«Ես շատ հազվադեպ էկզոտիկ միրգ եմ»,- ասում է հաղորդավարուհի Կարինա Citrus Դանիելյանը

21/06/2011 Քրիստինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հաղորդավարուհի Կարինա Դանիելյանը, ով համացանցում ներկայանում է` որպես Կարինա Citrus, այս մեկ տարվա մեջ հասցրել է 3 անգամ սիրահարվել: «Ես այնքան դժվարությամբ եմ սիրահարվում, որ իմ ընկերներն ինձ անգամ «սառցե թագուհի» էին անվանում: Սակայն այս տարի չափն անցա` 3 անգամ սիրահարվելով: Հիմա ես ազատ եմ, ընկեր չունեմ եւ զգում եմ, որ իմ կյանքի այս շրջանում միակ բանը, ինչի կարիքն ունեմ` լիակատար ազատությունն է»: Մեր հարցին, թե ինչո՞վ է բացատրում իր Citrus մականունը, Կարինան պատասխանեց. «Ես ինձ ասոցիացնում եմ շատ հազվադեպ էկզոտիկ մրգի հետ` երբեմն էլ փոքր-ինչ դառը համով: Ինձ պետք է ընդունել քիչ չափաբաժնով միայն, թե չէ կարող է ալերգիա առաջացնեմ»: Մեր դիտարկմանը, թե չափից դուրս «համեստություն» չէ՞ իր կողմից սեփական անձը հազվադեպ մրգի հետ ասոցիացնելը, Կարինան պատասխանեց. «Համե՞ստ է, թե՞ ոչ, չգիտեմ, սակայն դա իմ անկեղծ կարծիքն է միայն: Իմ բնավորությունը, էությունը լիովին համապատասխանում է ցիտրուսային մրգի յուրահատկությունների հետ»: Կարինան հանդիսանում է նաեւ իր իսկ նախագծերի պրոդյուսերը: Շուտով նա հանրությանը կներկայացնի իր մտահղացմամբ գրվող նոր թատերական ներկայացում: «Մասնագիտությամբ դերասանուհի եմ, սակայն Թատերական ինստիտուտն ավարտելուց հետո սկզբունքորեն որոշեցի չզբաղվել դերասանուհու գործունեությամբ, որպեսզի չկոտրեմ իմ երազանքը, թատրոնի մասին իմ պատրանքը: Սակայն վերջերս մտահղացում է առաջացել բեմադրել նոր ներկայացում` բոլորովին նոր մոտեցմամբ: Ես կլինեմ այդ ներկայացման եւ՛ պրոդյուսերը, եւ՛ դերակատարուհին: Այդ ներկայացումից հետո բոլորովին այլ տեսանկյունից կճանաչեն ինձ»: Մեր հարցին, թե իրեն համարո՞ւմ է էպատաժային կերպար, Կարինան պատասխանեց. «Ես սիրում եմ էպատաժային մարդկանց, սակայն ես այդպիսին չեմ: Էպատաժայինն ինձ համար Լեդի Գագան է: Եթե երեկոյան հետեւենք մեր քաղաքում շրջող աղջիկներին, ապա կտեսնենք, որ նրանք շատ ավելի էպատաժային են հագնվում, քան` ես: Պարզապես ես մի քիչ անտանելի բնավորություն ունեմ` շատ շուտ եմ բռնկվում եւ շուտ էլ «մարում» եմ: Իմ բնավորության այդ գիծը խանգարում է ինձ շատ անգամ: Իմ կողքին պետք է լինի այնպիսի տղամարդ, ով կհասկանա ինձ եւ կընդունի` ինչպիսին որ կամ: Ասենք, երբ «գժվում» եմ, նա պետք է ինձ միայն հանգիստ թողնի այդ պահին եւ սպասի, որ հանգստանամ: Իսկ ես շատ արագ եմ հանգստանում, եւ, եթե սխալն իմն է լինում, հանգիստ ներողություն եմ խնդրում: Մարդ պետք է ուժեղ լինի, որպեսզի կարողանա ընդունել իր սխալները»: Մեր հարցին, թե որքանո՞վ է կարողանում հոգալ իր ֆինանսական ծախսերը` աշխատելով եւ՛ հեռուստատեսությունում, եւ՛ ռադիոյում, Կարինան պատասխանեց. «Հերիքում է: Հպարտ եմ, որ ամեն ինչի հասել եմ իմ ուժերով միայն: Չունեմ ոչ հարուստ պապա, ոչ էլ հարուստ սիրեկան: Թատրոնն իմ առաջին սերն է, հեռուստատեսությունն` իմ կիրքը, իսկ վերջերս սեթեւեթում եմ նաեւ պարի հետ»: