Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը իսպանական «El Mundo» պարբերականին տված հարցազրույցում անդրադառնալով Կազանում կայանալիք Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպմանը, ասել է. «Մենք տեսանք, որ հայկական դիրքորոշումը սկսում է դառնալ ավելի ճկուն, սակայն ես չեմ ուզում մինչեւ հանդիպումը չափազանց լավատեսական լինել»: Նաեւ հավելել է. «Մենք ընդունում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հայերը պետք է ապրեն անվտանգության եւ արժանապատվության պայմաններում: Մենք նաեւ կարծում ենք, որ անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղին տրամադրել բարձր աստիճանի ինքնավարություն»: Նրա խոսքով` «հայկական զորքերի դուրսբերումն ամբողջովին կփոխեր սցենարը տարածաշրջանում: Դա կլիներ խաղաղության շանս տալու հսկայական ազդանշան»: