Հայաստանի պատվիրակության «պտուղները»` ԵԽ ԽՎ-ում

21/06/2011 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

ԵԽ ԽՎ ամառային նստաշրջանի առաջին իսկ նիստի ժամանակ, որը մեկնարկել է երեկ, ՀՀ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը հայտարարել է, որ ՀՀ պատվիրակությունը հրաժարվում է մասնակցել ԼՂՀ հարցով ենթահանձնաժողովի գործունեությանը եւ մորատորիում է հայտարարում Ադրբեջանի պատվիրակությանը:

Ուշագրավն այն է, որ նման կարեւոր ենթահանձնաժողովի աշխատանքները բոյկոտելու մասին որոշում ՀՀ պատվիրակությունը կայացրել է ԵԽ ԽՎ նստաշրջանի մեկնարկից րոպեներ առաջ: Իսկ թե բոյկոտելու արդյունքում ի՞նչ է շահելու Հայաստանը` որեւէ պարզաբանում չի տրվել: Դ. Հարությունյանի հույսերը, թե մորատորիում հայտարարելով` ադրբեջանցիներին «իրենց տեղը կդնի», չեն արդարացել, քանի որ իր ելույթից անմիջապես հետո Ադրբեջանի պատվիրակության ներկայացուցիչ Գանիրա Փաշաեւան ավելի կոշտ ելույթ է ունեցել` «օկուպացրած տարածքների» եւ փախստականների թեմայով: «Սա հենց այն էր, ինչի մասին բազմիցս զգուշացրել ենք, որ այդ խոսակցությունները, թե` այդ ժամանակավոր հանձնաժողովը կոչված է լինելու ստեղծելու փոխադարձ վստահության մթնոլորտ, դրանք ի չիք են դառնում, որովհետեւ, երբ դրան մասնակցում են պատգամավորները, այդ գործընթացը, որպես կանոն, ունենում է շատ վատ պրոպագանդիստական նպատակ, իսկ այն, ինչ մենք ենք առաջարկում, դա խոհեմ, սթափ մոտեցումն է»,- Փաշաեւայի ելույթից հետո հայտարարել է Դավիթ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ մինչ մորատորիումը նա կոչ էր արել ԵԽ ԽՎ-ին որպես նվազագույն քայլ` առնվազն երկու պատվիրակությունների` Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջոցներ ձեռնարկել փոխադարձ վստահության ձեւավորման ուղղությամբ: «Նպատակն այն էր, որպեսզի սկսվեն քննարկումները երկու պատվիրակությունների միջեւ ոչ ավելի, քան մեկ միջնորդի մասնակցությամբ, որը չի կարող լինել Ասամբլեայի ղեկավարը, կամ այս ժամանակավոր հանձնաժողովի նախագահը»: Հիշեցնենք նաեւ, որ ԵԽ ԽՎ դեռեւս նախորդ նստաշրջանի ժամանակ Դ. Հարությունյանը ԵԽ ԽՎ-ին առաջարկել էր այդ նպատակն իրագործելու համար Վեհաժողովի նիստերի ժամանակ փոխադարձ մեղադրանքների մորատորիում հայտարարել, սակայն նրանց այդ առաջարկն այդպես էլ արձագանք չունեցավ: «Եվ ես որպես առաջին քայլ` հայտարարում եմ միակողմանի մորատորիում, եւ կոչ եմ անում, որպեսզի Ադրբեջանի պատվիրակությունը միանա այդ մորատորիումին»,- երեկ ԵԽ ԽՎ նիստի ժամանակ հայտարարել է Դավիթ Հարությունյանը: Ինչ վերաբերում է ԼՂՀ հարցով ենթահանձնաժողովի աշխատանքները բոյկոտելուն, ապա Դ. Հարությունյանն ասել է. «Իմաստ չունի մասնակցել եւ լսել բազմիցս լսված անհիմն մեղադրանքներ եւ ուղղակի պրոպագանդա: Դա մենք բավարար լսում ենք այստեղ նիստի ժամանակ»: ԵԽ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության ԲՀԿ-ական ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, թե մինչ բոյկոտելու մասին որոշում կայացնելը, ինքը ելույթներ էր պատրաստել եւ պետք է պահանջեր փորձաքննության ենթարկել ադրբեջանական դասագրքերը, սակայն, հաշվի առնելով ՀՀ պատվիրակության միասնական որոշումը` հրաժարվել է իր ելույթներից։ «Քանի որ նման որոշում ընդունվեց, ես այլեւս ադրբեջանցիների վերաբերյալ ելույթներ չեմ ունենա»,- ասաց Ն. Զոհրաբյանը: Նա միաժամանակ վստահ է, որ հայկական պատվիրակության կողմից ադրբեջանցիներին մորատորիում հայտարարելն անարդյունավետ է լինելու, քանի որ դրանից Ադրբեջանի պատվիրակությունը հաստատ չի զսպելու իր հակահայկական քարոզչությունը: «Եվ ես ճիշտ էի, որովհետեւ Դավիթ Հարությունյանի ելույթից 2,5 րոպե հետո ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչը կրկին հանդես եկավ անհեթեթ հայտարարություններով` փախստականների, 20 տոկոս «օկուպացված» տարածքների մասին: Հասկանալի է, որ սա լինելու է միակողմանի մորատորիում»,- ասաց նա` հավելելով, թե իրենք դեռեւս չգիտեն` որքան է տեւելու ՀՀ պատվիրակության հայտարարած մորատորիումը, բայց արդեն իսկ պարզ է, որ ադրբեջանական պատվիրակության անդամները դրական չեն ընդունել իրենց քայլը եւ հանդես են գալիս նույն ոճով ու լեքսիկոնով: «Նույնիսկ մեղադրում են հայկական պատվիրակությանը երկխոսության ձախողման մեջ, որը, ըստ նրանց, կարող էր տեղի ունենալ ԼՂ հարցով ենթահանձնաժողովում»,- ասաց Ն. Զոհրաբյանը:

Ի դեպ, երեկ ԵԽ ԽՎ նստաշրջանի մեկնարկից առաջ ԵԽ ԽՎ նախագահ Մեւլութ Չավուշօղլուն ասուլիսում` պատասխանելով հարցին, թե` կազանյան հանդիպումից առաջ որքանո՞վ էր նպատակահարմար ԼՂՀ խնդրով զբաղվող ԵԽ ԽՎ ենթահանձնաժողովի գործունեության վերակենդանացումը, պատասխանել է, թե այդ ենթահանձնաժողովի գործունեությունը միտված չէ բանակցային գործընթացը խոչընդոտելուն, եւ որ այն նաեւ պայմանավորված չէ իր գործոնով: «Ենթահանձնաժողովի գործունեությունը ես չեմ նախաձեռնել, դա ԵԽ-ի նախաձեռնությունն է, նախագահ Ռասել Ջոնսթոնի ժամանակվանից»,- ասել է նա` հավելելով, թե ինքը որեւէ կապ չի տեսնում կազանյան հանդիպման եւ երեկ իր աշխատանքները մեկնարկող ենթահանձնաժողովի գործունեության միջեւ` բացառելով որեւէ ռիսկային գործոն այս հարցում:

Հիշեցնենք, որ այսօր Ստրասբուրգ է մեկնելու նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ինչպես հայտնի է` հունիսի 22-ին ԵԽ ԽՎ-ում նախատեսված է նրա ելույթը: Իսկ այսօր ԵԽ ԽՎ-ում ելույթ կունենա Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը: Օրակարգում նախատեսված է եւս մեկ նախագահի ելույթ. հունիսի 23-ին ԵԽ ԽՎ-ում ելույթով հանդես է գալու նաեւ Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասը: Ինչպես արդեն տեղեկացրել էինք` Ս. Սարգսյանին հարցեր ուղղելու համար հերթագրվել է ԵԽ ԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության կեսից ավելին, Հայաստանից հերթագրվել է երկու պատգամավոր` «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանն ու եւս մեկը` կոալիցիայից: Եվ քանի որ Զ. Փոստանջյանը հրաժարվել է նախապես բացահայտել, թե ինչ հարց է ուղղելու Ս. Սարգսյանին ԵԽ ԽՎ-ում` խոստանալով «անակնկալի բերել նրան Ստրասբուրգում», կոալիցիայի «ռեզերվային» ներկայացուցիչն իր հարցը պետք է հնչեցնի ոչ միայն ընդդեմ ադրբեջանցիների, այլեւ` Զ. Փոստանջյանի: Սակայն հիշեցնենք, որ Ս. Սարգսյանին հարցեր տալու համար սահմանված է մեկ ժամ, իսկ թե ինչպիսի հերթականությամբ կտրվեն հարցերը` միանձնյա որոշելու է ԵԽ ԽՎ նախագահ Մեւլութ Չավուշօղլուն (ԵԽ ԽՎ կանոնակարգի համաձայն):

Իսկ երեկ ԵԽ ԽՎ նստաշրջանից առաջ, ասուլիսում Մեւլութ Չավուշօղլուն` պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի Կազանում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ նախատեսված հանդիպումից, ասել է, թե իր կարծիքով` հայ-թուրքական հարաբերություններն էականորեն կապված են այդ հանդիպման արդյունքների հետ: «Ես բոլորից շատ ցանկանում եմ, որպեսզի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները, այս ամիս Կազանում կայանալիք հանդիպման ժամանակ ստորագրեն (հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների մասին) համաձայնագիրը: Չեմ կարծում, որ որեւէ մեկը «ոչ» կասի այդ համաձայնագրին: Մենք կողջունենք այդ առաջընթացը»,- ասել է ԵԽ ԽՎ նախագահը: Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյո՞ք Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո Թուրքիան կվավերացնի հայ-թուրքական արձանագրությունները, Մեւլութ Չավուշօղլուն դարձյալ ընդգծել է Կազանյան հանդիպումը` ասելով. «Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին. ապա դա ուղղակիորեն կապված է առաջին հարցի հետ` արդյոք երկու ղեկավարների միջեւ կլինի համաձայնագիր: Թուրքիան ունի որոշակի պայմաններ, ինչի մասին Թուրքիայի վարչապետը մի քանի անգամ մեկնաբանություններ է արել: Եվ եթե այդ պայմանները կատարվեն, կարծում եմ, որ արձանագրությունները կվավերացվեն խորհրդարանում»: Հարցին էլ, թե` արդյո՞ք արդար է հայ-թուրքական հարաբերությունները կապել ղարաբաղյան խնդրի հետ` Չավուշօղլուն պատասխանել է, թե Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ այս առնչությամբ բանավոր համաձայնություն է եղել. «Այդ համաձայնությունը հաստատվել է այլ երկրների արտգործնախարարների կողմից, ովքեր ներկա են եղել, մասնավորապես` Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Ռուսաստանի արտգործնախարարների եւ ԱՄՆ-ի պետքարտուղարի կողմից: Հաստատվել է, որ դա համաձայնագիր է երկու կողմերի միջեւ, եւ որ կան պայմաններ, թեեւ, իհարկե, փաստաթղթում դրանք չկան: Բայց նախապայմաններ կան: Եվ դուք գիտեք այդ նախապայմանների մասին»: