«Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնությունը երեկ «Հայկական էստրադայի աստղերը խելքները լրի՞վ են գցել» վերնագրով մամլո հաղորդագրություն էր տարածել, որի պատճառն էր հանդիսացել ռեփեր Սուպեր Սաքոյի «հայրենասիրական» ֆոտոշարքը: Լուսանկարում ռեփերի մի ձեռքում հրաձիգ է, իսկ մյուս ձեռքով նա քաշում է մերկ աղջկա մազերից: Եվ այդ ամենը պատկերված է Լոռվա մարզում գտնվող Հաղպատի հանրահայտ համալիրի ֆոնին: Հաղորդագրության մեջ ասվում է. «Իրենք իրենց մտավորական համարող հայկական «պոպսայի» ներկայացուցիչները զբաղված են առանց այդ էլ պետության եւ Մայր Աթոռի կողմից մոռացության մատնած հնադարյան վանքերի պատերի տակ սատանիզմի մոտիվներով լի ֆոտոսեսիաներ կազմակերպելով եւ դրանց արդյունքում ստացված սադիստական լուսանկարները համացանցում տարածելով»: Զրուցելով հաղորդագրությունը տարածած նախաձեռնության անդամներից մեկի հետ, պարզվեց, որ շատերը նայելով լուսանկարին սկզբում չէին ճանաչել, թե ով է կադրում: «Շատերը չեն ճանաչում այդ ռեփերին եւ սկզբում կարծում էին, որ լուսանկարում թուրք է, ով այդպիսով ցանկացել է պղծել հայկական սրբավայրը: Բայց ամբողջ ցավը կայանում է նրանում, որ պղծողը հայ է»,- ասաց նա: