Միշել Բյուտոր «Որտեղի՞ց եք դուք դա վերցնում»

22/06/2011 Վարդան ՖԵՐԵՇԵԹՅԱՆ, թարգմանություն

Այսպիսով կա երեք ավանդական պատասխան` առաջինը, որ մենք չգիտենք, եւ նույնիսկ, եթե փորձում ենք իմանալ, ապա մեզ հայտնի կլինի լոկ ինչ-որ մասը, եւ, այսպիսով, բոլոր հնարավոր բացատրություններից հետո, մենք միշտ, վաղ թե ուշ, կհանգենք սեփական անգիտության մասին մտքին, երկրորդը, որ տեքստը ծագում է այն բանից, ինչ կդառնա, եւ երրորդը, որ տեքստը ծագում է այն բանից, ինչ նա դառնում է, ինչ որ սկսում է լինել: Բայց եթե դուք միաժամանակ եւ գրող եք, եւ համալսարանի դասախոս, դուք ոչ միայն կարող եք, այլեւ պետք է փորձեք իրերին նայել երկու կողմից, նայել «մինչին» եւ «հետոյին», արտաքինին եւ ներքինին, լույսին եւ ստվերին, յուրաքանչյուր դա գիտակցող կամ պարզապես գիտակցող գրողի դիրքորոշումը երկիմաստ է: Իմ գործընկերներից մեկը կարող է ուսումնասիրել իմ ավարտած տեքստը, համեմատել դրանք այլոց հետ, հետամուտ լինել դրա ակունքներին, բայց ես ինքս էլ կարող եմ դրանով զբաղվել, չնայած ինձ համար ծագող լրացուցիչ դժվարություններին, ընդ որում, դեռեւս մինչ տեքստն ավարտելը: Ի դեպ, ինչ-որ իմաստով տեքստն ամբողջությամբ երբեք չի ավարտվում: Եթե ես գիրք եմ տպագրում, ապա ոչ այն պատճառով, որ ես բավարարված եմ, այլ այն պատճառով, որ այլեւս չգիտեմ, թե ինչպես հետագայում դրա վրա աշխատեմ: Տպագրում եմ` ասես հուսահատության մեջ: Ոչ թե` որ այն ավարտված է, ինձ պարզապես պետք է ընթացքը փոխանցել ինչ-որ մեկ ուրիշին, ես պաղատում եմ շարունակել գործը:

Հաճախ ես լիովին ի վիճակի եմ հարցադրմանը ինչ-որ բան պատասխանելու` որտեղից է վերցվում տեքստը, սակայն, երբ ես սկսում եմ դրա մասին մտորել, ապա տեսնում եմ, որ այն, համենայն դեպս, երեք տարբեր նշանակություն է ենթադրում.

1. Որտեղից են վերցվում շինարարական նյութերը, խորանարդիկները, որոնցից դուք կանգնեցրել եք ձեր կառուցվածքը (գրականության պատմության մեկնաբանությունը դարասկզբին):

2. Որտեղից է այդ տարբերությունը` դուք տարօրինակ բաներ եք ստեղծում, ինչպես է ստացվում, որ դուք գրում եք ոչ այն, ինչ սովորաբար գրում են։

3. Որտեղի՞ց է ձեր մեջ ծնվում այդ տարբերությունը դրսեւորելու էներգիան:

Որտեղի՞ց է վերցվում նյութը

1. Բառարանից

Տեքստը միշտ բառերից է բաղկացած: Մի անգամ Դեգան Մալարմեին ասաց, որ շատ կուզենար բանաստեղծություններ գրել, եւ, որ ինքն այդ առթիվ շատ գաղափարներ ունի: Զրուցակիցը պատասխանեց, որ բանաստեղծությունները գրվում են բառերով, այլ ոչ թե գաղափարներով: Դուք հանքահորի ներսում եք: Եթե դուք նույնիսկ նոր բառեր եք հորինում, ինչպես Լյուիս Քերոլը կամ Ջոյսը, միեւնույն է, դրանք ստեղծվում են հներից, գրականությունը միշտ սկսվում է բառերի հանդեպ ուշիմ վերաբերմունքից:

Դա դժվար չէ տեսնել վեպի օրինակով: Մեծ արձակագիրը նա է, ով կարողանում է գործող անձանց ստիպել խոսել, ով նրանց սեփական ձայն եւ տեմբր է պարգեւում: Թատրոնում դուք ունեք դերասանի միջնորդությունը: Իսկ երբ դուք տանը վեպի հետ մեն մենակ եք, դուք` ինքներդ ձեզ, թե թատերական խումբ եք, եւ թե ներկայացման բոլոր դերասանները: Այն զգացողության ստեղծման համար, թե պերսոնաժն իր ձայնն ունի, անհրաժեշտ է, որպեսզի որոշակի կերպով ընտրած բառերը դասավորվեն ինչ-որ համակցության մեջ, որն անսովոր ձեւով պիտի կատարվի: Այդպիսի կարեւոր որակը բնորոշ է Հենրի Ջեմսին եւ Պրուստին: Դա հնարավոր է դառնում միայն այն ժամանակ, երբ հեղինակը ելնում է ոչ թե հորինված տիպից, որ անհասկանալի է, թե հետո ինչպես է խոսելու, այլ զատում է պերսոնաժին իր բացատրվելու եղանակից: Իակական գրողը նա է, ով ընթերցումից, եւ հատկապես խոսակցությունից ունակ է որոշակի նախադասություններ առանձնացնելու` բառերի հաճախականությունը, որոնք գրի մեջ նշանակում են ինչ-որ մեկի անհատականությունը: Պերսոնաժը կարող է ծնվել լեզվի յուրահատկությունից:

2.Հանրագիտարանից

Անշուշտ, այստեղ ոչ միայն բառերն են, նախադասությունները, համակցումները, այլ նաեւ տեքստերը եւ այն ամենի ողջ աշխարհը, ինչը որ արդեն գրվել է: Այլ կերպ ասած, գրականության մեծ հանքահորն է գրադարանը կամ հանրագիտարանը: Երբեմն դուք բառի, անվանման կամ արտահայտության, մեջբերման, պատմության կարիքն ունեք, դրանք ձեր լեզվի ծայրին են, եւ դուք քրքրում եք գրադարակները, որպեսզի գտնեք հենց այն, ինչ պետք է, կամ ավելի հաջող տարբերակ:

1981 թվականի նոյեմբերին ես եկա Օքլահոմա իմ գրքերին նվիրված կոլոկվիումի: Ես կամեցա մասնակիցներից յուրաքանչյուրին նվեր անել, եւ երկու ամսվա ընթացքում, որ Կոլումբիայում էի, ես այս ու այն կողմ էի գնում ինչ-որ գաղափար գտնելու փնտրտուքներով: Այնտեղ փողոցներում շատ ագռավներ կային, եւ մեծ, վսեմաշուք ագռավներ` «անցյալի մռայլ, անդուր, տխրամած, վտիտ, չարագույժ թռչունները»: Կարելի էր էլի համապատասխան բնորոշումներ գտնել: Դրանք զուգորդվում էին շատ բաների հետ, որ գտնվում են զանազան գրադարակներում: Ես գիտեի, որ, Հյուսիս-Արեւմտյան ափի հնդկացիների համար դա շատ կարեւոր էակ է, հասկանալի է, որ կա Էդգար Պոյի բանաստեղծությունը, որը հայտնի է ոչ միայն ամերիկյան, այլեւ ֆրանսիական գրականության մեջ, քանզի այն թարգմանել են մեր երկու մեծագույն բանաստեղծները: Ես ուղեւորվեցի որոնումների` դեպի Վիկտորիայի համալսարանի գրադարանը եւ, բարեբախտաբար, հայտնաբերեցի Մալարմեի թարգմանությունը, որն ինձ տնկի ծառայեց, որի վրա ես մի այլ ճյուղ պատվաստեցի, քանզի never more-ը (երբեքը), բնականաբար, չէր համապատասխանում տվյալ տոնին: Եվ ես որոշեցի, ավելի ճիշտ` ագռավները կռավեցին, որ արժե այն վերածել հնդկացիական հեքիաթի: Կամեցա տասնութ զանազան տարբերակներ անել (այդ ժամանակից ի վեր ես մեկն էլ հորինեցի` տասնիններորդը, եւ ես սկսեցի քրքրել Ֆրանց Բոասի ազգագրական աշխատությունները, որոնցում էլ ես հիանալի ջիղ գտա եւ այնտեղից մակաբերեցի ինձ անհրաժեշտ մետաղը):

Կնշանակի, ինչ-որ բան ննջում էր գրադարանում սպասման մեջ հեռավոր երկրից բանբերի, ով նրան կարթնացնի. եւ Պոյի բանաստեղծությունից ես կամեցա տասնութ տարբերակ հորինել, ոչ միայն այն բանի համար, որ մասնակիցներից յուրաքանչյուրն իրենն ունենար, այլ նաեւ այն պատճառով, որ տեքստի հիմքում տասնութ տող է:

3. Ճամփորդությունից

Դեռեւս աշխարհի բոլոր գրախանութները լեցուն չեն, այդ պատճառով մենք նորից գրում ենք: Գրքերը թե չափազանց շատ են, եւ թե անբավ: Գրքեր կան, բայց ոչ նրանք, որ մենք կուզենայինք: Գրադարանում եղածի եւ ընդհանուր խոսակցության միջեւ գոյություն ունի տարաձայնություն, բայց այն առավել ակնհայտ է ընդհանրապես մարդկային լեզվի եւ, այսպես կոչված, իրերի լեզվի միջեւ: Մենք անընդհատ ինչ-որ մինչեւ վերջ չասված բան ենք զգում: Մենք ամեն ինչ տեսնում ենք լեզվի պրիզմայի միջով, եւ ընդմեջ դրա մենք տեսնում ենք նրա անհամապատասխանությունը: Երբ մենք հայտնաբերում ենք այն, ինչը մեզ դյութում է, առաջին հակազդեցությունը` դա աննկարագրելի հայտարարելն է: Հետո հայտնվում է գրողը, ջանում է նկարագրել աննկարագրելին, վատ թե լավ գլուխ է հանում` ընդլայնելով լեզվի ընդհանուր ոլորտը, ելնելով անբավության զգացողությունից, որ ծնվում է միաժամանակ ներսից ու դրսից:

2
Որտեղի՞ց է վերցվում տարբերությունը

Դուք ելնում եք երազներից` դրանցից նոր համակցություններ կազմելով: Գրադարանում դուք կարդում եք այն, ինչը սովորաբար չեն կարդում, եւ ճամփորդում եք ոչ մի բանի չնմանվող վայրերում: Որտեղի՞ց է այդ յուրօրինակությունը:

1. Մանկությունից

Դա ծնվում է լեզվի ներսի հակասություններից, բնանկարի գրականությունից: Ցանկացած խոսք` արդեն մի ողջ աշխարհ է, քանզի այն կապված է այնքան բազում այլ խոսքերի եւ իրերի հետ, որ այդ կապերից գլուխ հանելը բարդ է, ընդ որում, յուրաքանչյուրն ունի իր կապերը: Ամեն ինչ այնքան խճճված է, որ առօրյա կյանքում անհրաժեշտ է դեն նետել, ժխտել մեկ բառի նշանակությունների մեծամասնությունը, այլապես ոչինչ չի ստացվի: Հարկ է ձեւացնել, թե բառերը միաիմաստ են, համարյա` ինչպես գիտական լեզվում, թեպետ, եթե դրանք այնտեղ էլ միաիմաստ չեն, ապա խոսակցական լեզվում` առավել եւս: Գրականությունն ամենից առաջ ներթափանցվում է այդ երկիմաստությամբ:

Այնքան վտանգավոր, որ, երբ դուք սկսում եք գործնականում այն կիրառել, դուք տեղնուտեղը հայտնվում եք անհարմար եւ դյուրախախտ իրավիճակում, քանի որ մեր հասարակության ներսի բոլոր հակասությունները, եւ մասնավորապես նրանք, որոնց մասին կուզենայինք լռել, արտացոլվում են մեր բառարանի բարդություններում:

Մենք ձեւացնում ենք, թե իբր ավելի հեշտ ենք հասկանում այն, ինչը մեզ ինչ-որ մեկն ասում է, որոշակի հստակ իրավիճակներում դա իսկապես դժվար չէ, եթե չեն փոխվում վայրը, զբաղմունքների տեսակը, սովորույթները: Բայց հենց դուք դուրս եք գալիս թաղամասի սահմաններից, բառը սկսում է խուսանավել, ասես իր կյանքով ապրել, իսկ եթե մտորենք լեզուների բազմակերպության մասին, ամեն ինչ մեկեն պարզվում է: Ֆրանսիական բառն անգլերենում կամ գերմաներենում, եթե նույնիսկ այն նույն կերպ կամ համարյա նույն կերպ է գրվում, միշտ նշանակությամբ տարբերվում է: Եթե դուք խոսում եք երկու լեզվով, դուք արդեն կեցած եք այն լեզվաբանական սահմանի վրա, որպեսզի շարունակեք խոսակցությունը եւ այլոց եւ ինքներդ ձեզ հետ մշտապես չմարտնչեք, դուք անընդհատ ստիպված եք լինում մարելու եւ հարթելու բախումները: Երբ խոսքը գերհագեցած է խնդիրներով եւ երկիմաստություններով, դուք պաշտպանվելու համար վահանի կարիք ունեք: Սակայն նրա պաշտպանության ներքո էլ իրարանցումը շարունակվում է, եւ տարբերությունը պաշտպանական մակերեւույթի եւ վտանգավոր խորության միջեւ ավելի ու ավելի ակնհայտ է դառնում: Լարվածությունն աճում է, եւ մի հիասքանչ օր ամեն ինչ կործանվում է: Բառն ասես շրջվում է, եւ նրան շրջապատող ողջ խոսքի մեջ այնպիսի հանկարծաշրջում է տեղի ունենում, որ նոր տեքստի կարիք կլինի, որպեսզի բնականոն կյանքը նորից սկսվի:

Լուսարձակի ազդանշանները ամենատարրականը պիտի լինեն: Կանաչը` «գնալ», կարմիրը` «կանգնել», որովհետեւ արեւմտյան առասպելաբանության մեջ կարմիրը սովորաբար զուգորդվում է վտանգին: «Կուլտուրական հեղափոխության» ժամանակ երիտասարդ չինացիները Մաո Ցզեդունին լուսարձակի գույնը փոխելու խնդրանքով հանրագիր ուղարկեցին, քանի որ կարմիրն, իբր թե, հեղափոխության, առաջընթացի, արշալույսի գույնը, նրանց համար նշանակում էր «գնալ»: Սակայն սիմվոլի տարածությունը չափազանց հոծ գտնվեց, դա ինքնին այնքան էր արմատավորվել բոլոր միջազգային հարաբերություններում, որ հիմա էլ Չինաստանում կարմիր գույնը նշանակում է «կանգնել»:

«Սպիտակ» բառը մեր հասարակության մեջ կարեւոր դեր է խաղում, համարյա բոլոր ոլորտներում այն իր կոնկրետ նշանակություններն ունի: Քաղաքականության մեջ այդ բառը բացառիկ կարեւորություն ունի: Այն կապված է ռասիզմի, բարոյականության, հիգիենայի եւ այլ խնդիրների հետ: Սկզբնական կրթության մեջ եւ առօրյա կյանքում հարաբերությունը սովորաբար արտահայտվում է այսպես` սպիտակը լավ է: Որոշ դեպքերում մենք գիտենք, որ սպիտակը պարտադիր լավ բան չէ նշանակում, թեպետ ամենից հաճախ մենք ստիպված ենք լինում կամ թաքցնելու, կամ ժխտելու եւ դեն նետելու իրենց մեջ տարատեսակ վտանգներ թաքցնող համանման անոմալիաները:

Ամերիկյան գրականության մեջ կա այսբերգի նմանվող «blanc» կամ «white» շրջված խոսքի հիասքանչ մի օրինակ: Դա «Մոբի Դիքի» «Կետաձկան ճերմակությունը» հանրահայտ գլուխն է: Մոբի Դիքը` ճերմակ կետաձուկ է, եւ համենայն դեպս ինչ-որ իմաստով եւ գրքի որոշ պերսոնաժների համար ճերմակությունը կապված է չարի հետ: Մելվիլն այդտեղ փորձում է եզան եղջյուրներից բռնել եւ ուրվագծել այդ բառի բոլոր անոմալիաները, նա ստիպում է մեզ դիտարկել նրա շրջոնքն ու խորագաղտնիքները: Նա գրադարանում ճերմակի, որպես լավ բանի համապատասխանող բազում օրինակներ է գտնում, ինչն ամենահամապարփակն է պատկերանում, պնդում է, որ այստեղ նա շատ ավելի շատ է լուսավորյալ, քան ցանկացած ընթերցող, իսկ այնուհետեւ, երբ զարմանալի նախադասությունը, որի վերջը դուրս է պրծնում «Բումերանգի» էջերում, հասնում է գագաթնակետին, հանկարծ հնչում է «այնուամենայնիվ»-ը («yet»` հոդակապ, որի վրա բառը շրջվում է, բացահայտելով նրա գաղտնիքներն ու սեւությունը). «Թեեւ բնության մեջ ճերմակությունն հաճախ հավելում եւ վսեմացնում է գեղեցկությունը, ասես նրան ընծայելով իր սեփական առանձնահատուկ արժանիքները, ինչպես մենք դա տեսնում ենք մարմարի, ճապոնական քամելիաների եւ մարգարտի օրինակով, եւ թեպետ շատ ժողովուրդներ այսպես թե այնպես արժանին են մատուցում այդ գույնի արքայական գերադասությանը, չէ որ նույնիսկ մեծ Պեգուի հինավուրց արքաները տեղադրում էին «Ճերմակ Փղերի Տիրակալ» տիտղոսը ի վերա իրենց հզորության բոլոր մնացյալ պերճախոս նկարագրությունների, իսկ Սիամի ժամանակակից թագավորների մոտ հենց նույն ճերմակաթույր չորքոտանին է դրոշմված արքայական դրոշի վրա, իսկ Հանովերյան զինանշանի վրա կա ձյունաճերմակ նժույգի պատկերը, եւ Ավստրիական կայսրությունը, ամենիշխան Հռոմի ժառանգը, իր կայսերական զինանշանի համար ընտրեց միեւնույն վեհասքանչ գույնը, թեպետ հենց նույն ճերմակության գերազանցության հասկացությունը կիրառելի է եւ մարդկային ցեղի հանդեպ, ասես սպիտակ մարդուն համակելով թուխ ժողովուրդների վրա իշխելու ինչ-որ իդեալական իրավունքով, եւ թեպետ, ամեն ինչից զատ, ճերմակ գույնը ընդունված նույնիսկ որպես բերկրանքի գույն, քանզի հռոմեացոց շրջանում տոնական օրերը նշվում էին սպիտակ քարով, ու թեեւ բոլոր մարդկային հասկացություններով եւ զուգորդումներով ճերմակությունը խորհրդանշում է բազում հուզիչ եւ վսեմ բաներ` հարսների անմեղությունն ու ծերերի փափկասրտությունը, թեեւ Ամերիկայի կարմամորթների մոտ ճերմակ ժապավեն-վամպում շնորհելը մեծագույն պատիվ էր համարվում, թեեւ շատ երկրներում կզաքիսի ճերմակ գույնը դատական հանդերձանքում արդարադատության էմբլեմն է, եւ հենց այն էլ կաթնաճերմակ ձիու տեսքով սատարում է թագավորների եւ թագուհիների ամենօրյա մեծությանը, թեեւ վսեմագույն կրոնների մեծագույն խորհուրդներում ճերմակ գույնը միշտ համարվել է աստվածային անարատության եւ ուժի խորհրդանիշը` պարսից կրակապաշտների մոտ զոհասեղանի վրա բորբոքվող ճերմակ երկատված հուրը ամենից բարձրն էր երկրպագվում, իսկ հունաց դիցաբանության մեջ հենց ինքը` մեծ Զեւսը, ճյունաճերմակ ցլի տեսք էր առնում, ու թեեւ ձմռան թեժ պահին սրբազան Ճերմակ Շան զոհաբերությունը վեհանձն իրոկեզների մոտ իրենց աստվածաբանության համաձայն դիտարկվում էր` ինչպես ամենահանդիսավոր տոնը, իսկ այդ ճերմակագույն, հավատարմագույն էակը ամենաարժանավոր բանբերն էր համարվում Մեծ Հոգու հետ հանդիպման համար, որին նրանք տարեցտարի ուղերձներ էին հղում` ի նշան իրենց անհողդողդ հավատարմության, ու թեեւ քրիստոնյա քահանաները փոխառել էին լատիներեն «albus» (սպիտակ) բառը ալբայի (ժամաշապկի)` իրենց սրբազան հանդերձանքի որոշ մասի համար, որ հագնում էին պարեգոտի տակից, թեեւ հռոմեական եկեղեցու աստվածային պերճաշուքության մեջ ճերմակ գույնը հատկապես շատ է կիրառվում Տիրոջ Չարչարանաց գովաբանման մեջ, թեեւ սուրբ Հովհաննու Հայտնության մեջ օժտված են ճերմակ հանդերձանքներով եւ ճերմակով պարուրված քսանչորս սրբակյաց ծերերը ճերմակով են հանդերձված, կեցած են մեծ ճերմակ գահի առջեւ, որի վրա բազմած է սուրբ եւ ճշմարիտ Տիրակալը, ճերմակը, հանց ճերմակ ալիք, հանց ձյուն, այդուհանդերձ, չնայած այդ միագումար զուգորդումներին ամենայն ինչում, ինչ լավ է, վսեմ ու ազնիվ, ճերմակության հենց գաղափարի մեջ ինչ-որ անորսալի բան է թաքնված, բայց առավել սահմռկելի, քան արյան չարագույժ կարմիր գույնի մեջ»:

Հետո նա մեկ անգամ էլ գնում է գրադարան եւ վատ ճերմակության մի քանի հիանալի օրինակներ է հայթայթում, հետազոտելով, այսպիսով, բառի հակառակ անտեսանելի կողմը, մեկը մյուսի ետեւից ուսումնասիրելով շատ այլ խոսքերի, այլ բաների թաքնված կողմերը, մեր հասարակության եւ մեր պատմության թաքուն կողմերը: Այդպիսի շրջադասությունը հետզհետե հանգեցնում է գրադարանում նշանակալից վերադասավորությունների, եւ հետեւաբար` նոր տեքստերի երեւան գալուն:

Սակայն նմանատիպ բան հնարավոր է լոկ, եթե դուք այնքան էլ կաշկանդված չեք առօրյա անհրաժեշտությամբ: Պետք է կարողանալ փոքր-ինչ հեռվից նայել, անշտապ քանդել ընտել կապերը, որոշ ժամանակ դրանք զատել: Բառերի ու կառուցվածքների հետ խաղալու համար` դուք պետք է քանդեք օղակի շղթաները եւ թափահարեք դրանցով:

Սովորաբար ինձ համար խիստ հաճելի է, երբ նկարիչը ինձանից ցուցահանդեսի կատալոգի կամ փորագրանկարի տակ մակագրելու համար տեքստ է խնդրում, ինձ հետաքրքիր է, ես ինչ-որ բան սկսում եմ երեւակայել, բայց կարգին չգիտեմ` ինչ: Բայց ահա ժամկետն ավարտին է մոտենում, եւ ես պետք է որոշեմ: Ես գնում եմ շրջելու: Քայլելիս բնանկարը կամացուկ շարժվում է, եւ բառապաշարի, գաղափարների, իմ ներքին մենախոսության ներսում շարժում է տեղի ունենում` ծառը հաճելիորեն խախտում է ավանդական զարգացումը, կտուրը, զգեստի գույնը կամ աչքը շեղում է իմ խոսքի ընթացքը, եւ այդտեղ շրջադարձի վրա ապակին մաքրվում է, նկարը ուրվագծեր է ձեռք բերում, եւ ես տեսնում եմ, թե ինչ եմ անելու:

Ներշնչանքի եւ խաղի միջեւ այդպիսի կապը մեզ ուղիղ տանում է առ մանկություն: Ձեզ հիանալիորեն հայտնի է, որ բառը կապված է լինում ինչ-որ բանի հետ, բայց որոշակի պահից դուք ստիպված եք լինում ձեւացնել, թե իբր դա չկա, թե իբր դուք դա չգիտեք: Ենթադրենք, դուք գիտեիք, որ «ճերմակը» միշտ է «լավը», բայց, որպեսզի հասունանաք, որպեսզի ձեզ հասուն ճանաչեն, դուք ստիպված եք լինում համապատասխան տեսք ընդունել: Բայց ահա դուք մոտենում եք բառին այլ կողմից, եւ դուք վերադառնում եք առ այն, որ նախկինում մերժել էիք:

Այն, ինչ մոռացված է, սպասում է գրադարանում, եւ ձեր գիտակցության ամբարներում դեռ շատ բան է ձեզ սպասում: Ներշնչանքի պահը, երբ իրերը սկսում են ձեւ ձեռք բերել, սովորաբար կապված է ինչ-որ խորունկ թաքնված փորձի վերադարձի հետ:

Եթե մարդիկ ինձ հետ խոսում են իմ գրքերի մասին, ես մեծավ մասամբ արդեն չեմ հիշում, թե ինչ եմ գրել: Նրանք դրանք ինձնից լավ գիտեն, քանզի հարկ էր, որ ես դրանք մոռանայի եւ դրանցից նորերը ստեղծեի: Բայց երբ դրանց մասին խոսում են մանրամասներով, ես կտրուկ ամեն ինչ հիշում եմ, եւ այդ բուռն ալիքներով ափ են նետվում եւ այլ հիշողություններ: Հիշողության փոթորկի պես մի բան: Այդպիսի պահերին հայտնվում է իմ նոր «եսը», կորսված «եսի» ուրվականը:

2. Գիշերից

Նախնական տեքստը վերցվում է հեղինակի եւ նրա անցյալի հատուկ հարաբերությունից, այն ծնվում է լեզվի եւ որոշակի փորձի միջոցով: Նյութի շարժումը, որ պետք է այդ «տարբերության» ծագման համար, ազատ ժամանակ է ենթադրում, իսկ ամենայն ինչից ազատ ժամանակը` դա մեր քունն է, այն խոր քունը, որում մեզ հայտնվում են մեծ երազները:

Երազում մենք ներկա ենք լինում մեր հիշողության վերադասավորմանը, եւ մեր հիշողություններն ու փորձը ասես վերածվում են զառի` դրանք անդադար նետում են, եւ անընդհատ նոր համակցումներ են հայտնվում, որոնցում ազատ արտահայտված են մեր զգացողությունները` եւ առանձնապես նրանք, որոնք մեզ օրվա ընթացքում հարկավոր չեն:

Երազում կարելի է խաղալ իրերի հետ շատ ավելի լավ, քան կեսօրին, նույնիսկ ամենաբարեպատեհ հանգամանքներում, քանզի սույն խորունկ կացարանը, քնի քարանձավը ինչ-որ առումով պահպանվում է արդեն գոյություն ունեցող բոլոր մակարդակներում: Երազում մենք փորձեր ենք դնում ազատության առանձնահատուկ տեսարանով: Երբ այն, ինչ այնտեղ տեղի է ունենում, դուրս է սողոսկում արթնացման պատից, դուք հաճախ որ ստեղծագործություններն եք տեսնում` Քոլրիջի «Կուբլա-խանը»` դրա դասական օրինակն է:

3. Լռությունից

Քանի որ յուրօրինակության ակունքները` մանկությունն ու երազն է, իսկ մանկությունը սովորաբար անցնում է երազում, շատ կարեւոր է պահպանելը կամ կապ հաստատելը երազի եւ գրի միջեւ, գրից ինչ-որ արթմնի երազ ստեղծելը: Այստեղ շատ պետք է պրոսոդիան, որի մասին ես արդեն խոսել եմ: Գիրը մինչեւ այժմ ինչ-որ մոգական հատկություն ունի, որն այսօր մոռացվել է, բայց որն ակնհայտորեն առկա է Հին Հունաստանի եւ Հին Հռոմի գրականության մեջ: Գրի մեջ, որքան էլ տարօրինակ է, շատ բան կա պարից եւ ձեռքի աշխատանքից: Այն բանի համար, որ գրի մեջ կամ դրան նախապատրաստվելիս ուժի մեջ մտնի արթնության եւ քնի մեջ եղած խաղը, անհրաժեշտ է լռությունը: Ներսից եւ դրսից: Իհարկե, հարկ է աշխատել, ինչ-որ տեղեկություններ ձեռք բերել, փորձել մեկ այս, մեկ այն: Բայց գրականության մեջ պետք է նաեւ շրջված մղձավանջը:

1.
Աղքատությունը դառնում է հարստություն

Սակայն նորի հայտնությունը եւ երանավետ յուրօրինակության հպումը ձեզ բավարար չէ, որպեսզի դա ֆիքսես, բացահայտես, հարկ է մաքառել, աներեւակայելի էներգիա է պետք, քանի որ, շրջելով կարեւոր խոսքը, եւ կնշանակի` սոցիալական գործունեության կարեւոր դետալը, դուք սովորաբար մոլեգին հակազդեցություն եք հարուցում: Երբ մենք մտորում ենք մեծ գրողների, երաժիշտների, նկարիչների ստեղծագործությունների մասին, մենք ապշում ենք դրանց համար պահանջվող վիթխարի աշխատանքից: Ոչ ոք ունակ չէ աշխատելու այնքան, որքան Բեթհովենը, վաղ հեռացած Շուբերտն ու Մոցարտը: Ի՞նչն էր նրանց ուժ տալիս: Անշուշտ, այդ ամենի ետեւում` տառապանքն է, ինչ-որ բանի անբավությունը, աղքատությունը, արվեստում մենք տեսնում ենք, թե ինչպես է աղքատությունը վերածնվում հարստության:

Ներշնչանքը պարտադիր չէ որ վերցվի լիությունից: Ամենեւին ոչ: Այն ծնվում է պահանջից եւ այնպիսի սուր ցավից, որը չի կարող սերել կոնկրետ մարդուց: Այն վերցվում է հասարակության մեջ եղած հակասություններից, ինչ-որ վայրում կամ ինչ-որ մարդու մեջ, ով չի կարողանում տանել այն, ինչ մյուսները, հասունացած չիբանի բորբոքումից: Տրորված լինելու բախտից խուսափելու համար նա պետք է էներգիան կենտրոնացնելու զանազան միջոցներ փնտրի, ինչն անհրաժեշտ է փոփոխությունների համար, սովորաբար նրան օգնում են ուրիշները:

Հաճախ արվեստի ստեղծագործության կենսագրական ակունքները` պատվերն է: Ինչ-որ մեկը Միքելանջելոյին խնդրում է նկարազարդել Սիքստինյան կապելլայի առաստաղը: Դա նշանակում է, որ տվյալ կառույցին ինչ-որ բան չի բավում, որ ինչ-որ մեկը զգացել է այդ անբավությունը եւ միաժամանակ` դա վերացնելու հնարավորությունը, եւ հատկապես ստակի խառնափնթոր լեզվի միջոցով:

Ստակը` լեզու է լեզվի ներսում, սակայն դա այնքան կարեւոր է մեր առօրյա կյանքում, որ երբ նրա հակասությունները սրվում են, սկսվում են ապստամբություններն ու պատերազմները: Դրանում ամենից առաջ արտահայտվում է «մարդ» կոչվող կենդանու բնական պահանջների որոշ քանակը բավարարելու հնարավորությունը` քաղցը, ծարավը, սեքսը, շարժվելու, նայելու եւ իմանալու ցանկությունը:

Բայց սկզբում հարկ է վերապրել, որպեսզի արվեստագետը կարողանա իրեն նվիրել ստեղծագործությանը, հարկ է, որպեսզի ինչ-որ տեղ պղնձադրամների հոսքում լինի ազատ ժամանակով մի պարզարան, ուր կարելի լինի ընկղմել ստեղծագործությունը եւ ուր կկարողանար ընկղմվել արվեստագետը:

Ստակի այդպիսի կուտակումը ինչ-որ առումով սիմետրիկ է իմաստաբանական էներգիային տարածված կարծիքների եւ առօրյա խոսքի ասպազենքի ներքո: Էներգիան, որ անհրաժեշտ է բառը շրջելու համար, կարող է ազատվել լոկ երբ դրանում պահվող հակասությունները բավականաչափ հասունանան, որպեսզի կարելի լինի հակասությունը հենց իր իսկ դեմ, օրինակ` փողի լեզվի եւ մնացյալ այլ լեզվի միջեւ եղած հակասությունները հենց իր իսկ փողի լեզվի դեմ, եւ այսպիսով այդ շղթաներում խզում ստեղծել:

Ճնշումը տեղի է ունենում մթության մեջ, ինքն իրեն վերացնում է, ձգտում է ինքնակործանման: Ատելությունը նորույթի հանդեպ ի վերջո հանգեցնում է իրոք նորի ծաղկմանը: Որոշ ժամանակ անց թափոնների զանգվածում խմորման եւ քայքայման գործընթացը հասնում է իր սահմանին, եւ չիբանը դուրս է սպրդում, ջերմաստիճանի թռիչք է տեղի ունենում, ծնվում է հանճարեղ ստեղծագործությունը:

2.
Խելագարությունը դառնում է բանականություն

Հարկ է շրջել կամ վերափոխել առավել բարդ ֆիգուրների ոչ միայն բառերը, այլ հենց ինքը` անձը:

Որպեսզի բավականաչափ էներգիա ունենաք, դուք պետք է լինեք թաքնված, ճնշված էներգիայի փոթորկի էպիկենտրոնում, աշխատեք եւ հասունանաք հասարակության անկյուններից մեկի խորքում: Հարկ է, որպեսզի դուք ինքներդ դառնաք դրա հակասությունների մարմնացումը: 17-րդ դարի դասական հասարակության մեջ գրողն ազատ տիրապետում էր երկու լեզվի` լատիներենին (իհարկե, երբեմն` հունարենի հետ համակցված) եւ իր բնիկ լեզվին, որոնք ասես էլեկտրական աղեղի երկու բեւեռները լինեին: Այդ լեզուների միջեւ եղած տարբերությունները վերածվում են անձնական բախումների: Մենք կարող ենք պատկանել տարբեր հակամարտ սոցիալական խմբերի, որն իր ետեւից հակամարտություն է ծնում մեր անձնական վարքի ներսում: Մենք բոլորս երկատված ենք, որովհետեւ մտածում ենք, որ «ճերմակը» նշանակում է` «լավ», եւ միաժամանակ համարում ենք, որ այն միանգամայն այլ բան է նշանակում: Բառի հակառակ կողմը հարաբերակցվում է հենց մեր եւ մեզ շրջապատողների հակառակ կողմի հետ, հասարակության պղտոր ջրերի հետ, երբեմն այնքան վտանգավոր, որ շուրջը արժեր կառուցել սանթողարկարան, կարանտինային կետ, արգելաբնակավայր:

Տեքստը վերցվում է արգելաբնակավայրից: Ցանկացած բանտից կամ հիվանդանոցից, այն վերցվում է գժանոցից: Գրողը կամ նկարիչը` խելագար է, ում բախտը բանել է: Մենք բոլորս ցնորված ենք, բայց մեզնից ոմանք այնքան վտանգավոր են իրենք իրենց եւ երբեմն` այլոց համար, որ նրանց հարկ է փակի տակ պահել: Այդպիսի պատվարը` հրավտանգ, ռադիոակտիվ սահման է:

Գրողը կամ նկարիչը` նա է, ում հաջողվում է լինել մեկեն բանական եւ խելագար: Նա ունակ է իր ներսում արգելաբնակավայր ստեղծելու: Մեր երազները` գժանոց է մեր ներսում: Բայց կան նաեւ այլ արգելաբնակավայրեր, որտեղ պահպանվում են հազվագյուտ գրքեր, օրինակ` գրադարաններում, քանզի ֆրանսերենում միեւնույն բառը հաջողությամբ նշանակում է հարուստ հավաքածու եւ հնդկացիներին հատկացված տարածք: Երկու դեպքում էլ, դրանք հանքահորեր են, որոնցից կարելի է կորզել շատ ավելի արժեքավոր մի բան, քան ոսկին, ըստ էության, իսկական փիլիսոփայական քարը, ազատագրման կենսահեղուկը, որ ցանկացած փող ծիծաղելի են դարձնում:

Շարունակելի