Եվս մեկ ընտանիք Թուրքիայի իշխանություններից ապաստան կխնդրի

17/06/2011 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Մեր թերթի նախորդ համարներից մեկում անդրադարձել էինք Տերյան 11 եւ 13 հասցեի բնակիչների խնդրին: Հիշեցնենք, որ ՀՀ Կառավարության որոշմամբ` Տերյան եւ Պուշկին փողոցների հատման տարածքի հասցեն ճանաչվել էր բացառիկ գերակա հանրային շահ, այնուհետեւ որպես կառուցապատող ճանաչվել էր «Դվին հոլդինգ» ՓԲԸ-ն, որի տնօրենն է «Շկոդա» ավտոսրահի սեփականատեր Ռաֆիկ Սարգսյանը:

2010թ. ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել դադարեցնել «Դվին կոնցեռնի» լիազորությունն այդ տարածքի նկատմամբ եւ կառուցապատման իրավունքը վերապահել նոր` «Միլենիում Կոնտրակշըն» ՍՊԸ-ին: Ի դեպ, նշենք նաեւ, որ Տերյան 11 շենքը համարվում է պատմական շենք, քանի որ դեռեւս 1940թ. կառուցված այդ շինությունը եղել է Սովետական իշխանության Հատուկ ծառայության վարչական շենքը:

«Դեռ սովետական տարիներին այդ շենքը համարվում էր պատմական, ու շատ տուրիստներ էին գալիս: Շենքը դարձրել էին բնակելի եւ հատկացրել էին ԿԳԲ աշխատակիցներին: Բնակարանների բարձրությունը շատ մեծ է եւ ոմանք նույնիսկ դարձրել էին երկհարկանի բնակարաններ: Էն տարիներին էլ ուզում էին քանդել թե ձեւափոխել, բայց իշխանությունները թույլ չէին տալիս` ասելով, որ դա հատուկ շենք է»,- պատմում է նույն շենքի բնակչուհի Սոֆիա Հակոբյանը, ով այցելել էր խմբագրություն` որոշ մանրամասներ ներկայացնելու` կապված ինչպես` «Դվին կոնցեռնի», այնպես էլ` «Միլենիում Կոնտրակշընի» գործունեության հետ: Բանն այն է, որ մեր նախորդ հրապարակումը պատրաստելիս բնակիչների դժգոհությունների վերաբերյալ պարզաբանում էինք ստացել նաեւ «Միլենիում Կոնտրակշըն» ՍՊԸ տնօրեն Հարություն Թադեւոսյանից: Վերջինս մեզ հետ զրույցում վստահեցնում էր, որ վերոնշյալ հասցեի բոլոր բնակիչների բնակարանային պահանջներն ընկերությունն ապահովել է պայմանագրերին համապատասխան: «Այդ տարածքի բոլոր բնակիչների պահանջները բավարարվել են, բացի Գրիգոր Ղուկասյանից, քանի որ նա հրաժարվում է ընդունել իմ առաջարկները: Ավելին` գնահատող կազմակերպությունը նույնիսկ մի բան էլ նրա բնակարանին բարձր գին է սահմանել»,- մեզ հետ զրույցում ասել էր Հ. Թադեւոսյանը: Հիշեցնենք, որ Տերյան 11 շենքի բնակիչ Գ. Ղուկասյանին «Միլենիում Կոնտրակշըն» ՍՊԸ-ն առաջարկում է 6 մլն դրամ փոխհատուցում: Թեեւ Գ. Ղուկասյանը հրաժարվում է այդ գումարից եւ չի լքում բնակարանը, այդուհանդերձ, դատարանը վճիռ է կայացրել հօգուտ «Միլենիում Կոնտրակշընի»: Այնպես որ` նրա ընտանիքին շուտով կվտարեն տարածքից: Վերջինս, ինչպես նշել էինք, դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

«Ինձ ՀՀ նախագահի աշխատակազմից օրեր առաջ ասացին, որ պատասխանը գնացեք քաղաքապետարանից ստացեք: Գնացի, էնտեղից ասում են` գնացեք ԾԻԳ-ից (Ծրագրերի իրականացման գրասենյակ) ստացեք: Գնացի ԾԻԳ, էնտեղից էլ ասում են` դուք գնացե՛ք, մենք փոստով կուղարկենք: Ասում եմ` պետք չի, բյուջեից փող մի ծախսեք փոստով ուղարկեք: Դուք օր նշանակեք, ես անձամբ կգամ պատասխանը կվերցնեմ: Բայց չէ` մինչեւ քաղաքացուն տանջամահ չանեն, թուղթ չեն տա»,- ասում է Գ. Ղուկասյանը, ով առայսօր պատասխան չի ստացել: Ինչեւէ, Գ. Ղուկասյանը հայտարարում է, որ «Միլենիում Կոնտրակշըն» ՍՊԸ տնօրեն Հ. Թադեւոսյանի մեր թերթին տված պարզաբանումները «սուտ» են եւ չեն համապատասխանում իրականությանը: Նրա խոսքերը հաստատում է նաեւ նույն շենքի մեկ այլ բնակիչ Սոֆիա Հակոբյանը, ով նույնպես հրաժարվել է պայմանագիր կնքել ինչպես նախկին կառուցապատող «Դվին կոնցեռնի», այնպես էլ` ներկայիս «Միլենիում Կոնտրակշըն» ՍՊԸ-ի հետ: «Նա թերթին ասել է, թե իբր բոլոր բնակիչների խնդիրները հարթված են, բայց իմ ընտանիքին էլ են գցել դռնեդուռ: 68քմ կազմող մեր բնակարանի համար առաջարկում են ընդամենը 22 մլն դրամ: Մեր ընտանիքը բաղկացած է 15 անձից, եւ պատկերացրեք` ես այդ գումարով ի՞նչ բնակարան գնեմ, ո՞նց գնեմ: Կարելի՞ է էսքան անմարդկային լինել: Բոլոր փող ունեցողները գալիս աչք են տնկում խեղճ մարդկանց տների վրա, հանում, դուրս են շպրտում ու իրենց համար փող են աշխատում»,- վրդովված ասում է Ս. Հակոբյանը` վստահեցնելով, որ դեռեւս 2008թ. «Դվին կոնցեռն» ՓԲԸ-ի հետ պայմանագիր չի կնքել, քանի որ իր 68քմ կազմող բնակարանի չափագրումը սխալ են կատարել եւ փոխարենը պայմանագրում 50քմ են ներկայացրել: Բազմաթիվ դժգոհություններից հետո կրկին չափագրումներ են կատարել եւ բնակարանի վերջնական ընդհանուր մակերես են սահմանել 60քմ: Ներկայումս «Միլենիում Կոնտրակշըն» ՍՊԸ-ն, չգիտես ինչու, առաջարկում է փոխհատուցել 50քմ կազմող բնակարանի համար` 22 մլն դրամ: «Ի սկզբանե պարզ էր, որ խաբեություն է: «Դվին կոնցեռնը», իբր, սնանկացավ, հիմա էլ` «Միլենիում Կոնտրակշընն» է զբաղվում, բայց իրականում նույն մարդիկ են ետեւում կանգնած, որոնք` ընկերության անունը փոխելով, իրենց պարտավորություններից են խուսափում: Ամուսինս` Ղարաբաղում կռված, երեք տղաներս` Ղարաբաղում ծառայած, ախր էս ի՞նչ են անում մեր հետ: Անցյալ տարի ամուսինս մահացավ: Ես նույնիսկ իրենց առաջարկել, ասել եմ` երեք հատ մեկ սենյականոց ծայրամասում գնեք տվեք, բայց էլի համաձայն չեն: Երեք տղաներս, հարսների, թոռների հետ ո՞ւր գնանք, էդ գումարով ի՞նչ տուն առնենք»:

Ի դեպ, ամբողջ խնդիրը նաեւ այն է, որ այս երկու բնակիչները Տերյան 11 շենքի բնակարանների սեփականատերեր չեն, այլ հանդիսանում են որպես օգտագործողներ: Թեեւ նրանք կամ նրանց ծնողները շենքում բնակվել են 1940 թվականից, այդուհանդերձ տարիների ընթացքում ինչ-ինչ խնդիրների պատճառով չեն հասցրել գրանցել իրենց սեփականաշնորհման իրավունքը. «Այդ հանգամանքն օգտագործելով` ուզում են գրոշներով մեզ փողոց շպրտեն: Վերջին տարիներին մենք իսկապես կարող էինք սկսել սեփականաշնորհման գործընթացը, բայց եղել են ընտանեկան խնդիրներ, իսկ հիմա էլ չենք կարող, որովհետեւ իրացման գոտի է համարվում»: Չնայած դրան, ընկերության կողմից պայմանագրեր ստանալիս նրանց դիմում են որպես սեփականատերեր, ինչն առնվազն զարմանալի է: Ինչեւէ, Տերյան 11 շենքը թեեւ ներկայումս կիսաքանդ է, այդուհանդերձ, դեռ մարդիկ բնակվում են այնտեղ: Ս. Հակոբյանը վստահեցնում է, որ ավերված շենքի իրենց բնակարանում այլեւս անհնար է գոյատեւել, քանի որ պատերն արդեն փլվում են, իսկ կոյուղու խողովակաշարի գարշահոտը հիվանդության բուն է: «Մի քանի ամիս առաջ տուն վարձեցինք ու տեղափոխվեցինք, բայց արդեն անհնար է: Ինչքա՞ն կարելի է վարձ տալ, ընդ որում` մենք ենք տալիս, ոչ թե ընկերությունը: Թոռնիկներս մշտապես հիվանդ էին, բժիշկն ասում էր` եթե չեք ուզում ձեր երեխաները հիվանդ մեծանան, ուրեմն` դուրս եկեք էդ տնից: Վերեւից քանդված առաստաղից ներթափանցող անձրեւաջուրն էր, ներքեւից էլ` կոյուղաջրերը: Արդեն անհնար է, թող դատարանով գան, մեզ վտարեն, մենք էլ` 15 հոգով ընկնենք փողոցները: Փողոցները չենք ընկնի, մենք էլ կդիմենք Թուրքիայի իշխանություններին ու ապաստան կխնդրենք»: Ս. Հակոբյանը ՀՀ իշխանություններին կոչ է անում հետամուտ լինել այս խնդրին եւ արձագանքել, հակառակ դեպքում եւս մեկ ընտանիք հրաժարվելու է Հայաստանի քաղաքացիությունից եւ գնալու է Թուրքիա: «Ինչպես որ «Դվին կոնցեռնն» էր ցանկանում բնակիչներին «քցել», էնպես էլ` նույն քաղաքականությունը վարում է «Միլենիում Կոնտրակշընը»: Այսինքն` նույն մարդիկ են, որոնք շարունակում են մարդկանց փողոց շպրտելու գնով փող աշխատել: Ասում են` «Դվին կոնցեռնը» սնանկացել է, բայց սուտ է, դրա տնօրեն Ռաֆիկ Սարգսյանը բնակվում է Հյուսիսային պողոտայի էլիտար շենքում: Դուք գնացեք ու սնանկացող մարդու տունն ու մեքենաները տեսեք: Անունը դրեցին սնանկանալ, որ պարտավորություններից ազատվի: Երկու կազմակերպությունները նույն հասցեում են ու նույն քաղաքականությունն են վարում»,- վրդովված ասում է Ս. Հակոբյանը:

Ի դեպ, մեր խմբագրություն էր եկել նաեւ Գեղամ Մելիք-Գեւորգյանը, ով նույնպես Տերյան 11 շենքի բնակիչներից է, եւ «Դվին կոնցեռնի» գործունեությունից տուժած: Բանն այն է, որ դեռեւս 2008թ «Դվին կոնցեռնը» բնակիչներին առաջարկել է ստորագրել մի պայմանագիր, ըստ որի` նրանք պարտավորվում են երկու տարի վարձակալությամբ ապրել այլ բնակարաններում, մինչեւ ընկերությունը նրանց կապահովի բնակարաններով:

«Պայմանագրով «Դվին կոնցեռնը» պարտավորվում էր ամսական 70.000 դրամ տրամադրել` որպես բնակարանի վարձ, մինչեւ մեզ բնակարան կտրամադրեն: Սակայն հետագայում հրաժարվեց էդ գումարը տրամադրել: Ես ընկա դռնեդուռ, որովհետեւ վարձով ապրելու գումար չունեի: Վեց ամիս ինձ ոչ մի գումար չտվեցին»,- ասում է Գ. Մելիք-Գեւորգյանը, ում ընկերությունը պարտք է 420.000 դրամ: Դատարանով ապացուցվել է, որ «Դվին կոնցեռն» ընկերությունը չի կատարել պայմանագրի կետը, եւ պարտավորեցվել է գումարը վճարել: «Դեռ էն ժամանակ, երբ պայմանագիրը կնքեցինք` ահավոր դժվարությամբ էին վարձի գումարը տալիս: Ժամերով սպասեցնում էին, որ շաբաթը 10.000 դրամ տան, էն դեպքում, երբ պայմանագրով նախատեսված էր վեց ամիսը մեկ վեց ամսվա գումարը տրամադրել: Առավոտվա 10-ից իրենց օֆիսում սպասում էինք մինչեւ երեկոյան 9-ը, որ մարդ ա 10.000 դրամ տային, էնքան էին ստորացնում` կռվով, պատերազմով: Հետո էլ սկսեցին ընդհանրապես չտալ: 8 ամիս էլ դատարանի դռներում էի: Երկու ատյանների դատարաններն էլ իմ օգտին են վճիռ կայացրել, ու եթե նրանք չդիմեն ՀՀ վճռաբեկ դատարան, ապա Հարկադիր կատարման ծառայության միջոցով այդ գումարը պիտի բռնագանձվի»: Ներկայումս Գ. Մելիք-Գեւորգյանը պայմանագիր է կնքել «Միլենիում Կոնտրակշընի» հետ, որը վճարում է բնակարանի վարձը եւ պարտավորվել է ապահովել բնակարանով: Մեզ հետ զրույցում «Միլենիում Կոնտրակշընի» տնօրեն Հ. Թադեւոսյանը նշել էր, որ չի պատրաստվում վճարել «Դվին կոնցեռնի» պարտքերը, քանի որ «Միլենիում Կոնտրակշընը» կապ չունի նրա հետ: Սակայն բնակիչները ճիշտ հակառակն են պնդում: