընտանիքի սալորազգիների ենթաընտանիքին պատկանող ծառատեսակ են։

Բնության մեջ վայրի տեսակում ավելի տարածված է (cerasus avium) կեռասենին, այն հանդիպում է Արեւմտյան Եվրոպայում, Ուկրաինայում, Կովկասում, Իրանում, Հայաստանի միջին լեռնային գոտու անտառներում։

Կեռասենին եւ բալենին սկսել են դիտարկել որպես առանձին տեսակներ 15-րդ դարի վերջից, դրանց առանձնահատկությունները նկարագրվել են «Գերբարիուս» գրքում։

Cerasus ենթաընտանիքի տեսակների բուժիչ հատկությունները անմիջականորեն կապված են դրանց պտղի գույնի հետ։

Մուգ պտուղները ավելի հագեցած են օգտակար սննդարար նյութերով։

Մենք ավելի հանգամանորեն կանդրադառնանք բալենու բուժիչ հատկություններին, կնշենք նաեւ կեռասենու առավելությունները։ Կա կարծիք, որ բալենի սովորականը (Prunius vulgaris) կեռասենու եւ բալենի տափաստանայինի հիբրիդ է։

Բալենին ունի առատ արմատային մացառներ, այն ցրտադիմացկուն է, չորադիմացկուն եւ լուսասեր է։ Բնական պայմաններում աճում է բոլոր գոտիներում, խոնավ հողերի վրա, տալիս է կողային ծիլեր։

Բալենու պտուղները պարունակում են մինչեւ 15 տոկոս շաքարներ, 11 տոկոս պեկտին, 1,5-2,5 տոկոս օրգանական թթուներ (խնձորի, կիտրոնի, խինինի, սաթի), դաբաղանյութեր, կումարին, ներկանյութ, 0,75-1,3 տոկոս ազոտային նյութեր։ 100 գ հումքի մեջ պարունակվում են հետեւյալ վիտամինները` 0,1 մգ կարոտին, 0,32 մգ տոկոֆերոլներ, 15 մգ ասկորբինաթթու, նիացին (PP)-0,4 մգ, բիոտին (H)-0,4 մկգ, B1-0,03 մգ, B2-0,03մգ, B5-0,08 մգ, B6-0,05 մգ, B9-6 մկգ, ֆլավոնոիդ կվերցետին, ռուտին, եւ այլն։ Պտուղը պարունակում է նաեւ կալիում, մագնիում, ֆոսֆոր, կալցիում, կոբալտ, յոդ, ցինկ, մարգանեց, քրոմ, բոր, մոլիբդեն, ֆտոր, պղինձ, երկաթ։ Կորիզում` 25-30 տոկոս ճարպայուղ, ամիգդալին, եթերային նյութեր, իսկ տերեւներում` դաբաղանյութ, ֆիտոնցիդներ, կումարին, ամիգդալին։

Բալենու տարբեր մասերում պարունակվում է տանին, այլ նյութեր։

Կեռասենու պտուղները շատ են սիրում թռչունները, այդ պատճառով այն հնում անվանել են` «քաղցր թռչնի բալենի»։ Բալենին լավ մեղրատու է, մեկ ծառից ստացվում է մինչեւ 1 կգ եւ ավելի մեղր։

Բալենու եւ կեռասենու փայտանյութը շատ արժեքավոր է, կորիզները օգտագործվում են օճառի եւ օծանելիքի արտադրությունում։

Բալենու (կեռասենու) բուժիչ հատկությունների մասին իմացել են հնագույն ժամանակներից։ Ա. Ամասիացին գրել է. «Բալենու խեժն օգնում է հազի եւ շնչարգելության դեպքում։ Տերեւների եփուկն անցկացնում է մրսածությունը։ Առավել օգտակար են բալի չորացրած պտուղները։ Եթե բալի չորացրած պտուղները տրորվեն, խառնվեն գինու հետ եւ տրվեն լեղապարկի քարեր ունեցող հիվանդին, ապա քարերը կտարրալուծվեն։ Բալի թարմ պտուղը կոտրում է ծարավը»։

Ավանդական բժշկությունը կարեւորում է բալի պտուղը` որպես ախորժակը լավացնող դիետիկ սնունդ, որն օգտակար է նաեւ անեմիայի, տենդային վիճակի դեպքում եւ թույլ լուծողական միջոց է։ Պտղամիսը եւ դրանից ստացված հյութը խորհուրդ է տրվում որպես հականեխիչ միջոց։

Վերջերս ԱՄՆ Կալիֆոռնիայի համալսարանի հետազոտողները կազմել են այն սննդամթերքների ցուցակը, որոնք ունեն լավագույն հակաօքսիդանտային հատկությունները։ Այդ ցուցակում բալի հյութը գտնվում է Հինգերորդ տեղում նռից, կարմիր գինուց, խաղողից, հապալասից հետո։ Նշվում է, որ բալի հյութը պահպանում է ծերացումից ատամներն ու աչքերը, լրացնում հեմոգլոբինի պակասը, նվազեցնում է ուռուցքների առաջացման հավանականությունը, խթանում ուղեղի աշխատանքը, նպաստում հիշողության պահպանմանը տարեց հասակում։

Այլ հետազոտությունների միջոցով պարզվել է, որ բալը նպաստում է ճարպի եւ շաքարի յուրացմանը օրգանիզմում, կանխարգելում սիրտ-անոթային եւ շաքարային դիաբետ հիվանդությունների առաջացումը եւ զարգացումը։

Բալենու տերեւները եւ պտուղը պարունակում են մանրէասպան հատկություն ունեցող ֆիտոնցիդներ, բալենու տերեւները (ընդամենը մի քանի հատ) ավելացնում են թթուների եւ մարինադների մեջ։ Ի դեպ, հին ժամանակներից տարածում է ունեցել բալի պահածոյացման հետեւյալ ձեւը.

– Տարայի հատակին դրեք տերեւները, վրայից` մեկ շերտ պտուղը, շարունակեք նույն հերթականությամբ, վերջին շերտը ծածկեք տերեւներով, պահեք հով տեղում։

Բալենին պարունակում է զգալի քանակությամբ հակակոնցեռոգեն հատկություն ունեցող ֆլավոնոիդներ, որոնց ազդեցությունը կուժեղանա, եթե խառնեք (20։1) բալի եւ մաղադանոսի հյութերը, բաժանեք 3 մասի, խմեք օրը մինչեւ 200 մլ։

Մուգ պտուղներում P-վիտամինային կենսաբանորեն ակտիվ նյութերի պարունակությունը հասնում է մինչեւ 900 մգ 100 գ պտղամսի մեջ, որը գրեթե չի զիջում արոսի սեւապտղին։

Ռուտինը նպաստում է C վիտամինի յուրացմանը, վերքերի ապաքինմանը, թեթեւացնում վիճակը արթրիտի դեպքում։

Բալենու պտղամսում պարունակվող անտոցիանները եւ կալիումը նպաստում են անոթների ամրացմանը, օգտակար են սրտին։

Բալը եւ կեռասը պարունակում են արյունաստեղծ միկրոտարրեր` երկաթ, պղինձ, կոբալտ։ Այս տարրերը բարձրացնում են հեմոգլոբինի մակարդակը արյան մեջ։

Բալենին հարուստ է կումարինով, այս նյութի պարունակությամբ զիջում է միայն մորուն, սեւ հաղարջին եւ նռանը։ Կումարինը նպաստում է օրգանիզմի կենսագործունեության ակտիվացմանը, կարգավորում արյան մակարդելիությունը, կանխարգելում թրոմբի առաջացումը։

Գիտնականներն առաջարկում են բալի հյութը` որպես անվնաս քնաբեր միջոց։ Նրանք գտնում են, որ դրա պատճառը մելատոնին հորմոնն է։ Խմեք 100-ական մլ առավոտյան եւ երեկոյան։

Աթերոսկլերոզի, արթրիտի, հոդատապի, սակավարյունության, բրոնխիտի դեպքում խմեք օրվա ընթացքում մեկ բաժակ բալի հյութ։

Շնչառական ուղիների հիվանդությունների դեպքում գոլացրեք հյութը։

Բուժիչ նպատակներով օգտագործվում են նաեւ պտղակոթերը, մատղաշ ճյուղերը, արմատը, տերեւները (թարմ եւ չորացրած)։ Պահպանման ժամկետը երեք տարի է։

Պտուղները ճիշտ է հավաքել երեկոյան հովին։ Բալի չիրը նվազեցնում է կախվածությունը նիկոտինից, օգտակար է թունավորումների դեպքում` հատկապես թունավոր հղիության, եփուկը խորհուրդ է տրվում երեխաներին` որպես ջերմությունը իջեցնող միջոց.

– 100 գ բալի չիրը եփեք 500 մլ ջրի մեջ, մինչեւ մնա 100 մլ հեղուկ։ Օգտագործման չափաբաժինն է 1-2 թ/գ, օրը 2-3 անգամ։

Բալը հակացուցված է փորկապության, ստամոքսահյութի բարձր թթվայնության, ստամոքսի խոցի, գիրության եւ շաքարային դիաբետի դեպքում։

Կարեւոր է իմանալ, որ բալի պտղի կորիզում պարունակվում են թունավոր նյութեր։ Հատկապես վտանգավոր է երկար ժամանակ պահպանված մուրաբան, ոգեթուրմը, կոմպոտը, որոնք պատրաստված են կորիզից չազատված պտուղներից։

Սակայն պտուղներից կարելի է պատրաստել «հրաշագործ պարկիկ»։ Պահեստավորեք բալի եւ կեռասի կորիզներ, չորացրեք, լցրեք ամուր կտորից (քաթանից) պատրաստված պարկի մեջ։ Կատարեք ոտնատակի եւ ցավոտ հոդերի մերսում։ Անհրաժեշտության դեպքում «սարքը» գոլացրեք։ Այս պարկիկը պատրաստելու համար հարկավոր են հազարավոր պտուղներ, այնուամենայնիվ, ձեր համբերությունը լիովին կվարձատրվի։

Երիկամները մաքրող միջոց. Կտրեք մատղաշ ճյուղը նոր ձեւավորված բողբոջի հետ (մոտ 10 սմ երկարության` 8-10 հատ), եփեք 10 րոպե 2 լիտր եռջրի մեջ, թրմեք 1 ժամ տաք տեղում։ Քամեք։ Խմեք օրը 4-5 անգամ 200 մլ` խառնած 1 թ/գ մեղրի հետ։ Բուժման ժամկետը` 10 օր։ Կրկնեք 10 օր հետո (եւս 2 անգամ)։ Նույն հումքը կարող եք օգտագործել 2-4 անգամ։

Գիրության դեպքում. Խառնեք բազուկի, բալի, լոռամրգի հյութերը (1։1։1), բաժանեք 3 մասի։ Խմեք օրվա ընթացքում, սնունդ ընդունելուց մեկ ժամ առաջ։

Դողէրոցքի դեպքում. Խառնեք բալի հյութը ջրին (3։1)։ Օգտագործեք որպես թարմացնող, հակաբորբոքային եւ ջերմիջեցնող միջոց։

Մրսածության դեպքում. 1 կգ բալի պտուղները 5-10 րոպե եփեք 1 լ չոր Կարմիր գինու մեջ։ Ավելացրեք շաքար (ըստ ճաշակի)։ Խմեք 200-300 մլ օրվա ընթացքում։

Ստամոքսի խոցի դեպքում. 60 գ մանրացրած բալի արմատը 4-5 ժամ թրմեք 1 լ եռջրի մեջ։ Տաքացրեք ջրային բաղնիքի վրա, թրմեք եւս 1 ժամ։ Խմեք սնունդ ընդունելուց կես ժամ առաջ 60-70 մլ, մեկ օրվա չափաբաժինը 200 մլ է։ Բուժման ժամկետը` 14 օր։

Միզամուղ միջոց. Թրմեք պտղակոթերը (10 գ) 40 րոպե 200 մլ եռջրում, քամեք, խմեք օրվա ընթացքում։

Արթրիտի դեպքում. 1 բաժակ կորիզներից մաքրած բալի պտուղներին ավելացրեք 200 մլ տաք կաթ։ Խմեք գոլ վիճակում։

Աղմուկ ականջներում, հիպերտոնիա, դիմադրողականության անկում. Մատղաշ ցողունները մանրացրեք, լցրեք ապակե տարայի մեջ, ավելացրեք այնքան օղի, որ հումքը ծածկվի։ Ոգեթուրմի տարան 20 օր պահեք մութ տեղում` կիպ փակված վիճակում։ Քամեք, հումքին ավելացրեք նույն քանակության օղի եւ թրմեք 12 օր։ Կրկին քամեք, զտեք եւ խառնեք երկու թուրմերը։ Խմեք մեկական ճ/գ, օրը 2 անգամ։ Բուժման 1 ամսվա համար պահանջվում է 1 լ ոգեթուրմ։ Խորհրդակցեք բուժող բժշկի հետ։

Դիմակ

Ճարպոտ մաշկի դեպքում. Տրորեք 100 գ բալի պտուղները, մաքրեք կորիզներից եւ կեղեւից, ստացված զանգվածին խառնեք 1 ճ/գ օսլա։ 10-15 րոպե պահեք դեմքին, լվացեք գոլ ջրով։ Դիմակը թարմացնում է մաշկը, նեղացնում է ծակոտիները։