Հասարակությանը վերագրված է անպատիվ դեր՝ հետեւել դռան ճեղքից

21/06/2011 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պատասխանը ՀԱԿ-ի` երկխոսելու առաջարկին, պատասխան էր բոլորին եւ ոչ մեկին: Պատասխանին վերագրվում է խորիմաստություն, ողջամտություն, հետեւաբար` մտքերը ենթակա են տողատակային վերլուծության: Իսկ ի՞նչ ասաց նախագահը:

ա. բոլոր քաղաքական ուժերն իր համար հավասար են, եւ ոչ մի դեպքում ՀԱԿ-ն ավելի հավասար չէ: Նկատենք, որ ՀԱԿ-ին հավասարեցնել քաղաքական դաշտի մյուս ուժերին` ծանր հարված է, քանի որ մեր քաղաքական դաշտում բոլոր քաղաքական սուբյեկտներն անդառնալիորեն վարկաբեկված են:

բ. այս երկխոսության նախաձեռնողն իշխանությունն է եղել: Թերեւս նախագահը նկատի ունի իր` պաշտոնավարման նորամուտին արված կոչը` ուղղված քաղաքական բոլոր ուժերին` համագործակցել Մարզահամերգային համալիրի տարածքում: Իսկ այն իր վաղեմության ժամկետը վաղուց է սպառել:

ՀԱԿ առաջնորդը հակառակն է պնդում. որ երկխոսելու առաջարկն ընդդիմությանն է: Եվ, որ իշխանությունը պատրաստ էր ամեն ինչ անել` երկխոսելու համար: Հակառակ դեպքում` չէր կատարի ՀԱԿ-ի երեք նախապայմանները (պատրաստակամություն հայտնել Մարտի 1-ի գործը վերանայել, ազատել քաղբանտարկյալներին եւ թույլ տալ Ազատության հրապարակն օգտագործել որպես հանրահավաքների համար նախընտրելի վայր):

Կողմերից յուրաքանչյուրն իրեն է վերագրում երկխոսության առաջարկն առաջինն անելու հեռատեսությունն ու շարժվում ուժեղի, պայմաններ թելադրողի դիրքերից: Սակայն հանրության ողջ ուշադրությունը բեւեռել Սերժ Սարգսյանի պատասխանի նյուանսներին եւ սպասումներին, թե ինչ կպատասխանի Տեր-Պետրոսյանը, դատարկ զբաղմունք է:

Իշխանությունների եւ ՀԱԿ առաջնորդի գործելակերպից ակնհայտ է, որ նրանց քայլերն ամենեւին ուղղված չեն ընտրողներին, հասարակությանը: Սրանք նեղ ֆորմատով բանակցություններ են (թող լինի երկխոսություն), ուր հասարակության շահն ամենեւին առաջնահերթություն չէ: Եթե չասենք` այս փուլում առհասարակ մոռացվել է: Կողմերից յուրաքանչյուրին մտահոգում է այն ձեւը, ձեւակերպումների շարադասությունը, որով ինքն ավելի կխոցի դիմացինի ինքնասիրությունը, ավելի լավ լույսի տակ կերեւա:

Հակառակ դեպքում ժամանակը երկուստեք այսպես անխնա չէր վատնվի: Ակնհայտ է, որ այս պարագայում ժամանակը չի աշխատում կողմերից ոչ մեկի օգտին: Ժամանակի այս ձգձգումը ստիպում է մտածել, որ առաջիկա ընտրությունների ժամանակ դարձյալ աշխատելու են ոչ թե կոնկրետ ծրագրերը, այլ պայմանավորվածությունները:

Իշխանությունների հետ երկխոսությունն ընդդիմությանը, այսպես թե այնպես, ձայներ չէր բերելու: Իշխանությունները չունեն հարգանքի, լրջության այնքան պաշար, որ նրանց հետ երկխոսելը նպաստի վարկանիշի բարձրացմանը: Ժամանակի ընթացքում համոզվել ենք` նրանք, ովքեր իշխանությունների հետ խոսելու, պայմանավորվելու, երկխոսելու ցանկություն են հայտնում, միայն կորցնում են` ձայներ, վարկանիշ, հարգանք, սեփական դեմքը: Հասարակությանը հետաքրքիր կլիներ այս երկխոսությունը, եթե այնտեղ արծարծվեր իր շահը: Ընդ որում, խիստ կոնկրետ շահը` սեփական երկրում կարողանալ ապրել` հարգելով դիմացինին եւ չնվաստանալով:

ՀԱԿ առաջնորդն իշխանություններին պարզ հասկացրել է, որ իր համակիրները պայքարի ռադիկալ ձեւերին են կողմ, եւ ինքը դժվարությամբ է նրանց ետ պահում «հիմա» ռեժիմով գործելուց: Խնդրեմ, նախորդ հանրահավաքներից մեկի ժամանակ Լեւոն Զուրաբյանին մի կերպ հաջողվեց նստացույցի պատրաստ մարդկանց տուն ուղարկել: Տեր-Պետրոսյանը նկատի ուներ, թե իր համակիրները պատրաստ են իր մի կոչով փողոց դուրս գալ: Սակայն նման վտանգ իշխանություններն արդեն չեն տեսնում: Ակնհայտ է, որ ՀԱԿ-ի կոչով իշխանությունների դեմ արդեն դուրս եկողների թիվը զգալիորեն պակասել է: Եվ այստեղ խնդիրը պետք է փնտրել հենց ՀԱԿ մարտավարության մեջ:

Բացի այդ` ՀԱԿ առաջնորդը խիստ կաշկանդել է իր գործողությունների շրջանակը: Չմոռանանք, որ իր ակտիվիստների կոչերը` գործել եւ ոչ թե երկխոսել, խաղաղեցնելու համար Լեւոն Տեր-Պետրոսյանն օգտագործեց արագ ազդող միջոց` ներկայացրեց այն վտանգները, որոնք Հայաստանին կարող են սպառնալ ներքաղաքական անկայունության հետեւանքով: Ընդհուպ` Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմ:

Հետեւաբար` ենթադրվում է, որ ՀԱԿ պատասխանը Սերժ Սարգսյանի խոսքին դատապարտված է լինել խիստ հավասարակշռված, առանց ներքաղաքական մթնոլորտը շիկացնելու տարրերի: Դա հնարավո՞ր է: Իհա՛րկե հնարավոր է: Անգամ` ցանկալի: Չառաջնորդվենք ինքնախաբեությամբ եւ չպահանջենք քաղաքական գործիչներից անել այն, ինչ իրենք չեն կարող կամ չեն ցանկանում: Մեզնից յուրաքանչյուրը, այդ թվում` իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչները, ունեն իրենց ռեսուրսի մաքսիմումը: Մեզնից յուրաքանչյուրն ունի սխալվելու, ինքն իրեն հերքելու իրավունք:

Մենք մեր երկիրը ղեկավարող մարդկանցից պահանջում ենք լինել ավելի խոհեմ, ավելի իմաստուն, ավելի ազնիվ, քան իրենք կարող են: Եվ հիմա էլ բոլոր կայքերում սկսվել է քննարկում` ո՞վ է ճիշտ, ով` սխալ, ո՞ւմ խոսքն էր ավելի կծու, ո՞ւմ հաջորդ հարվածը կլինի գոտկատեղից ցած եւ դիպուկ:

Մենք նման ենք գլադիատորների մրցմանը հետեւող հանդիսատեսին. անմիջական պայքարի մեջ չենք, սակայն մեր գոռում-գոչյուններով փորձում ենք ազդել գլադիատորների գործողությունների վրա: Ոչ թե մենք պիտի մեր խաչաձեւ հարցերով, մեր հետաքրքրասիրությամբ փորձենք բարձրացնել այդ երկխոսության գինը, այլ իշխանությունն ու ընդդիմությունը պետք է, առանց իրենց խնայելու, հասարակությանը համոզեն` ով է պակաս անազնիվ:

Հասարակությունը ստիպված է ավելի բարձր ու խոհեմ լինել իր առաջնորդներից, որովհետեւ առաջնորդներն իրենք խոհեմ ու բարձր չեն: Հասարակությունը պետք է մերժի իրեն վերապահված ոչ պատվաբեր դերը` հետեւել իշխանությունների ու ՀԱԿ-ի գործողություններին կիսաբաց դռան ճեղքից: