«Կյանքը Բաթումում վատացել ա»,- ասում է Բաթումում ապրող հայ, արմատներով Ախալքալաքից` Թելման պապը: Վերջինիս պատահաբար հանդիպեցի Բաթումի ծովեզրյա մի վայրում գտնվող արհեստական լճակի մոտ: Նա ձկնորսական կարթն էր ուղղում, հետո աչքի «պոչով» նայում լճակի փոքրիկ կամրջին գտնվող նորապսակներին: Թելման պապը, 50 տարի է, ապրում է Բաթումում: Նախկինում աշխատում էր շինարարության համար երկաթյա իրեր արտադրող գործարանում, իսկ հիմա թոշակառու է: Նրա ասելով` պետությունից ստանում է ընդամենը 95 լարի, որը, Թելման պապի հաշվարկով, «հազիվ 50 դոլար ա բռնում»: Նախկին տարիների համեմատ` քաղաքում շատացել են կոնտրաստները: Նախկին գործարաններից որեւէ մեկը չի աշխատում, եւ բաթումցիները «հույսները» դրել են ծովի ու քաղաքում լայն թափ առած շինարարության վրա: «Մեքենաշինական զավոդ կար, չայի ֆաբրիկա, կանֆետնի ֆաբրիկա ու էդպես տեսակ-տեսակ ֆաբրիկաներ: Էն ժամանակ ամեն ինչը լավ էր, իրար չէին խաբում, հիմի ամեն ինչը փոխվել ա: Բայց դե էդպես չի լինի, չէ՞»,- նշում է զրուցակիցս` կարթի փայտյա ձողը հարմարեցնելով կոշտուկներով ձեռքերի ափերում: «Հիմա ամեն ինչի համար փող ա պետք: Նապրիմեր, դու սովորած ես, չէ՞, քեզի չեն ընդունի էստեղ, գործ չեն տա: Մեզ գործ չեն տալիս, որովհետեւ դու հայ ես, իրանց հողում ես, վրացուն կտան գործը: Չէ՞, է՜, էդպես կապրինք»,- հոգոց հանելով` շարունակեց Թելման պապը, ըստ որի` Բաթումում հայերը հիմնականում զբաղվում են շինարարությամբ, կոշկակարությամբ, եւ միայն քիչ թվով հայեր կան, ովքեր զբաղվում են առեւտրով, ունեն ռեստորաններ, խանութներ: Արտագաղթելու ալիքը առկա է նաեւ Բաթումում: Այս մասին զրուցակիցս նշեց, որ վերջին տարիներին հայերի զգալի մասը գնաց Ռուսաստան: «Դե մեր մասին ո՞վ պիտի մտածի, աղջիկ ջան: Սաղ հայերը գալիս են էստեղ հանգստանում, Բաթումի ռեկլամն են անում Հայաստանում, թե` եկեք-եկեք Բաթում, բայց էստեղ ապրուստը թանկ ու կրակ ա: Մի երկու մարդ հարստանում են, բայց օբշի ժողովուրդը վատ վիճակում ա»,- ասաց պապը: Արեւն արդեն մայր էր մտնում, բայց Թելման պապն այդպես էլ չէր կարողանում ձուկ որսալ: «Մեկ-մեկ կարթս վերցնում եմ, տնից դուրս գալիս: Էս ձկնորսության ժամանակ շատ-շատ եմ մտածում»,- վերջում ձեռքով հրաժեշտ տալով` ասաց պապը: Բայց մի քանի քայլ չարած` նա ավելացրեց. «Կբարեւես Հայաստանին»: Թելման պապին հրաժեշտ տալով` քայլերս ուղղեցի դեպի Բաթումի կենտրոն:
Ընդամենը մի քանի տարվա ընթացքում քաղաքը վերակենդանացել է, բայց դրան զուգահեռ` ապրուստն է թանկացել: Վրացիների պատմելով` նախագահ Սահակաշվիլիի համար Բաթումը դարձել է կարեւորագույն այցեքարտը: Շատ հաճախ նախագահը պաշտոնական հանդիպումներն անցկացնում է հենց Բաթումում, որտեղ մատնացույց է անում հսկայածավալ աշխատանքի արդյունքը: Ընդ որում` վրացիների փոխանցմամբ, Սահակաշվիլին նույնիսկ պարծենում է` ասելով, թե որեւէ նախագահ այդքան կարճ ժամանակամիջոցում այդպիսի արդյունքի չի հասել: Իսկ արդյունքն, իհարկե, միանշանակ չի կարելի գերազանց գնահատել, հատկապես, երբ տեսնում ես ժամանակի կոնտեքստից դուրս շենքերն ու սոցռեալիստական քանդակները: Վրացիներից շատերը չեն սիրում հատկապես կենտրոնական վայրերից մեկում գտնվող Մեդեայի արձանը` հսկայական պատվանդանի վրա, ոսկե գեղմը ձեռքին: Ինչեւէ, քաղաքի ճարտարապետության մասին կարելի է անվերջ խոսել, ինչը տեղի ապրող հայերի համար խիստ միեւնույն է: «Էդ ամեն ինչը մեզ իսկի էլ պետք չի: Կաթողիկոսն էկավ-գնաց, բայց հայերի վիճակը միշտ էլ նույնն ա եղել: Առաջ գոնե ծովից էինք օգտվում, հիմի էդ էլ չկա: Դե չես ուզում էստեղ ապրել, գնա: Էդպես են ասում մեզ»,- նշեց տիկին Սիրանուշը, ով ծնված օրից ապրում է Բաթումում: Վերջինիս հանդիպեցի հայկական եկեղեցու հարեւանությամբ: Կնոջ ասելով` սոցիալական խնդիրներ միշտ էլ եղել են: «Հիմի ամենալուրջ խնդիրը հայկական դպրոցներն են, որտեղ հայ էրեխեք համարյա չեն սովորում»,- ասաց զրուցակիցս: Բաթումի երկու հայկական դպրոցներից միայն մեկն է գործում, որը, ըստ տեղաբնակ հայերի, այժմ գործում է վրացական դպրոցի շենքում: «Վրաստանում որ դպրոցը մտնես, կեսից ավելին հայերն են սովորում: Հայերը հիմնականում ռուսական դպրոց են գնում: Ամերիկայում հայերը հայկական լեզուն պահպանում են` երգով, պարով, իսկ էստեղ էդպես չէ»,- ասաց ռադիոտեխնիկայի ուսուցիչ Համլետ Ղազարյանը: Վերջինիս հավաստմամբ` հայ ուսուցիչները մեծամասամբ դասավանդում են ռուսերեն, եւ լեզուն բացարձակ չի պահպանվում: Հայկական դպրոցի աշակերտ Ալբերտ Արշակյանի ասելով` հայկական միակ դպրոցում մնացել է 17 աշակերտ: «Ծնողներս հայկական դպրոց էին գնացել, ինձ էլ ուղարկեցին: Հետո, երբ ավարտեմ դպրոցս, որոշել եմ գնալ Գեւորգյան ճեմարան»,- ասաց Ալբերտը, ով այժմ ծառայում է եկեղեցում` ինչպես ինքն ասաց` քահանայի օգնական: Սուրբ Փրկիչ եկեղեցու քահանայի օգնական մյուս երեխաները գրեթե չեն հասկանում հայերեն: Եկեղեցում քահանային օգնում են 12 երեխաներ, որոնցից միայն Ալբերտն է հաճախում հայկական դպրոց: Մյուսների հաղորդակցության լեզուն ռուսերենն է: Չնայած այս հանգամանքին, երեխաներից ոմանք արդեն որոշել են ընդունվել Գեւորգյան ճեմարան: Բաթումում հայապահպանության միակ կետը եկեղեցին է, որտեղ ամեն կիրակի հավաքվում են հայերը, մասնակցում պատարագին, հետո նորից վերադառնում արտաքին կյանք: 2006թ. եկեղեցում գործում է նաեւ կիրակնօրյա դպրոց: «Քանի որ հայկական դպրոցը փակվում է, կիրակնօրյա դպրոցն իր վրա է վերցրել նաեւ հայերեն լեզուն ու տառաճանաչությունը երիտասարդներին հասցնելու գործը»,- նշեց Աջարիայի եւ Բաթումի հայության հոգեւոր հովիվ տեր Արարատ քահանա Գումբալյանը: Պաշտոնական վիճակագրությամբ` Աջարիայում ապրում է շուրջ 12.000 հայ, որոնց շուրջ 90 %-ը, ըստ տեղաբնակ հայերի, ապրում է Բաթումում: «Հեն ա, կաթողիկոսն եկավ, ու ոնց որ միշտ, իրանք գալիս են, խոսակցություններ են վարում, ոչ մի բան էլ չի փոխվում: Մեր պրոբլեմները ոնց կային, էդպես էլ մնում են: Շատերը չեն դիմանում, թողնում-գնում են: Սապոժնիկների մեծ մասը թողեց-գնաց Ռուսաստան, Ուկրաինա: Երբ սպոր ենք լինում վրացիների հետ, ասում են` գնա քո հայրենիքում վիստուպատ արա: Իսկ էսօր Բաթումի հողերի մեծ մասը թուրքերն են առել, որոնք ատելներ ու մագազիններ են բացում»,- ասաց Բաթումում ապրող հայերից Գագիկ Գրիգորյանը: Իրավիճակը նույնքան աբսուրդ է, որքան Բաթումի այգով անցնող օտարերկրացիներով փոքրիկ գնացքը, որտեղ հնչում էր հայկական շոու-բիզնեսի «վառ» ներկայացուցիչներից մեկի երգը, իսկ գնացքի վրա դրված էր թուրքական դրոշը…
Բաթում-Երեւան