Նկատողություն է արել

17/06/2011

Նախօրեին տեղի ունեցած ասուլիսում ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը նկատողություն է արել ադրբեջանցի լրագրողին: Երբ լրագրողը հարցրել է, թե ինչ ակնկալիքներ կան հունիսի 24-ին Կազանում կայանալիք ՀՀ, ՌԴ եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից` իր հարցում օգտագործելով «օկուպանտ» եւ «ագրեսոր» բառերը ՀՀ-ի վերաբերյալ, Լուկաշեւիչն ասել է. «Նախեւառաջ կցանկանայի խնդրել մեր կոլեգաներին հետեւել իրենց բառապաշարին: Օգտագործված ձեւակերպումները կոռեկտ չեն, իսկ հաշվի առնելով գործընթացի զգայունությունը` միանգամայն անընդունելի»: Այնուհետեւ հավելել է, թե քիչ չեն սպասելիքներն առաջիկա հանդիպումից` ասելով, որ առաջիկա հանդիպմանը նախատեսվում է քննարկել ԼՂ հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների փաթեթը: Նաեւ հիշեցրել է, որ այդ փաստաթղթի ձեւակերպումները մշակվել են Մոսկվայում ապրիլին եւ հունիսին կայացած 3 երկրների արտգործնախարարների հանդիպումների ընթացքում, որոնց արդյունքում հաջողվել է մոտեցնել դիրքորոշումները մի շարք հարցերում: Լուկաշեւիչի խոսքով, նախագահները կքննարկեն դրանք եւ համապատասխան որոշում կկայացնեն: