Արհեստական ինտելեկտ ստեղծելու ճանապարհին

17/06/2011

ՀՀ կառավարությունը երեկվա նիստում հավանություն է տվել ՀՀ գիտության ոլորտի զարգացման 2011-2015թթ. ռազմավարական ծրագրին եւ դրա միջոցառումների ժամանակացույցին, «մի փաստաթուղթ, որը ոլորտի զարգացման թիրախային նպատակակետերի, դրանց հասնելուն ուղղված միջոցառումների իրականացման արդյունավետության գնահատման չափորոշիչների ամբողջությունն է» (մեջբերում պաշտոնական հաղորդագրությունից)։ Հասարակ մահկանացուներին անհասկանալի թվացող այս նախադասությունը, պարզվում է, շատ կարեւոր իմաստ ունի եւ ազդարարում է մեր գիտության զարգացման հեռանկարը։ Ընդ որում, պարզվում է նաեւ, որ մեր գիտությունն արդե՛ն իսկ զարգացել եւ զարգանում է, իսկ վերը նշված փաստաթղթերը պարզապես է՛լ ավելի առաջ են տանելու այն։ Նման եզրակացության հիմք տալիս է կառավարության նիստի մասին պատմող հաղորդագրության համապատասխան բաժնի ենթավերնագիրը՝ «Հետագա զարգացում կստանա գիտության ոլորտը»։