Ինչպես հաղորդում է «The Telegraph»-ը, Բրիտանիայի խոշորագույն բանկերը, որոնց թվում են Barclays-ն ու Standard Chartered-ը, զգալիորեն կրճատել են ներդրումների ծավալը, որ ունեին եվրագոտում: Օրինակ` Standard Chartered-ը վերջին մի քանի շաբաթների ընթացքում դուրս է բերել միջբանկային վարկավորման ակտիվների մոտ 2/3-ը: Barclays-ը նույնպես զգալիորեն կրճատել է իր ներկայությունը եվրագոտում, քանի որ նրա ղեկավարությանն ավելի ու ավելի են մտահոգում տնտեսական զարգացումները եւ բանկային իրավիճակն այնպիսի խնդրահարույց երկրներում, ինչպիսիք են Հունաստանը, Իռլանդիան, Իսպանիան, Իտալիան եւ Պորտուգալիան: Օրինակ, Barclays-ի հրապարակած տվյալները նույնպես վկայում են կրճատումների մասին: Ըստ բանկի տվյալների` այս տարվա ապրիլին բանկն Իսպանիայում ուներ 6.4 մլրդ ֆունտ ստեռլինգի ակտիվներ, այնինչ 2010 թ. հունիսին այդ ծավալը կազմում էր 7.2 մլրդ: Մտահոգության առիթ է նաեւ այն, որ դեռ որոշված չէ, թե Հունաստանն ինչպես է հաղթահարելու ստեղծված տնտեսական ծանր ճգնաժամը: