26-ամյա Անի Մարտիրոսյանն ամիսներ առաջ կորցրել էր ապրելու ցանկությունը: Հարազատ երեխային այլեւս չտեսնելու վախը նրան դրդել է ծայրահեղ քայլերի: Ասում է` «Կյանքն անիմաստ էր, էլ չէի ուզում ապրել»: 5 տարեկան Աշոտին մորից զրկել են, իսկ մայրը հայտնվելով փակուղում` ցանկացել է ինքնասպանություն գործել: Հարազատները, մասնավորապես Անիի քույրերը տեղեկանալով նրա մտադրության մասին, անմիջապես ձեռնամուխ են եղել, որպեսզի նրան տեղափոխեն Մոսկվա: «Իրենք էնտեղ են ապրում: Չգիտեմ, էնքան էի տառապում, ելք չկար: Չէի դիմանում առանց տղայիս, կարոտից մեռնում էի: Էլ չէի ուզում ապրել: Քույրերս ինձ տարան Մոսկվա: Մոտ վեց ամիս էնտեղ մնացի, ու դա լավագույն ճանապարհն էր ռեալ մտածելու համար: Ես շատ եմ մտածել ու զղջացել եմ, որ ուզում էի կյանքիս վերջ տալ: Էդ վեց ամսվա մեջ շատ բան փոխվեց ինձ մոտ, սթափվեցի: Որոշեցի պայքարել երեխայիս համար, դիմել օրենքին եւ ապացուցել, որ որդիս պետք է ինձ հետ մնա»,- ասում է Անին` ամեն անգամ որդու անունը տալուն պես խեղդվելով լացից: 2001թ. ծանոթացել է Գուրգեն Խալաթյանի հետ: Սիրահարվել են եւ բավականին երկար` մոտ երկու տարուց ավելի ընկերություն են արել: Սկզբում Անին անհասկանալի ինչ-որ բնազդով հրաժարվել է Գուրգենի հետ ամուսնանալու առաջարկից, սակայն հետագայում… «Մի տեսակ անկայուն բնավորություն ուներ: Զգում էի, որ անհավատարիմ բան կա մեջը, բայց կարողանում էր էնքան համոզիչ խոսել, որ հավատում էի: Նշանվեցինք ու մոտ կես տարի էլ նշանված մնացինք»: 2004թ. ամուսնացել են` նախապես որոշլով հարսանիք չանել: Հետագայում Գ. Խալաթյանը, չգիտես ինչու, հրաժարվել է զագսավորվել: «Մեր ամուսնության առաջին օրը ինքը տուն չեկավ: Ես արդեն իրենց տանն էի, մայրն էլ, միասին էինք ապրում: Ընկերները զանգեցին, կանչեցին, ու գնաց: Կեսգիշերին ծեծված, ահավոր վիճակում եկավ տուն: Դա ամուսնության մեր առաջին օրն էր: Սկսվեցին անհասկանալի ինչ-որ բաներ: Աղջիկներ էին զանգում, հաղորդագրություններ ուղարկում: Հարցնում էի` էս ի՞նչ հաղորդագրություններ են: Գժվում, գոռգոռում էր, թե` քեզ ո՞վ ա թույլ տվել, որ իմ հեռախոսը նայես»,- պատմում է Անին` վստահեցնելով, որ ամուսնությունից անմիջապես հետո Գուրգենը սկսել է իրեն դավաճանել: Ընդ որում, արտաամուսնական կապերի մասին կնոջ հարցադրումներն ավարտվել են նրանով, որ Անիի մարմնի վրա ամբողջությամբ կապտուկներ են հայտնվել: Անին այլեւս չկարողանալով հանդուրժել դավաճանությունն ու ստորացնող վերաբերմունքը` բազմիցս հեռացել է Գուրգենից եւ վերադարձել է մոր մոտ, սակայն… «Քույրերի հետ գալիս էին, համոզում էին, թե` էլ չի կրկնվի, եւ այլն: Վիրավորված գնում էի, բայց մի քանի օր անցնում էր, նրա ու քույրերի խոսքերին հավատալով` նորից գնում էի իրենց տուն: Պատահում էր, որ մեկ շաբաթ դադարում էր հեռախոսազանգերն այլ կանանց կողմից, բայց երկար չէր տեւում: Նորից ուրիշ կապեր, նորից դավաճանություն: Երբ փորձում էի խոսել` էնպես էր ծեծում, որ մարմնիս, դեմքիս կապտուկներից ամաչում էի տանից դուրս գալ»: Անին ասում է, որ Գուրգենի մայրն ու քույրերն էլ մշտապես փորձել են նրան կարգի հրավիրել, սակայն` անօգուտ: Հասկանալով, որ նրա վարքագիծը փոխել հնարավոր չէ` Գուրգենին հորդորել են գոնե այնպես անել, որ սիրուհիների մասին կինը չտեղեկանա, օրինակ` հեռախոսի մեջ ծածկագիր դնել, արգելափակել այլ անձի մուտքը: Ամուսնությունից հետո Անին հղիացել է, եւ ընտանեկան հարաբերությունները նույնքան անհաշտ են եղել, որքան նախկինում էին: Նույնիսկ որդու ծնունդն ամուսնու հետ փոխհարաբերությունների հարցում որեւէ բան չի փոխել: Աշոտը հիմա հինգ տարեկան է ու հինգ տարի շարունակ ականատես է եղել ծնողների վիճաբանություններին: Անին ասում է, երբ ամուսինն իրեն ծեծում էր` Աշոտը շտապում էր սենյակ եւ դուռը փակում էր, որ այդ տեսարաններին ներկա չգտնվեր. «Երեխայիս համար էլ սովորական երեւույթ էր դարձել, որ նա ինձ ծեծում էր: Փակվում էր սենյակում ու չէր երեւում: Շատ ծանր բաների միջով անցավ տղաս»: Անին ասում է` պարբերաբար հեռանալու որոշում է կայացրել, բայց որդուն անհայր թողնելու գաղափարը ստիպել է հետ կանգնել: Գուրգենն էլ, ինքն էլ հայր չեն ունեցել, եւ երկուսն էլ գիտակցել են Աշոտի հետագա տառապանքները. «Իմ հայրը մահացել է, նրանն էլ, ու ինքն էլ միշտ պատմում էր իր դժվարություններից: Մայրս Կանադայում է ապրում: Նա շատ էր օգտվում այն հանգամանքից, որ ես մենակ եմ էստեղ, մայրս հեռու է, ու կարծում էր` ինձ հետ կարելի է ամեն ինչ անել: Փոքր եղբայրս էլ մորաքրոջս մոտ է մնում: Մամային բան չէի ասում, ոչինչ չգիտեր»: Անցյալ ամռանն արդեն Գուրգենը բացահայտ կնոջը հայտարարել է, որ սիրուհի ունի, բայց… «Ասում էր` հարուստ ա, դրա համար եմ հետը, լավ փող ունի: Նրա փողի հանդեպ սերը ես լավ գիտեի: Իմ յուրաքանչյուր միջամտությունն ինձ համար ճակատագրական էր դառնում` էնքան էր ծեծում…»: Անին ասում է` «Երբ նա զանգում էր` ինձ ասում էր` սենյակից դուրս արի, Դիանայի հետ եմ խոսում: Ոչինչ չէի կարողանում անել, դուրս էի գալիս, վախենում էի»: Դիանան Մոսկվայում էր բնակվում, իսկ երբ 15 օրով եկել է Հայաստան` Գուրգենն ընդհանրապես տուն չի եկել: «Ասում էր` չզանգես, ես Դիանի հետ եմ լինելու: Հետո, երբ գալիս էր` առանձնանում էր պատշգամբում ու ամբողջ գիշեր նրա հետ էր խոսում, ինձ թույլ չէր տալիս էնտեղ մտնեմ: Ասում էր` ինքը հարուստ ա, ես իրանից ահագին փող կպոկեմ: Երբ ես կշտամբում էի` սկսում էր ծեծել: Նա հարուստ աղջիկների հետ կապ հաստատելու մոլուցք ուներ: Նույնիսկ մայրս չգիտեր ինչ է ինձ հետ կատարվում: Նա արգելում էր խոսել, ես էլ վախենում էի: Օգտվում էր էն հանգամանքից, որ ես մենակ եմ, էստեղ հարազատներ չունեմ: Եթե մայրս իմանար, թե ես ինչ պայմաններում եմ ապրել` թույլ չէր տա անգամ մեկ ժամ այդ տանն ապրել: Արգելում էր ոտք դնել մորաքրոջս տուն` հասկանալով, որ իրենք ինձ կօգնեն: Ասում էր` նայի, հա, ես մարդ եմ խփել, ձեռքս չի դողացել: Քո հետ նենց մի բան կանեմ…»: Մի օր էլ հարբած տուն մտնելով` Գուրգենը հայտարարել է, որ այլեւս չի կարողանում Անիի հետ ապրել: Տեղեկացրել է, որ Դիանայի հետ է ապրելու, եւ նրան բռնի ուժով տանից վռնդել է: Անիին հորդորել է, որ որդին պետք է իր հետ ապրի, բայց թույլ կտա, որ ժամանակ առ ժամանակ նա մորը տեսնի. «Շատ էր սպառնում, ասում էր, եթե դատարան դիմես` ախպորդ հարցերը կլուծեմ: Եթե փորձես դատարանի միջոցով երեխային վերցնել` գիտես, որ գիժ եմ` ամեն քայլի կդիմեմ: Ախպորդ տեղն էլ լավ գիտեմ: Նա էնքան անհավասարակշիռ մարդ ա, որ ես հավատում էի ասածներին, կաներ»: Ինչեւէ, Գուրգենն Անիին տանից վռնդել է ու այլեւս թույլ չի տվել որդուն տեսնել: Անիի հեռանալուց մեկ ամիս անց արդեն այդ տանը հայտնվել է Դիանա Հակոբյանը: Արդեն մեկ տարի է, ինչ Անին հարազատ երեխային չի տեսել:
Երեխայի խնամքը հանձնել են հորը
Երեխայի խնամքն ու դաստիարակությունն իրեն հանձնելու եւ երեխայի բնակության վայրը ըստ մոր բնակության վայրի սահմանելու պահանջով Անի Մարտիրոսյանը դիմել է Արաբկիրի եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Դատարանի որոշմամբ` գործում ընդգրկված է Արաբկիր վարչական շրջանի խնամակալության եւ հոգաբարձության մարմինը` փաստական հանգամանքների ուսումնասիրության եւ դատարանին գործի լուծման համար անհրաժեշտ եզրակացություն ներկայացնելու նպատակով: Անին, ինչպես նաեւ նրա փաստաբան Անահիտ Բեգլարյանը դիմել են մեր թերթին` խնդրելով ահազանգել Արաբկիր վարչական շրջանի խնամակալության եւ հոգաբարձության հարցերի հանձնաժողովի քարտուղարի անօրինական գործողությունների մասին: Բանն այն է, որ հանձնաժողովը 01.06.2011թ. անչափահաս Աշոտ Խալաթյանի հոր` Գուրգեն Խալաթյանի հետ բնակվելու նպատակահարմարության վերաբերյալ եզրակացություն է կազմել: Թե՛ Անի Մարտիրոսյանը, թե՛ Անահիտ Բեգլարյանը պնդում են, որ Արաբկիր վարչական շրջանի խնամակալության եւ հոգաբարձության հարցերի հանձնաժողովի քարտուղար Մարինե Գորգինյանը ուսումնասիրությունը կատարել է միակողմանի եւ մի շարք անօրինական գործողություններ թույլ տալով: «Անզեն աչքով կարելի է տեսնել, որ Մ. Գորգինյանը տրամադրված է ամեն ինչ անել երեխայի խնամքն ու դաստիարակությունը հորը հանձնելու համար: Թե ինչո՞ւ` դատեք ինքներդ: Այն դեպքում, երբ Գ. Խալաթյանը ապրում է հերթական փաստական ամուսնության պայմաններում, մեկ այլ կնոջ եւ կնոջ երեխայի հետ: Հանձնաժողովը նպատակահարմար է գտել երեխայի խնամքը ոչ թե մորը հանձնել, այլ մի մարդու, որն ապրում է օտար կնոջ ու նրա երեխայի հետ»,- պնդում է փաստաբան Ա. Բեգլարյանը: Հանձնաժողովի անօրինականություններից մեկն էլ, ըստ նրա` այն է, որ հանձնաժողովի քարտուղարը թույլ չի տվել իրեն իր վստահորդի հետ ներկա գտնվել հանձնաժողովի նիստին: Մինչդեռ Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի համաձայն` վարչական վարույթում վարույթի մասնակիցները կարող են մասնակցել ինքնուրույն, իրենց ներկայացուցիչների միջոցով կամ նրանց հետ միասին։ «Իմ փորձերը` հանձնաժողովի նախագահի հետ այդ հարցը պարզել, ձախողվեցին, քանի որ հանձնաժողովի քարտուղարն իրեն օժտել էր նաեւ թիկնապահի պաշտոնով եւ մարմնով մեկ պահում էր այն սենյակի դուռը, որտեղ անցկացնում էին լսումները` հավաստիացնելով, որ հանձնաժողովի նիստին երբեւէ որեւէ փաստաբանի մասնակցություն չեն թույլատրում, եւ թույլատրել կամ չթույլատրելը բացառապես հանձնաժողովի իրավասությունների մեջ է մտնում, փաստորեն վերջինս ոչ միայն արդարադատություն իրականացնող մարմնի լիազորություններով է իրեն օժտել, այլ նաեւ օրենսդիր մարմնի ֆունկցիաներ է ստանձնում` գրելով նոր օրենքներ»,- պարզաբանում է Ա. Մարտիրոսյանի փաստաբանը: Ի դեպ, նիստի ժամանակ Ա. Մարտիրոսյանը նախկին ամուսնու ապրելակերպի, հակումների վերաբերյալ այնպիսի տեղեկատվություն է ներկայացրել, որը նախ` հրապարակման ենթակա չէ, եւ երկրորդն էլ` աբսուրդ է դրա վրա ուշադրություն չդարձնելը, առավելեւս` նրան երեխայի խնամք հանձնելը: Տարօրինակ է, բայց 2011թ. մայիսի 31-ին Մ. Գորգինյանը զանգահարել է Ա. Մարտիրոսյանին եւ հայտնել, որ վերջինս պարտավոր է ավտոմեքենա տրամադրել, որպեսզի հանձնաժողովը գա եւ ուսումնասիրություններ կատարի իր բնակության վայրում: Նրա այս վարքագիծը, կարծում ենք, պետք է հետաքրքրի Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին, ում նույնպես դիմում-բողոք է ներկայացրել Ա. Մարտիրոսյանը` ներկայացնելով հանձնաժողովի քարտուղարի անօրինական գործողությունները: Ամենաուշագրավը, թերեւս, այն է, որ, երբ Ա. Մարտիրոսյանը Մ. Գորգինյանին խնդրել է հանդիպում կազմակերպել, քանի որ երեխային վեց ամիս չի տեսել, վերջինս պատասխանել է` «Եթե դատարան չդիմեիր, այլ` միանգամից հանձնաժողովին դիմեիր, կկազմակերպեինք: Հիմա հանձնաժողովը խիստ զբաղված է»: Հետաքրքիր է` արդյոք հանձնաժողովն ինչո՞վ է զբաղված, այն դեպքում, երբ պետությունը հանձնաժողովի անդամներին աշխատավարձ է տալիս նման հարցերով զբաղվելու համար: «Ես ուղղակի չեմ հասկանում այս հանձնաժողովի գործառույթը: Հասկանո՞ւմ եք, մարդկանց, մասնավորապես` երեխայի ճակատագիր են որոշում, առանց խորապես ուսումնասիրելու խնդիրը: Եթե հոր եւ մոր հետ հանդիպում չեն կազմակերպում, եթե երեխայի վերաբերմունքը հոր կամ մոր նկատմամբ չեն որոշում, ինչի՞ վրա հիմնվելով մոր խնամքին հանձնելուց զրկում են ու հորն են վերապահում»,- ասում է Ա. Բեգլարյանը: Չէ՞ որ երեխայի խնամքը հանձնել են մի մարդու, ով այսօր փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ է Դիանա Հակոբյանի հետ, իսկ վաղն էլ` մեկ ուրիշի հետ կլինի: Մեր ձեռքի տակ է գտնվում Արաբկիր վարչական շրջանի Խնամակալության եւ հոգաբարձության հարցերի հանձնաժողովի կազմած եզրակացությունը, որտեղ նշված է` «Հաշվի առնելով հանձնաժողովի կողմից անցկացված երեխայի կյանքի հետազոտությունը, ղեկավարվելով «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի 3-րդ հոդվածի, 9-րդ հոդվածի 1-ին կետի, ՀՀ Ընտանեկան օրենսգրքի 53-րդ հոդվածի 3-րդ կետի, 58,67 հոդվածների պահանջներով եւ ՀՀ կառավարության 24.02.2011թ. հ.164-Ն որոշմամբ` հանձնաժողովը տալիս է հետեւյալ եզրակացությունը` նպատակահարմար գտնել չզրկել Ա. Մարտիրոսյանին իր որդու` Ա. Խալաթյանի նկատմամբ ծնողական իրավունքից: Նպատակահարմար գտնել, որ անչափահաս Ա. Խալաթյանը բնակվի հոր` Գ. Խալաթյանի հետ (Շիրվանզադե փող. 6շ. 5բն. հասցեում)»: Մենք զանգահարեցինք Մ. Գորգինյանին եւ պարզաբանում խնդրեցինք, թե ինչի՞ց ելնելով է հանձնաժողովը նման եզրակացություն կազմել: Նրան ասացինք, որ հանձնաժողովի եզրակացությունն ուսումնասիրելով` որեւէ հիմնավորում չգտանք երեխայի խնամքը հորը վերապահելու կամ մորը չհանձնելու վերաբերյալ: «Այս գործով ուսումնասիրության մի մեծ փաթեթ կա, դուք եկեք, ես ձեզ կտրամադրեմ ու ծանոթացեք»,- ասաց Մ. Գորգինյանը` տեղեկացնելով, սակայն, որ դա լուսաբանման ենթակա չէ: Մենք նրան հորդորեցինք պատասխանել այն հարցին, թե ինչո՞ւ եզրակացությունը հիմնավորված չէ, եւ ուսումնասիրելով եզրակացությունը` եկել ենք այն համոզման, որ երեխային հորը հանձնելու վերաբերյալ հանձնաժողովը բավականին ինքնաբուխ որոշում է կայացրել: Նա հրաժարվեց թերթին մեկնաբանություն տալ` նաեւ ասելով, որ իր դեմ բողոք կա գրված: «Ո՞ւմ կողմից»,- հարցրինք: «Կարեւոր չէ»,- ասաց եւ մեր հարցադրումներից որեւէ մեկին չպատասխանելով` խոսափողը կախեց: Ինչեւէ, Մ. Գորգինյանը հավանաբար չի տիրապետում պատասխանատվության այն շրջանակին, որն իրեն վերապահված է ի պաշտոնե: Նա երեւի տեղյակ չէ, որ օրենքը թույլ է տալիս, որ լրագրողներն իր գործունեությամբ հետաքրքրվեն, եւ նա պարտավոր է բացատրություն տալ իր գործունեության մասին, մանավանդ, երբ առկա են ապօրինություններ: Պարզվում է` Մ. Գորգինյանը նպատակահարմար չի գտնում հաշվետու լինել ինչպես երեխայի մորը, այնպես էլ` լրատվամիջոցներին: Քանի որ Ա. Մարտիրոսյանին նա տեղեկացրել է, որ իր պարտականությունները կատարելու համար մարդիկ պարտավոր են իրեն մեքենայով ապահովել, ուստի հաջորդ անգամ մենք նրա ետեւից տաքսի կուղարկենք, սուրճի սեղան կգցենք, «մաղարիչ» կանենք: Գաղտնիք չէ, որ ՀՀ վարչական ապարատում ցանկալի եզրակացություններ ստանալու համար պետք է անցնել հատուկ պրոցեդուրայով: Հուսանք, Երեւանի քաղաքապետ Կ. Կարապետյանի սեղանին գտնվող դիմում-բողոքն անարձագանք չի մնա, հակառակ դեպքում գորգինյանները չարաշահում են իրենց վերապահված լիազորությունները:
Հ.Գ. Մենք նաեւ փորձեցինք կապվել երեխայի հոր` Գուրգեն Խալաթյանի հետ, սակայն Ա. Մարտիրոսյանի տված բջջային հեռախոսահամարն այլեւս գոյություն չուներ, իսկ բնակարանի հեռախոսահամարին չէին պատասխանում: Ամեն դեպքում, մենք պատրաստ ենք լսել նաեւ Գ. Խալաթյանին: