ՀԱԿ-ա-հեղափոխություն

21/06/2011

«Մենք Կոնգրեսում քննարկում ենք, առաջիկա օրերին պարզ կլինի, թե ինչ է պետք անել»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը` պատասխանելով հարցին, թե ի՞նչ է պատրաստվում անել ՀԱԿ-ը նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո: Հիշեցնենք, որ Հ.Բագրատյանը ՀԱԿ-ի`ապրիլի 28-ի հանրահավաքի ժամանակ հայտարարել էր, թե իշխանությունները երկխոսության միջոցով ցանկանում են ընդդիմությանը քաշել դեպի ճահիճ: Արդյո՞ք Ս.Սարգսյանի պատասխանի արդյունքում հավանական երկխոսությունը հայտնվել է ճահճում կամ փակուղում: «Իմ կարծիքն այն է, որ Կոնգրեսը, ինչպես որ ասել էի, պետք է աշխատի ֆորումի մոդելով, որպեսզի խաբված չլինի: Կոնգրեսը պիտի ժողովրդին հարցնի, թե ինչպես են ուզում շարունակել, այդպես էլ վարվի: Ինչը, ի դեպ, ձգտում է անել: Ինձ մոտ անհամաձայնություն է առաջացնում այդ գծից շեղումը կամ երբեմն անհիմն օպտիմիզմը: Ես փորձում եմ զգուշանալ դրանցից»,- նշել է պարոն Բագրատյանը` ավելացնելով, թե իր կարծիքով` ամեն ինչ հանգելու է հեղափոխության: «ՀԱԿ-ը բազմիցս հայտարարել է, թե կուզենար տեսնել այնպիսի պրոցես, երբ ինքն իր հերթին իշխանություններին էվոլյուցիոն փոփոխությունների հնարավորություն է տալիս, իսկ իշխանությունն էլ դա անում է: Բայց իշխանությունները` սկսած նախագահից, միայն այսօրվա արժեքներն ունեն: Վաղվա մասին ոչ ոք չի մտածում: Ես անձամբ կարծում եմ, որ ամեն ինչ հանգելու է հեղափոխության»,- ասել է նա: Հիշեցնենք, որ ՀԱԿ առաջնորդ Լ. Տեր-Պետրոսյանը բազմիցս հայտարարել է հեղափոխության անընդունելիության մասին: