Երեկ, ԵԽ ԽՎ նստաշրջանի մեկնարկից րոպեներ առաջ ՀՀ պատվիրակությունը որոշում է կայացրել բոյկոտել ԵԽ ԽՎ-ում ԼՂՀ հարցով զբաղվող ենթահանձնաժողովի աշխատանքները: Միաժամանակ որոշում է ընդունվել նաեւ մորատորիում հայտարարել Ադրբեջանի պատվիրակությանը` հույս ունենալով, թե այն կզսպի վերջիններիս Հայաստանի եւ ԼՂՀ մասին հայտարարություններում կոշտ ձեւակերպումներից: Սակայն ԵԽ ԽՎ նիստում Դ. Հարությունյանի համապատասխան կոչից հետո Ադրբեջանի պատվիրակության անդամ Գանիրա Փաշաեւան էլ ավելի կոշտ ձեւակերպումներ է հնչեցրել Հայաստանի հասցեին, իսկ մորատորիումն էլ որակել է որպես խաղաղ բանակցությունների ձախողման փորձ: Փաշաեւայի կոշտ որակումներին ի պատասխան` ՀՀ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն ընդամենն ասել է. «Սա հենց այն էր, ինչի մասին բազմիցս զգուշացրել ենք, որ այդ խոսակցությունները, թե` այդ ժամանակավոր հանձնաժողովը կոչված է լինելու ստեղծելու փոխադարձ վստահության մթնոլորտ, դրանք ի չիք են դառնում, որովհետեւ, երբ դրան մասնակցում են պատգամավորները, այդ գործընթացը, որպես կանոն, ունենում է շատ վատ պրոպագանդիստական նպատակ, իսկ այն, ինչ մենք ենք առաջարկում, դա խոհեմ, սթափ մոտեցումն է»: Նշենք, որ այսօր Ստրասբուրգ է մեկնելու նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը. նրա ելույթը ԵԽ ԽՎ-ում նախատեսված է հունիսի 22-ին: Այցի շրջանակում նախատեսված են նաեւ հանդիպումներ Եվրախորհրդի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահի հետ: