Միջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը մեկ շաբաթ առաջ Հայաստան է ժամանել երկու նպատակով: Պարզվում է` Արթուր Աբրահամը պատրաստվում է ամուսնանալ: Սակայն ամեն ինչ` հերթականությամբ:
Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արթուր Աբրահամը նախ խոսեց այն մասին, թե ինչո՞վ էր պայմանավորված իր վերջին պարտությունը` Անդրե Ուորդի հետ մենամարտում: Պատճառն, ըստ նրա` մարտավարական սխալն էր: Հարցին, թե մեղադրո՞ւմ է արդյոք այդ պարտության մեջ մարզչին, քանի որ, ի վերջո, հենց նա է ընտրում մարտավարությունը, Արթուրը պատասխանեց. «Ես առհասարակ սովորություն չունեմ սեփական սխալների մեջ մեղավորներ փնտրելու: Երբ ես հաղթում եմ, այդ հաղթանակն իմն ու մարզիչինն է: Երբ պարտվում եմ` պարտվում ենք երկուսով: Իրականում պրոֆեսիոնալ բռնցքամարտիկն իրավունք չունի պարտության դեպքում արդարացման պատճառներ փնտրելու: Կամ հաղթում ես, կամ` պարտվում»: Անդրադառնալով հայերի սովորությանը` հաղթել` անհատական եւ պարտվել` թիմային մարզաձեւերում, Արթուրն ասաց. «Երեւի մի քիչ եսասեր ենք: Երեւի մեր արյան մեջ դրված է, որ պետք է հույսներս միայն մեզ վրա դնենք»: Հարցին, թե մարտերից բացի ի՞նչ ծրագրեր ունի իրականացնելու, Արթուրը պատասխանեց. «Իմ կարիերայի ավարտից հետո մտադիր եմ Հայաստանում հիմնել բոքսի դպրոց, որին կից կգործի նաեւ անգլերեն եւ գերմաներեն լեզուների դպրոց` հատուկ մարզիկների համար: Սակայն դա կիրականանա մի քանի տարի հետո միայն, քանի որ հիմա մտադիր եմ նվիրել ինձ իմ աշխատանքին: Չեմ կարող 100 %-ով նվիրել ինձ միաժամանակ երկու աշխատանքի: Հաստատ մի տեղ թերություն կառաջանա: Ավելի լավ է դպրոցի ծրագիրը մի քիչ ուշ իրականանա, բայց 100 տոկոսանոց արդյունք ունենա»:
Խոսելով Հայաստան գալու իր հիմնական նպատակների մասին, Արթուր Աբրահամն ասաց. «Հայաստան այցի իմ նպատակները երկուսն են` ամուսնություն եւ բարեգործություն: Ամուսնության օբյեկտը կա` աշխատանքներն այդ ուղղությամբ ակտիվորեն տարվում են: Հայտնի, ճանաչված մարդ չէ` սովորական աղջիկ է, էլի: Իսկ երկրորդ պատճառն այն դպրոցն է, որտեղ ես ժամանակին մարզվել եմ 4 տարի: Խոսքս Ենգիբարյանի անվան դպրոցին է վերաբերում: Ես իմ պարտքն եմ համարում օգնել այդ դպրոցին եւ այնտեղ սովորող երեխաներին: Որոշեցի 100.000 եվրո օգնություն հատկացնել: Գումարի մի մասն արդեն Հայաստանում է, իսկ մյուսը` «կժամանի» ինքնաթիռով` եկող երեքշաբթի»:
Հարցին, թե ճանաչված մարդու համար որքանո՞վ է կարեւոր բարեգործության մասին հրապարակայնորեն հայտարարելը, Արթուրը պատասխանեց. «Ես դա չեմ անում շոուի համար: Ես իմ պարտք էի համարում եւ պետք է անեի դա` իմ հոգու հանգստության համար»: Մեր դիտարկմանը, թե հնարավո՞ր չէր դա անել առանց հրապարակման, նա ասաց. «Ես ցանկացել եմ, որ մարդիկ իմանան, որ ես իմ դպրոցին շնորհակալություն եմ հայտնում»:
Ի՞նչ է անհրաժեշտ, որպեսզի Հայաստանում զարգանա բռնցքամարտը. այս հարցին էլ Արթուրը պատասխանեց. «Բռնցքամարտով զբաղվող մեր երեխաներին պետք է հաճախ երկրից դուրս տանել, որպեսզի նրանք տեսնեն եւ փորձ ձեռք բերեն` մենամարտելով այլազգի բռնցքամարտիկների հետ: Փորձը ձեռք է բերվում միայն եւ միայն մենամարտերի շնորհիվ: Եթե Հայաստանում երկու-երեք լավագույններ անընդհատ իրար հետ են մենամարտում` շատ քիչ փորձ են ձեռք բերում»: Անդրադարձ եղավ նաեւ այս տարի «Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող երգի տեսահոլովակում Արթուրի մասնակցությանը: «Ինձ առաջարկ եղավ նկարահանվել, եւ ես համաձայնեցի: Եթե դա պետք է օգուտ տար, ինչո՞ւ չնկարահանվել: Ես էլ զարմացա, երբ իմացա, որ անգամ 10-յակում չի մտել մեր երգը: «Եվրատեսիլը» քաղաքականացված երգի շոու է միայն: Այնպես չէ, որ եկար` երգեցիր, եւ վերջ: Ինձ թվում է, որ նախքան երգելը նրանք արդեն իսկ իրենց որոշումը կայացրել էին` բոլոր երկրների վերաբերյալ»,- ասում է Արթուրը: Հարցին, արդյո՞ք ինքն իրեն զգում է հայկական սպորտի դեսպանը Գերմանիայում, Արթուրը համեստորեն պատասխանեց. «Այդ հարցին կարող է պատասխանել միայն ժողովուրդը: Կապ չունի, թե որտեղ եմ ապրում` Գերմանիայո՞ւմ, ԱՄՆ-ո՞ւմ, թե՞ Ռուսաստանում, միեւնույն է, ես ինձ հայ եմ զգում եւ ամենուր որպես հայ եմ ներկայանում: Սեւ մազերով, սեւ աչքերով գերմանացի դժվար թե տեսնեք»:
Իսկ ինչ վերաբերում է եղբորը, ով նույնպես բռնցքամարտիկ էր, ապա Արթուրն ասաց. «Նա այլեւս բռնցքամարտով չի զբաղվում: Նա ամուսնացել է եւ արդեն 6 ամսական աղջիկ ունի: Շատ սիրունիկ աղջիկ է, երկու օր առաջ է 6 ամիսը լրացել: Եղբայրս այժմ բոլորովին այլ գործով է զբաղված»: