«Մոխրաման» ֆիլմի երիտասարդ ռեժիսոր Լիլիթ Մովսիսյանը պատրաստվում է նկարահանել իր երկրորդ լիամետրաժ ֆիլմը, որը կկոչվի «1+1=3»: Մաթեմատիկայի նման «գերազանց» իմացությունը Լիլիթը բացատրեց հետեւյալ կերպ. «Կյանքում երբ հանդիպում են երկուսը, ծնվում է երրորդը: Սակայն դա չէ իմ ֆիլմի իմաստը: Պարզապես ուզում եմ ասել, որ կյանքը մաթեմատիկա չէ: Սցենարն արդեն իսկ հաստատվել է պրոդյուսերների կողմից: Ֆիլմում նկարահանվելու են 6 գլխավոր դերակատարներ, որոնցից երկուսը կրկին կլինեն Արսեն Գիրգորյանն ու Լիլի Էլբակյանը: Սակայն քանի դեռ Լիլին հղի է, մենք նրա եւ Արսենի տեսարանները հետո կնկարահանենք: Մյուս 4 դերասանները պրոֆեսիոնալներ չեն, սակայն բավականին հետաքրքիր կերպարներ են»: Հիշեցնենք, որ Լիլիթի առաջին` «Մոխրաման» ֆիլմի գլխավոր դերակատարները կրկին Արսենն ու Լիլին էին: Այն ժամանակ դեռեւս ուսանողուհի Լիլիթի ֆիլմը ցուցադրվեց «Մոսկվա» կինոթատրոնում: Պրեմիերայի օրը հավաքվել էին հայկական շոու-բիզնեսի եւ թատերական աշխարհի ճանաչված դեմքեր: Սակայն դա եւս չօգնեց ֆիլմի երկարատեւ ցուցադրմանը: «Ցավոք, ֆիլմն ընդամենը 9 օր մնաց էկրանին: Գովազդը շատ վատ էր իրականացվել: Ֆիլմի մասին իմացել էին մեծամասամբ «Ցիգանսկայա պոչտա» ասվածի շնորհիվ` մեկը մյուսին հաղորդելով: Պատկերացրեք` վերջին օրերին հանդիսատեսի այցերը սկսեցին շատանալ, սակայն արդեն ուշ էր: Այս նոր ֆիլմի ժամանակ այդ սխալները հաշվի կառնվեն, եւ այն ավելի երկար էկրանային կյանք կունենա»,- հուսով է Լ.Մովսիսյանը: