«1998 թ. նախագահի 12 թեկնածու կար: Ասեցի` էլ խի՞ են ընտրություն անում, թող գնան Հրազդան ստադիոն, ով գոլ խփի, թող էն էլ դառնա նախագահ: Էն էլ Քոչարյանը գնաց բասկետբոլ խաղաց ու ինքը դառավ նախագահ»,- հիշում է Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղի բնակիչ Վաչագան Սարգսյանը` հպարտանալով, որ այն ժամանակ իր այս «առաջարկը» թերթում իր լուսանկարով տպագրել է նույն լուսանկարիչը` Գերման Ավագյանը: Վ. Սարգսյանը, ով 1998 թ. տեղյակ էր, որ նախագահի 12 թեկնածու կա, այսօր անտեղյակ է, թե ինչ բան է սահմանադրական փոփոխությունն ու հանրաքվեն. «Իմ համար մեկ ա, եթե սարքովի ա: Ոչ «հա» եմ, ոչ` «չէ»:
«Եթե սահմանադրական փոփոխությունները չընդունվեն, աշխարհը դրանից փուլ չի գա»,- ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր Ռոբերտ Քոչարյանը: Իսկ Կոտայքի մարզի բնակիչների համոզմամբ, աշխարհը հաստատ փուլ կգա, եթե այս իշխանությունները շարունակեն անտեսել իրենց ու իրենց առօրյա պրոբլեմները: Իսկ ոմանք գիտեն, թե սահմանադրությունը կուսակցություն է, որին իշխանությունները ուզում են փոխել:
Այս օրերին, երբ «այո»-ի եւ «ոչ»-ի կողմնակիցները տարբեր մարզերում իրենց քարոզչությունն են անցկացնում` իրենց փաստարկներով ժողովրդին համոզելով, թե ինչու պետք է ասեն «այո» կամ «ոչ», մենք որոշեցինք պարզապես այցելել մոտակա մարզերից մեկը եւ պարզել, թե առանց քարոզելու ի՞նչ դիրքորոշում ունեն նրանք: Մեծամասնությունը նույնիսկ տեղյակ չէր, որ Հայաստանի իշխանությունները պատրաստվում են հանրաքվեի ներկայացնել երկրի Հիմնական օրենքը: Կառավարության տպագրած սահմանադրական փոփոխությունների 500.000 բացատրական բրոշյուրները, փաստորեն, չեն հասել Երեւանի մերձակա Կոտայքի մարզ:
«Սահմանադրությունն ի՞նչ ա,- մեր հարցին` ծանո՞թ եք առաջարկվող փոփոխություններին, հարցով արձագանքեց եղվարդցի նախրապան Ղուկաս Ղուկասյանն ու անմիջապես հետաքրքրվեց։ -Մեր փողերից ի՞նչ կա»: Խոսքը ավադների փոխհատուցման մասին էր, բայց երբ իմացավ, որ ինքը 70-ն անց նպաստառու չէ, հուսահատվեց. «բա որ մեռնեմ` կկորի՞, գոնե էրեխեքիս կտա՞ն»:
Լուսակերտցի քանդակագործ Արսեն Փանոսյանն ասաց, որ չնայած ինքն իր հոգում իր սահմանադրությունն ունի գրած, այնուամենայնիվ, մասնակցելու է հանրաքվեին ու միանշանակ ասելու է «այո». «Ես դեմ եմ, որ նախագահի լիազորությունները կրճատվեն: Մեր երկրի նախագահը պետք է լինի ուժեղ, միանձնյա, ինքը պետք է որոշի ամբողջ հայ ժողովրդի ճակատագիրը: Ընդհանրապես ես ուզում եմ, որ մեր երկրում ոչ թե նախագահ լինի, այլ` թագավոր, ոնց որ միշտ: Իսկ թագավորին պետք է սիրեն, մեծարեն, հարգեն…»,- ասում է նա:
Կրթությամբ իրավագետ, պատմաբան Պարույր Պարույրյանը, որն այժմ զբաղված է շինարարական աշխատանքներով, միակն էր, ով ծանոթ էր փոփոխություններին. «Կարդացել եմ, հավանել եմ ու «այո» եմ ասելու»,- ասաց նա:
Նոր Գեղիի բնակիչ, շինարար Մխիթար Հովակիմյանն էլ անտեղյակ էր այդ գործընթացներից. «Մենք ստեղ ո՛չ մարդու էրես ենք տեսնում, ո՛չ տելեվիզոր ունենք, ո՛չ էլ պրիոմնիկ. ոչ մի բանից խաբար չենք: Չգիտենք` էդ ինչ է ընդհանրապես: «Այո»-ն, «ոչ»-ը ո՞ւմ է պետք: «Այո» ասենք` նույնն են, «ոչ» ասենք` էլի նույնն են: Ամեն ինչ` սկսած օդից, ծախում են: Լրիվ խաբեբա են»: Մեր` «Իսկ եթե Հայաստանին Եվրախորհրդից հեռացնե՞ն» հարցին ի պատասխան` նա ասաց. «Եվրախորհուրդն ինձ պետք ա՞: Չորս երեխա ունեմ, պետությունից ոչ մի կոպեկ ստացած չկամ: Դպրոցում էլ հերթով ռեկետ են անում: Թող միանգամից դպրոցի վրա գրեն` էսքան փող, որ իմանանք, մեր էրեխեքին դպրոց տանե՞նք, թե՞ չէ»:
Քարաշամբ գյուղի գյուղապետ Զորիկ Խլղաթյանը վստահեցնում էր, որ իրենց գյուղում բոլորն «այո» են ասելու. «Մարդկանց հետ բացատրական աշխատանքներ ենք տանում, թե սահմանադրական փոփոխություններն ինչ նշանակություն ունեն: Մեծամասնությունը կողմ է, դեմ էլ կան, իհարկե, բայց պայմանավորված չէ գաղափարներով»,- ասաց նա` տեղեկացնելով, որ գյուղի 756 բնակիչներից 480-ն ընտրող են:
Նույն գյուղի բնակիչ Վաչագան Սարգսյանը դժգոհ էր, որ իրեն ոչ ոք չի ծանոթացնում այդ փոփոխություններին, իսկ իրենց հեռուստացույցն էլ «օրումեջ» է ցույց տալիս: «Ո՞ւմ ինչ ցավն է` գա հասնի ստեղ` ինչ ա թե` իմ նմաններին պիտի բացատրի` էդ ինչ ա: Ոչ մի բանի չեմ խառնվում, թող էդ իշխանությունները ժողովրդին նայեն, ժողովրդի վիճակը շատ ծանր ա»: Իսկ իր կինը` Անահիտ Սարգսյանը, բողոքում էր գյուղացու վրա դրված հարկերից ու ցորենի գնից: