«Բիզնեսի եւ տեխնոլոգիաների երկխոսություն» խորագրով DigiTec բիզնես ֆորումն այս տարի կանցկացվի հունիսի 24-25-ը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիրում։ Ֆորումի կազմակերպիչն Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն է, գլխավոր գործընկերը՝ «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը՝ Beeline), պաշտոնական գործընկերը՝ «Մայքրոսոֆթ» ընկերությունը: Ֆորումին զուգահեռ` կանցկացվի նաեւ Մայքրոսոֆթ Ինովացիոն ֆորումը: Միջոցառման ընթացքում կիրականացվեն տեխնոլոգիական սեմինարներ եւ թեմատիկ կլոր սեղաններ, DigiTec Business ցուցահանդես, որի շրջանակներում տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի շուրջ 40 ընկերություններ կներկայացնեն տեխնոլոգիական վերջին լուծումներն ու ծառայությունները, որոնք նախատեսված են պետական մարմինների եւ գործարարների համար:
Իր նորագույն լուծումները բիզնես համաժողովում կներկայացնի նաեւ «Թասկ» ՍՊԸ-ն։ «Թասկը» հայաստանյան շուկայում առաջարկում է «Տոշիբա» ֆիրմայի տպիչների, բազմաֆունկցիոնալ տպագրական տեխնիկայի, ինչպես նաեւ` դրանց օպցիաների ամբողջ տեսականին: «Թասկ» ընկերության ներկայացրած արտադրատեսակի սպառողը բիզնես ոլորտն է։ Ինչպես նշում է ընկերության հիմնադիր-տնօրեն Ակսել Թեւոսյանը, «Տոշիբայի» տեխնիկան հզոր է, ֆունկցիոնալ լուրջ հնարավորություններ է տալիս սպառողին։ Այն իր մեջ ունի բազմաթիվ ֆունկցիաներ, որոնք ավտոմատացնում են բիզնեսի շատ գործընթացներ, որոնք հիմնականում վերաբերում են փաստաթղթաշրջանառությանը։ Վաճառելով տպիչ՝ «Տոշիբան» հասնում է նրան, որ բիզնեսը սկսում է տպել ավելի քիչ, եւ այդ ամենը` մեքենայի ֆունկցիոնալ հնարավորությունների շնորհիվ։ «Բացի այդ, մեր մեքենաները հնարավորություն են տալիս իրենց մեջ ներդնել տվյալների էլեկտրոնային արխիվների ստեղծման, ցանցում եղած ամբողջ տեխնիկայի կառավարման ծրագրեր եւ այլն»,- նշում է Ա. Թեւոսյանը։ «Թասկ» ընկերության տնօրենը տեղեկատվական տեխնոլոգիաները համարում է հայաստանյան բիզնեսի միակ փրկությունը։ «Հայաստանը, լինելով շատ փոքր երկիր, շատ լուրջ սահմանափակումների առաջ է կանգնեցնում գործարարին։ Ընկերությունները ստեղծվում են, զարգանում, եւ եթե արտահանող բիզնես չես, ինչ-որ մակարդակի հասնելով՝ հասկանում ես, որ այլեւս աճի տեղ չկա, քանի որ շուկան փոքր է։ Շահույթ ստանալու հաջորդ հնարավորությունը ծախսերը կրճատելն է։ Եվ տեղեկատվական տեխնոլոգիաները հենց այն գործիքներն են, որ հանգեցնում են ծախսերի կրճատման։ Այսինքն՝ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը հանգեցնում է գործընթացների ավտոմատացման, ժամանակի արդյունավետ օգտագործման եւ այլն։ Արդյունքում ունենում ենք լուրջ ձեռքբերում՝ ծախսերի կրճատման տեսքով։ Այս առումով տեղեկատվական տեխնոլոգիաները հայաստանյան բիզնեսի միակ փրկությունն եմ համարում։ Աստիճանաբար գործարար շրջանակը հասկանում եւ կարեւորում է այս խնդիրը։ Բանկային ոլորտը մեծ ուշադրություն է դարձնում տեղեկատվական տեխնոլոգիաներին։ Կարծում եմ՝ աստիճանաբար կրթական եւ առողջապահական ոլորտները եւս կհանգեն այն գաղափարին, որ նորագույն տեխնոլոգիաների ներդրման իրական խնդիր կա։ Մարդիկ ունեն այդ պահանջը եւ կամաց-կամաց փորձում են ներդնել։ Այսօր որոշ չափով շեշտը դրվում է հաշվապահական ծրագրերի վրա։ Բայց գալու է ժամանակը, որ սկսելու են մյուս պրոցեսները նույնպես ավտոմատացնել»,- նշում է Ա. Թեւոսյանը՝ ավելացնելով, որ ֆինանսատնտեսական ճգնաժամն օգնեց, որպեսզի մեզ մոտ բիզնես վարելու կուլտուրան բարձրանա։
Ա. Թեւոսյանի ակնկալիքները DigiTec բիզնես ֆորումից բավականին մեծ են։ Այս համաժողովին այցելում են մարդիկ, ովքեր հետաքրքրված են նոր տեխնոլոգիաներով։ Այն լավ հնարավորություն է գործարարներին ներկայացնելու ՏՏ նոր լուծումները։ «Գործարարները DigiTec բիզնես ֆորումին այցելում են արդեն իսկ որոշակի պահանջմունքով, որը պետք է առարկայացնել։ Եվ այդ պահանջմունքին համապատասխան պետք է կարողանանք ներկայացնել մեր ծառայությունները, ինչը հետագայում կստանա պայմանագրի տեսք։ Մեր նպատակն էլ հենց մարդկանց պահանջմունքներին համապատասխան մեր ծառայություններն ու ապրանքները ներկայացնելն է»,- ասում է Ա. Թեւոսյանը։
DigiTec բիզնես ֆորումին ներկա կլինեն հյուրեր «Տոշիբայից». Հայաստան են ժամանելու Toshiba Tec-ի Ռուսաստանի եւ ԱՊՀ տարածաշրջանի գլխավոր մենեջեր Կատրին Մասկը, որ կառավարում է ամբողջ գործընթացներն ԱՊՀ-ում, Ռուսաստանի Դաշնությունում եւ Վրաստանում, ինչպես նաեւ` ԱՊՀ տարածաշրջանում եւ Վրաստանում վաճառքների ղեկավար Դմիտրի Սոլովեյը։