Երկու օր առաջ հայաստանյան լրատվամիջոցները երկու լուր հաղորդեցին, որոնք առաջին հայացքից միմյանց հետ որեւէ կապ չունեն։ Առաջինն այն էր, որ Երեւանի հասարակական տրանսպորտում, մասնավորապես, ավտոբուսներում տեղադրվել է անվճար Wi-Fi ինտերնետ։ Այս լուրը տեղ գտավ թե՛ էլեկտրոնային ու տպագիր մամուլի էջերում, թե՛ բոլոր հեռուստաընկերությունների եթերում։
Մյուս լուրը, սակայն, նման շռնդալից արձագանք չունեցավ. մեր գործընկեր թերթերից մեկը զրուցել էր «Գումի շուկայի» վաճառողներից մեկի հետ եւ հղում անելով նրան, գրել էր, որ նախօրեին մի կին իրենից 50 դրամի բրինձ է գնել։ 50 դրամի՝ այսինքն 1 հոգու մեկ անգամ ուտելու համար հազիվ բավականացնող չափաբաժին։
Երբ պատկերացնում ես աղքատության դեմ կռիվ տվող այդ գնորդին, ապա Wi-Fi ինտերներտի «թիթիզությունն» ու դրա շուրջ առաջացած աղմուկը մի տեսակ չեն ընկալվում։ Հարցն այն չէ, թե ինչո՞ւ են ինտերնետ տեղադրել։ Դրանում ոչ մի վատ բան չկա, առավել եւս, դա բնական PR քայլ է ինտերնետ մատակարարող բջջային ընկերության կողմից։ Անհասկանալին էյֆորիկ ցնծությունն է, երբ հանրապետական լսարան ունեցող ԶԼՄ-ները այնպիսի մեծ հրճվանքով են ներկայացնում այդ լուրը, կարծես մեր հանրապետությունում բոլոր խնդիրները լուծված էին եւ մնում էր լուծել այդ խնդիրը, կարծես մեր երկրում 50 դրամի բրինձ գնողներ չկան։ Սակայն, որքան էլ ցավալի լինի խոստովանելը, ամեն ինչ տանում է նրան, որ մոտ ապագայում մարդիկ կսկսեն անգամ ճաշի գդալով բրինձ գնել։ Պատճառն, իհարկե, գների աննորմալ աճն է եւ աշխատավարձի ու կենսաթոշակների ծիծաղելի ցածր մակարդակը։
Սահմանադրությունը ոչ ոքի չի պարտավորեցնում, որ հասարակական տրանսպորտում պետք է անվճար ինտերնետ լինի, փոխարենը՝ նույն Սահմանադրությունը թույլ չի տալիս, որ երկրում սովի դեմ պայքարող մարդիկ լինեն, քանի որ Հայաստանի Հանրապետությունը այդ փաստաթղթում որակվում է որպես «սոցիալական պետություն»։ Որպեսզի այդ դրույթը չխախտվի, պետությունը հարցին պետք է մոտենա երկու կողմից. նախ` նորմալ կենսաթոշակ վճարի սոցիալապես խոցելի խմբերին, եւ երկրորդ՝ թույլ չտա, որ գները թռիչքաձեւ աճ ապրեն։
Առաջին դեպքում ոչ մի հույս չկա (գոնե մոտ ապագայում), որ մեր ծերերը կարող են իրենց թոշակով յոլա գնալ. պետությունը միջոցներ չունի։ Իսկ երկրորդը՝ գները հսկողության տակ պահելը տեսականորեն հնարավոր է, քանի որ ֆինանսական մեծ միջոցներ չեն պահանջվում։ Գների կայունության ապահովումն էլ (ասել է թե՝ գնաճի դեմ պայքարի առաջամարտիկի դերը) Սահմանադրությամբ վերապահված է Կենտրոնական բանկին։ Իսկ թե որքանո՞վ է ԿԲ-ն արդյունավետ «մարտնչում» գնաճի դեմ, ցույց է տալիս անգամ պաշտոնական վիճակագրությունը։
Եվ այսպես, Ազգային ժողովը հաստատում է 2011թ. բյուջեի նախագիծը, որտեղ նշված է, որ 12-ամսյա գնաճի ցուցանիշը չպետք է գերազանցի 5.5%-ը։ Տարվա սկզբից, սակայն, գները սկսում են բարձրանալ եւ առաջին եռամսյակի վերջում հասնում են 10%-ի։ Սերժ Սարգսյանն իր մոտ խորհրդակցություն է հրավիրում, եւ, ի թիվս այլ խնդիրների, խոսում նաեւ գնաճի մասին՝ հրահանգելով, որ գնաճի ցուցանիշը պետք է կիսով չափ կրճատվի։ Բոլորը լծվում են գործի, ամեն մեկն` իր հերթին։ Օրինակ՝ Ազգային վիճակագրական ծառայությունը ինչ-որ «տրյուկներ» է անում սպառողական գների ինդեքսի հաշվարկի մեջ, եւ այդ ցուցանիշն ավտոմատ կերպով մեկ տոկոսով իջնում է։ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթներ է հարուցում ու տուգանքներ նշանակում տարբեր շուկաներում։ Իսկ Կենտրոնական բանկը պարբերաբար խստացնում է դրամավարկային քաղաքականությունը, բարձրացնում վերաֆինանսավորման տոկոսադրույքը։
Այս ամենից հետո, մայիսի 31-ին, պարզվում է, որ գնաճի պաշտոնական ցուցանիշը 9% է։ Ընդ որում, պարենային ապրանքների գներն աճել են 16.2%-ով։ Հունիսը շուտով կվերջանա, եւ անզեն աչքով գների դիտարկումները ցույց են տալիս, որ գների էական նվազում չի լինելու։ Եթե հակառակը չլինի:
Սակայն մեր իշխանությունները հեշտ հանձնվողներից չեն։ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, հունիսի 14-ին հանդիպելով լրագրողների հետ, կրկին հավաստիացնում է, որ տարեվերջին գնաճի մակարդակը կլինի նախանշված` 5-6 տոկոսի սահմաններում: Ավելին, գնաճը նույնիսկ կարող է 5,5%-ից ցածր լինել: «Մենք հայտարարել էինք, որ այս տարվա առաջին կիսամյակում լինելու է գնաճի բարձր ցուցանիշ` մոտ 9%, իսկ ամռան ամիսներին կունենանք գնաճի ավելի ցածր մակարդակ եւ տարին կփորձենք ամփոփել 5-6 տոկոսի միջակայքում, իհարկե, այստեղ կան ռիսկեր` կապված բնակլիմայական փոփոխություններով, միջազգային պարենային ապրանքների կտրուկ աճով»,- ասել է Ա. Ջավադյանը։
Մի կողմ թողնենք այն, որ ԿԲ նախագահն ի սկզբանե ապահովագրել է իր կառույցին՝ խոսելով բնակլիմայական պայմանների եւ այլ գործոնների մասին։ Այսինքն, եթե մի քանի անգամ էլ կարկուտ գա, ապա տարեվերջին բարձր գնաճը կապելու են եղանակի հետ։ Սակայն, ենթադրենք, ամեն ինչ նորմալ է ընթանում, գնաճն էլ հաջողվում է «տեղավորել» նախանշված միջակայքում՝ մինչեւ 5.5%։ Արդյո՞ք դա նշանակում է, որ ամեն ինչ նորմալ է, եւ իշխանությունները կարող են իրենց գործն ավարտած համարելով` հանգիստ շունչ քաշել։ Ֆորմալ առումով՝ այո։ Որովհետեւ մեր օրենսդրությամբ գնաճը թիրախավորվում է 12-ամսյա ցուցանիշով, եւ ի վերջո նորմատիվային է դառնում տարեվերջյան ցուցանիշը։ Այսինքն՝ կապ չունի, թե տարվա ընթացքում (ասենք, մայիսին՝ նախորդ տարվա մայիսի նկատմամբ) գնաճը որքան է եղել։ Կարեւորն այն է, որ դեկտեմբերին այդ ցուցանիշը ցածր լինի։ Եթե դեկտեմբերյան գները նախորդ տարվա դեկտեմբերի ցուցանիշից բարձր լինեն ընդամենը 5.5%-ով, ապա ԿԲ-ն կհամարի, որ իր գործն արել է, եւ նախագահը բարկանալու պատճառ չի ունենա։
Իսկ ոչ ֆորմալ առումով, նման մոտեցումը նշանակում է, որ գնաճի դեմ պայքար կոչվածը մեզանում ինքնանպատակ բնույթ է կրում։ Այսինքն՝ կապ չունի, որ մարդիկ արդեն կես տարի գոյատեւում են ահավոր թանկության մեջ։ Բավական է դեկտեմբերին վարչական լծակներ օգտագործելով մի քանի տոկոսով իջեցնել հիմնական ապրանքների գները, եւ կստացվի, որ պետությունը իր պարտքը կատարել է։ Սա, մեղմ ասած, այնքան էլ ազնիվ չէ սեփական երկրի քաղաքացիների նկատմամբ։
Նշենք, որ խնդիրը նոր չէ, եւ այն բարձրացվել է մի քանի անգամ՝ ամենաբարձր մակարդակով։ ԱԺ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը մեզ հետ զրույցում հիշեցրեց, որ իրենց խմբակցությունը 2011թ. պետբյուջեի վերաբերյալ առաջարկների մեջ անդրադարձել է նաեւ այս հարցին։ «Գնաճի նպատակադրման ներկայումս գործող ռազմավարության ներքո թիրախավորվում է գների մակարդակի 12-ամսյա ցուցանիշը (տվյալ տարվա գնաճի ցուցանիշի համադրումը նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշին, որը, որպես կանոն, նորմատիվային է դառնում տարվա դեկտեմբեր ամսվա ցուցանիշի համադրմամբ, իսկ Կենտրոնական բանկը տարվա ընթացքում գների մակարդակի տատանումների վերաբերյալ արձագանքումն իրականացնում է վերլուծության մակարդակով), ինչը մի կողմից` չի արտացոլում գնողունակության համեմատաբար իրական պատկերը, ակնհայտ շփոթմունք է առաջացնում հարկաբյուջետային եւ դրամավարկային քաղաքականությունների համատեքստում, մյուս կողմից էլ` հանրությանը տալիս է ոչ բավարար տեղեկատվություն»,- նշել էին առաջարկության հեղինակները՝ անհրաժեշտ համարելով դիտարկել միջին գնաճի ցուցանիշը, ինչի թիրախավորումից շեղվելը կարեւոր ազդակ է Կենտրոնական բանկի միջամտության համար:
Ինչպես եւ կարելի էր սպասել, կառավարությունը մերժել է այս առաջարկը, քանի որ դրա ընդունման դեպքում կստացվեր, որ մեր Կենտրոնական բանկն ընդունակ չէ կատարել իր վրա դրված պարտականությունը։ Կառավարությունը նաեւ գրավոր հիմնավորել է առաջարկի մերժումը։ «12-ամսյա գնաճի թիրախավորման էությունը եւ կիրառման նպատակահարմարությունը պայմանավորված է հետեւյալ հանգամանքներով. նախ դրամավարկային քաղաքականության ազդեցությունը անմիջապես չի փոխանցվում գների վրա։ Այսինքն, Կենտրոնական բանկի գործողություններից հետո անհրաժեշտ է որոշակի ժամանակ, կամ, այսպես կոչված, «լագ», որի ընթացքում դրամավարկային քաղաքականությունը նախ ազդում է շուկայական տոկոսադրույքների, ապա տնտեսական ակտիվության եւ հետո միայն գների վրա։ Բացի այդ, գնաճի 12-ամսյա թիրախը սահող է (ոչ թե տարեկան), ինչը նշանակում է, որ Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականությունն ուղղված է գնաճի կանխատեսված մակարդակի եւ նպատակային թիրախի միջեւ շեղումների նվազեցմանը ողջ տարվա ընթացքում։ Այս պարագայում, ըստ էության, 12-ամսյա գնաճի թիրախավորումը նույնանում է միջին գնաճի թիրախավորման հետ։ Ըստ այդմ, միջին գնաճի թիրախավորման նպատակահարմարությունը վերանում է»։
Կարճ ասած՝ կառավարությունը հորդորում է ավելորդ լարվածության մեջ չընկնել, քանի որ անկախ գնաճի թիրախավորման ձեւից՝ իրենք ընթացքում քայլեր են անում գնաճի դեմ, որի արդյունքներն ի հայտ գալու համար ժամանակ է պետք։ Եվ քանի որ 12-ամսյա ցուցանիշը միշտ հաշվարկվում է, ապա վերջնական արդյունքին հասնելու համար կառավարությունը պայքարում է նաեւ ընթացիկ գնաճի դեմ։ Ակադեմիական առումով, ամեն ինչ ճիշտ է։ Խնդիրը սակայն այն է, որ մինչ այդ «լագային ազդեցությունը» ի հայտ է գալիս, բնակչության մեծ մասը սնանկանում է։
Ի դեպ, ՀՅԴ-ն նաեւ մեկ այլ ուշագրավ առաջարկ էլ էր ներկայացրել՝ «սահմանել պատասխանատվություն Կենտրոնական բանկի եւ այլ մարմինների համար՝ գնաճի թիրախավորված ցուցանիշը 50%-ից շեղման դեպքում»։ Պարզ ասած, առաջարկել են մի մեխանիզմ, որը թույլ չի տա հետո անմեղ դեմքով ասել՝ դե, ի՞նչ արած, չստացվեց ցածր գնաճ ապահովել։ «Ընդհանրապես, աշխարհում չկա նման փորձ, որ Կենտրոնական բանկը կամ որեւէ այլ մարմին գնաճի նպատակային թիրախից շեղման պարագայում ավտոմատ ենթարկվի պատասխանատվության»,- նշել են Ֆիննախի փորձագետները՝ ասվածը համեմելով թափանցիկության, լծակների, գնաճի վրա ազդող երեւույթների եւ այլնի մասին բավական ծավալուն դասագրքային ճշմարտություններով։
Մի խոսքով, մեր հայրենակիցները պետք է մխիթարվեն նրանով, որ հայրենի պետությունը հոգ է տանում իրենց մասին (թեպետ իրենք դրա արդյունքը չեն զգում ողջ տարվա ընթացքում)։ Իսկ ովքեր այնուամենայնիվ չեն հավատում, որ կառավարությունն ու ԿԲ-ն իրոք աշխատում են այս ուղղությամբ, ապա կարող են համոզվել՝ աչքի անցկացնելով ինտերնետում առկա հարուստ տեղեկատվությունը։ Հոգ չէ, որ բրինձ գնելու փողը հազիվ հայթայթող մեր հայրենակիցը iPad-ի կամ «նոութբուքի» մասին գիտի միայն հեռուստատեսությունից։ Կարեւորը՝ անվճար Wi-Fi ինտերնետը կա։