«Անգամ գնչուներն են անցել նստակյաց կյանքի, իսկ մենք քոչվորի կյանքով ենք ապրում»

17/06/2011 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Շվեյցարիա կատարած իր պաշտոնական այցի ժամանակ մեր երկրի նախագահը հայտարարել էր, թե թուրքերը փորձում են սեպ խրել Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ: Ապա վստահեցրել, որ նման բան թույլ չենք տա: Իհարկե, նախագահի լավատեսությունը Շվեյցարիայի սահմաններում հասկանալի է: Սակայն իրականությունը, կարծես, այլ է` Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ հարաբերությունները գրագետ չեն կազմակերպվում, հետեւաբար առաջանում է քաղաքակրթական անջրպետ, որ պակաս ցավոտ ու ավելի արագ է դարձնում հայկական սփյուռքի ձուլումը: Այս թեմայով առավել հանգամանորեն կարող է խոսել մշակութաբան, երգասաց Վահրամ Թաթիկյանը, ում հարազատների մեծ մասն այսօր էլ սփռված է աշխարհով մեկ, ով ինքն էլ մանկության շրջանում ճաշակել է «փաղաքշական» «ախպարի ճուտ» արտահայտությունը:

– Պարո՛ն Թաթիկյան, մեզ թյուրիմացորեն թվում է, թե Սփյուռքին կենդանի հումք մատակարարելով` կարողանում ենք այն պահպանել: Սակայն Եղեռնից անմիջապես հետո ձեւավորված Սփյուռքը եւ վերջին մի քանի տասնամյակում Հայաստանից արտագաղթած հայերից կազմված գաղթօջախները մշակութաբանորեն, մենթալիտետով տարբեր խմբեր են: Եղեռնից հետո մարդիկ ստիպված են հայտնվել աշխարհի տարբեր երկրներում, երկրորդ դեպքում` երկրից մեկնել են կամավոր: Առաջին դեպքում մարդիկ դժվարությամբ, բայց փորձում են պայքարել ինքնությունը պահպանելու համար, երկրորդ դեպքում կամավոր ձուլվում են:

– Կա երկու ժողովուրդ` միանման ճակատագրով` հայերն ու հրեաները: Այս երկուսն էլ ազգովի տարհանվել են: Պաշտոնական մարդահամար առաջինը հրեաներն են սկսել. Հին կտակարանում մեկ առ մեկ կա` քանի գյուղ ու բնակիչ ունեն, հետեւաբար կարող ենք պատկերացնել, որ մոտավորապես գաղթել է 300.000 հրեա: Հիմա հրեաները միակ ժողովուրդն են, որ մարդահամար չեն անում: Արգելված է: Իսկ նրանց իրական թիվը մոտ 50 միլիոն է: Այսինքն` այդ 300.000-ը 2000 տարվա ընթացքում դարձել է 50 միլիոն: Հայերը գաղթել են միլիոններով, եւ նրանց քանակն այսօր այնքան է, ինչքան գնացել են: Հրեաներին Մովսեսը տարավ, պտտացրեց, մի քանի օրվա ճանապարհը 40 տարում անցան, եւ ասաց` մինչեւ ստրկության մեջ ծնված վերջին մարդը չմահանա, մենք Ավետյաց երկիր չենք գնա: Մենք Մովսես չենք ունեցել, եւ ստրուկ եղած ժամանակների հոգեբանությունը պահպանել ենք: Եվ հետո` արտագաղթը մեզ մոտ սկսվել է անհիշելի ժամանակներից, հայ ժողովրդի առաջացումից ի վեր` մոտ 4000-4500 տարի առաջ: Օրինակ` 4-րդ դարում մեր Արշակունյաց թագավորության վերացումից հետո ովքե՞ր արտագաղթեցին, գիտե՞ք, մեր ողջ ռազմական վերնախավն ու այրուձին, որ աշխարհում առաջինն էր: Մի մասը գնաց Պարսկաստան, մյուս մասը` Բյուզանդիա: Հայերի թիվը պատմական Հայաստանի տարածքում իր բնական աճով պետք է այսօր 130 միլիոն լիներ:

– Ուզում եք ասել` արտագաղթը բնորոշ է հատկապե՞ս հայերին:

– Այո՛: Այսօր հայերն անգամ գնչուների հետ կարող են մրցել: Գնչուներն անցել են նստակյաց կենցաղի, իսկ մեր հայրենակիցներն այսօր քոչվորի կյանքով են ապրում: Եկեք չթաքցնենք ճշմարտությունը, ճիշտ ախտորոշենք իրավիճակը. այսօր մենք չափազանց շարժուն ժողովուրդ ենք դարձել:

– Ինչո՞վ է պայմանավորված մեր այդ ընդգծված առանձնահատկությունը:

– Պատճառները շատ են: Սուտ է, թե եկել են, հարձակվել են Հայաստանի վրա, այդ պատճառով էլ մարդիկ արտագաղթել են: Հայաստանի աշխարհագրական դիրքն ամենաբարենպաստն է, եւ այն, որ մենք այսօր գոյություն ունենք, նաեւ դրա շնորհիվ է: Բոլոր երկրներն էլ ուզում են այստեղ ունենալ հենատեղի, թե չէ այս փոքր կտորն էլ չէր լինի: Իսկ մենք չենք կարողանում օգտագործել մեր երկրի աշխարհագրական տարածքի առավելությունները: Տեսե՛ք, հրեաներն ունեցան մի գաղափարախոսություն, որը կոչվում է «սիոնիզմ» եւ գալիս է սուրբ Սիոն սարի պաշտամունքից: Մենք ունենք արարատակենտրոնություն, որը ստեղծվեց մի մարդու կողմից, ում մինչ օրս էլ գավառամիտ որոշ բանաստեղծներ ծաղրում են: Խոսքը Հովհաննես Շիրազի մասին է: Նրան հաջողվեց հայ ժողովրդին հավաքել երկու գաղափարի շուրջ` Անի (կորսված մայրաքաղաք) եւ Արարատ: Եվ այդպիսով հայաստանցիներին եւ սփյուռքահայերին դարձրեց մի օրգանիզմ:

– Դուք անկեղծորե՞ն կարծում եք, որ Հայաստանն ու Սփյուռքը մեկ օրգանիզմ են:

– Այսօր` ոչ: Երբ անկախություն չունեինք, հայերն արտագաղթում էին այն երկրներ, ուր կկարողանային գոյատեւել: Հիմնականում` քրիստոնեական` Լեհաստան, Բուլղարիա, Ֆրանսիա: Ձուլվելու համար պետք էր կրոնափոխ լինել, ինչը տեղի է ունենում երկու, երեք սերունդ հետո: Իսկ հիմա խառնվել են արաբների հետ, այն էլ` Լիբանանի, Սիրիայի նման երկրներում:

– Սակայն Մերձավոր Արեւելքի հայերն ավելի պահպանողական են, ավելի դժվար են ձուլվում, քան քրիստոնյաները:

– Ո՛չ: Ես Լիբանանում տեսա ու զարմացա, թե ինչ արագությամբ ու քանակով են ձուլվում: Հայ մնալը արտասահմանում թանկ հաճույք է: Պահել մեկ ուսուցիչ, մեկ դպրոց, հավատացեք, մեծ գումար է: Անգամ ամենահայտնի վարժարանները բաժանված են ռամկավարների, դաշնակցականների, հատուկենտ հնչակյանների միջեւ: Այսօր հայեցի սերունդ կարողանում է դաստիարակվել թերեւս միայն դաշնակցական վարժարաններում:

– Հնարավո՞ր է ժամանակը, իրավիճակն ուղղորդել այնպես, որ հաջողվի փրկել մեր հայրենակիցներին ուծացումից: Սփյուռքն, ամեն դեպքում, կենդանի օրգանիզմ է, եւ այն մեր գիտեցած հնամաշ սխեմայով կառավարել հնարավոր չէ:

– Հայաստանի` ԽՍՀՄ կազմում լինելը խթանեց, որ մեր շատ հայրենակիցներ սփյուռքում հայ մնան: Առաջին ներգաղթը 28 թ.-ին էր: Եղեռնի առաջին սերունդն էր, եւ նրանց «ախպար» չեն ասել: Թե ինչո՞ւ 46 թ.-ին կազմակերպվեց երկրորդ ներգաղթը, որեւէ լուրջ հետազոտություն դեռ չեմ տեսել: Սփյուռքի հայերը կարծում էին, որ Հայաստանն այն վայրն է, որտեղից իրենք անցնելու են Արեւմտյան Հայաստան: Սակայն նրանց բերեցին Ալթայ, Սիբիր քշելու, ԽՍՀՄ դեմոգրաֆիկ խնդիրները լուծելու եւ, ամենակարեւորը. քանի հայերն ապրում էին սփյուռքում, նրանց հնարավորությունները` տեր կանգնել Սեւրի պայմանագրին, ցույց տալու, որ իրենք տարագիր ազգ են, մեծ էր: Իսկ նրանց համոզեցին, թե գնում ենք հայրենիք: Երբ վիճում էին` ՀՀ-ն կոչեն Արարատյա՞ն Հանրապետություն, թե՞ Առաջին Հանրապետություն, կատարվեց առաջին սխալը`արմենականներն ասացին` մենք արեւմտահայ ենք, կոչենք Արարատյան Հանրապետություն: Հետո Հայաստանը դարձավ խորհրդային: Երբ հռչակեցինք 3-րդ Հանրապետությունը, նույն սխալը պիտի չանեինք: Պիտի կոչվեինք Արեւելյան Հայաստանի Հանրապետություն: ՄԱԿ-ը մեզ կֆիքսեր այն անունով, որով մեզ անկախ հռչակեինք: Սփյուռքի գործն էլ կթեթեւանար: Մարդիկ կհարցնեին` սա Արեւելյան Հայաստանն է, տեսնես Արեւմտյա՞նը որտեղ է: Կասեին` օկուպացված է Թուրքիայի կողմից: Վե՛րջ: Սա ցույց է տալիս մեր քաղաքական մտքի խճողվածությունը:

– Հիմա ունենք պետություն, սակայն անգամ այս տարածքն էլ, ըստ էության, յուրացված չէ. կան հեկտարներով անմշակ հողեր, կիսադատարկ գյուղեր: Այս տարածությանը կարող ենք տալ գեղեցիկ անվանում` Նաիրի, Ուրարտու, Արարատյան Հայաստան… Սակայն դրանից իրականությունը չի փոխվի:

– Մեր առաջին նախագահին, ով եւս սփյուռքահայ էր, Սփյուռքում շատ էին հավատում: Բավական էր, որ իր նախագահության տարիներին նա կոչով դիմեր աշխարհով մեկ սփռված մեր հայրենակիցներին` վերադառնալ եւ միասին կառուցել մեր երկիրը: Նրա կոչին կարձագանքեին: Սակայն այդ քայլը չարեց: Ավելին` նա իր հետ բերեց իր հատվածական մտածողությունը: Համախմբման կոչ ոչ միայն չհնչեց, այլեւ սկսեցին ուրախանալ` որքան արտագաղթող կա, այնքան պակաս ուտող բերան կա: Հայաստանից այս արտագաղթը, եթե կուզեք, տվեց Սփյուռքի վերջը: Արդեն իսկ Սփյուռքը սկսել էր թուլանալ: Երկրաշարժը եւ Ղարաբաղյան պատերազմը հետաձգեցին Սփյուռքի հոգեւարքը. ոգին փրկեց դրությունը: Հայրենիքի փրկությունը մի գաղափար էր, որը լարեց սփյուռքի ուժերը: Սփյուռքից աղետի գոտի սկսեց մեծ օգնություն ուղղվել: Ի պատասխան` այստեղ առաջացավ երկրաշարժի մաֆիա: Առաջացավ Ղարաբաղի պատերազմի հաշվին սնվող մաֆիա: Եվ մարդիկ տեսան, որ իրենց կթու կովի տեղ են դնում:

– Հայաստանում հավատացած են, որ Սփյուռքի մեր հայրենակիցները պարտավորություններ ունեն Հայաստանի առաջ, որոնք կատարելը նրանց «հոգու պարտքն» է:

– Եթե ուզում ես ինչ-որ բան փոխել, մնա եւ պայքարիր: Այսօր Երեւանի բնակչությունն այնքան է, որքան անկախացումից առաջ: Միայն Երեւանից 600.000 մարդ է գնացել, սակայն այդ տեղը դատարկ չէ: Եկել են մարդիկ, ովքեր հոգեբանորեն պատրաստ չէին մայրաքաղաքի բնակիչ լինել եւ իրենց բոստանային հոգեբանությունը բերեցին այստեղ: Առաջին արտագաղթողներն անկախացման առաջին երեք տարում հեռանալով` իրենց հետ տարան ազգային մեծ հարստություն: Տարբեր գնահատականներով` 10 միլիարդ դոլար: Բարեկեցիկ մարդիկ այլեւս չեն ուզում հեռանալ: Նրանք մնալու նոր հիմնավորում են գտել` բացում են այլընտրանքային, էլիտար դպրոցներ, շահագործում են Հայաստանի ընդերքը: Հայը մի քիչ կոնսերվատիվ է: Նրանք հիմա էլ կարող են իրենց երեխաներին ուղարկել աշխարհի լավագույն ուսումնական կենտրոնները, սակայն հայ են եւ վախենում են, որ երեխաներն առանց իրենց օջախների` կօտարանան: Մտածել են` թող կրթությունը ստանան այստեղ, հետո ամբողջ ընտանիքով կգնանք: Այն հայը, ով ցանկանում է բնակվել այս հողի վրա, վայրի ձեւով չի հարստանա` կտրելով անտառներն ու շահագործելով հանքերը: Դրա համար է օտարալեզու այս դպրոցների աժիոտաժը: Մելքոնյանի նման դպրոցը կարող էր այլընտրանք դառնալ նրան, ինչ Նորքի բարձունքում ուզում են սարքել Բարեգործականն ու Լուիզ Սիմոնը, ով զբաղված է հայկական դպրոցներ փակելով: Լիբանանում հայկական դպրոցներ չթողեց, աշխատավարձ չի տալիս անգամ հայ ուսուցիչներին: Իսկ Մելքոնյան վարժարանը փակվեց… ապրիլի 24-ին:

– 21-րդ դարն է, աշխարհը գնալով փոքրանում է: Արտագաղթողները կարող են հետաքրքրվել` ինչի՞ համար է պետք ամեն գնով պայքարել ինքնությունդ չկորցնելու համար:

– Մարդիկ ինչո՞ւ են Սփյուռքում ուզում պահպանել իրենց ինքնությունը, հայ մնալ, հայերենով կրթություն ստանալ: Որ վերադառնան իրենց պատմական հայրենիք: Երբ պատմական հայրենիքի գաղափարը հանվում է, նրանց որպես հայրենիք է հրամցվում մի երկիր, որն իրենցը չէ: Խորհրդային շրջանում հիանալի հասկանում էին, որ քարոզչության ինչ հզոր միջոց է տարագիր հայությունը, որ ինչի հետեւանք է հայկական Սփյուռքի առաջացումը, որ այդտեղ իրենց դերակատարությունն են ունեցել նախ` Ռուսական կայսրությունը եւ հետո` սովետական կարգերը, ըստ որում` յուրաքանչյուրը տարբեր նպատակներով: Ի տարբերություն Ռուսաստանի` մեզ մոտ Սփյուռքը պետք է դիտվեր միմիայն որպես Մեծ ցեղասպանության հետեւանք: Հայ ժողովուրդը դրանից հետո երկու անգամ հրաշք գործեց, մի անգամ Անտանտի զորքերի մեջ ընդգրկված Արեւելյան լեգիոնով ազատագրելով Կիլիկիան, որը անգլիացիների փոխանցմամբ ընդունած ֆրանսիացիները ուխտադրուժ կերպով հանձնեցին թուրքերին, իսկ մեկ ու կես տասնամյակ հետո էլ` Ալեքսանդրեթի սանջակը` հերոսական Մուսալեռով: Երկրորդ սխրագործությունն այն էր, որ հայության եղեռնապուրծ մնացորդները ձեւավորեցին մի բարդ, գործող օրգանիզմ` Սփյուռքը, որն ուներ իր կրթական, մարզական, մշակութային, բարեգործական կառույցները, բազմակուսակցական քաղաքական համակարգը, ինչը հայ ժողովրդին հնարավորություն էր տալիս մանեւրելու հատկապես սառը պատերազմի բարդ ժամանակաշրջանում:

– Ձեր ասածից հետեւում է, որ Սփյուռքը Եղեռնից հետո պարգեւ էր հայ ժողովրդին, որը պետք էր պահպանել ամեն գնով:

– Սփյուռքը մի յուրօրինակ կառուցվածք էր, որն ուներ պետության բոլոր հատկանիշները` բացի տարածքից: Անգամ այնպիսի զարգացած լեզվի գոյությունը, ինչպիսին արեւմտահայերենն էր, զորեղ փաստարկ էր հայ ժողովրդի երկու պետություն ունենալու իրավունքին, եւ այդ պետությունն ի վիճակի էր Հայ դատին տեր կանգնելու, Սեւրի պայմանագիրը ոգեկոչելու միջոցով հասնել անկախության, որը չէր մտնում եւ ոչ մի պետության ծրագրի մեջ: Ուստի` հայկական սփյուռքը թուլացնելու նպատակով նախ կազմակերպվեց նրա առաջադեմ հատվածի հայրենադարձությունը, այնուհետեւ եղան ամեն կարգի ճնշումներ: Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի ընկերության հենքի վրա 1965թ. ստեղծվեց ՍՓՅՈՒՌՔԻ ԿՈՄԻՏԵՆ, որի հիմքի վրա, որպես նրա արդեն գաղափարական ճնշումներից ձերբազատված ժառանգորդի, կարող էինք ունենալ Սփյուռքի պատմության ինստիտուտ, իսկ նրա հետազոտությունների եւ հանձնարարականների վրա` Սփյուռքի նախարարություն: Սակայն, ինչպես Անկախության հռչակումից հետո գրեթե բոլոր ոլորտներում` այդ ամենը փոշիացավ: Այսօր ո՛չ շենքը կա, ո՛չ արխիվը, ո՛չ գրադարանը, ո՛չ նրա երբեմնի բանիմաց կադրերը: Սրա հետեւանքով` շատ ուշացումով ստեղծված Սփյուռքի նախարարությունն էլ մի ավելորդ կառույց է, որը պարզ չի` ինչ գործառույթներ է կատարում: Սակայն վախենամ, որ դա ուրիշ խոսակցության նյութ է, քանի որ Սփյուռքի մասին կա՛մ պետք չէ անգամ խոսակցություն սկսել, կա՛մ, եթե արդեն սկսել ես, պետք է փորձել հնարավորինս օգտակար լինել այդ կնճռոտ հարցերի պարզաբանմանը: