Քրիստոսի ծաղիկ` Ծննդյան վարդ
Երբ ծնվել է Քրիստոսը, բոլորը նվերներ են բերել։ Մի աղքատ աղջիկ, ով ոչինչ չի ունենում, լաց է լինում, եւ արտասուքները թափված տեղում` ձյան տակից դուրս է գալիս սպիտակ մի ծաղիկ։ Աղջիկն այդ հրաշքով ծնված ծաղիկը նվիրում է Մարիամին։
Ծննդյան ծաղիկը գորտնուկազգիների ընտանիքին պատկանող բույս է։ Բնության մեջ հանդիպում են բույսի երեք տեսակները` Helleborus niger, որը տարածված է Ալպերում եւ Կարպատներում, նրան մոտ է իր բուժական հատկություններով Բալկաններում աճող H. odorus տեսակը։
Helleborus purpurascens տեսակը հանդիպում է Կարպատներում եւ Այսրկովկասում, իսկ H.caucasius տեսակը` հավանաբար Վրաստանում եւ Հայաստանի Հյուսիսում աճող էնդեմ է։ Քրիստոսածաղիկ կովկասյանը բազմամյա խոտաբույս է մինչեւ 50 սմ բարձրությամբ։ Կոճղարմատը հաստ է, կարճ, համարյա հորիզոնական, նրանից դուրս են գալիս բազմաթիվ արմատներ։ Ցողունն առանց տերեւների է, տերեւները մերձարմատային են, ձմեռող, յուրաքանչյուր տերեւը հիմքից բաժանված է մինչեւ 11-ի հասնող նշտարաձեւ մասերի` սղոցաձեւ եզրերով։ Յուրաքանչյուր ցողունի վրա կարող է լինել մինչեւ 4 ծաղիկ։ Ծաղիկների գույնը կարող է լինել կարմիր, սպիտակ պուտիկավոր, դեղնականաչավուն, գունատ կանաչ։ Բաժակաթերթերը հինգն են, պսակաձեւ, գունավոր։ Պտուղը տերեւանման է, հավաքական, պարունակում է բազմաթիվ սերմեր, բացվում է միայն մեկ կողմից։
Բույսը ծաղկում է վաղ գարնանը, աճում է լեռների լանջերին եւ անտառներում։
Քրիստոսածաղկի քիմիական բաղադրությունը կարոտ է ուսումնասիրության։ Հայտնի է, որ այն պարունակում է սապոնիններ, ֆլավոնային` սրտի վրա ազդող եւ այլ գլյուկոզիդներ, կումարին, եթերային յուղեր, վիտամիններ, ալկալոիդներ։
Ի տարբերություն քիմիական բաղադրության` բույսի բուժական հատկությունները հայտնի են հնագույն ժամանակներից եւ համառորեն ուսումնասիրվում են դեղագործական նպատակներով։
Հունական առասպելում Մելամրուսը բույսն օգտագործել է Արգոսի դուստրերին հիստերիայից բուժելու համար։
Կա կարծիք, որ Ալեքսանդր Մակեդոնացին մահացել է բույսի բուժող չափաբաժինը չարաշահելու պատճառով։
Հին ժամանակներում համարվել է, որ բույսի ճիշտ օգտագործման դեպքում մարդը երիտասարդանում է։
Բույսի բուժիչ հատկությունները նկարագրել են Ավիցենան եւ Պարացելսը։
Խոսելով Քրիստոսածաղկի մասին` արժե հիշել Պարացելսի կարծիքը` «Բնության մեջ ամենը թույն է եւ ամեն ինչ դեղ, կարեւորը չափաքանակն է»։
Բազմաթիվ երկրներում բույսը գրանցված է Կարմիր գրքում։
Բուժական նպատակներով օգտագործում են կոճղարմատը եւ արմատը, որոնք, ինչպես եւ բույսը, ամբողջովին պարունակում են խիստ թունավոր հելեբորին եւ հելեբորեին գլյուկոզիդները։
Բուժիչ հատկություն ունի չորսամյա բույսը։ Որպես կանոն` խորհուրդ է տրվում, որ մեկ անգամվա համար օգտագործվող չափաբաժինը չգերազանցի 50 մգ-ն, այսինքն` 1 գրամը բաժանվում է 20 մասի։
Նշենք, որ բույսի պատրաստուկներով բուժման նշանակումը եւ ընթացքը պետք է վերահսկվի բժշկի կողմից։
Քրիստոսածաղիկը մաքրում է օրգանիզմի բջիջները, հեռացնում է մաղձը եւ թունավոր նյութերը, լուծում աղերը, կարգավորում նյութափոխանակությունը, կարող է մանրացնել քարերը, հեռացնել ավազը։
Քրիստոսածաղիկը խթանում է սրտի աշխատանքը, իջեցնում է ճնշումը, արդյունավետ միջոց է բրոնխների ասթմայի, երիկամների բորբոքման, ընկնավորության, հիշողության կորստի, տեսողության եւ լսողության անկման, հեպատիտի, վահանաձեւ գեղձի գործունեության խանգարման դեպքում։
Վերջին տարիներին բույսը մեծ կիրառում ունի` որպես օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնող եւ քաշն իջեցնող միջոց, սակայն կա կարծիք, որ վաճառվող քանակությունները գերազանցում են գոյություն ունեցող բնական եւ մշակովի պաշարները։
Բազմաթիվ գիտական եւ ժողովրդական բժշկությանը վերաբերող հաղորդագրություններում նշվում է բույսի հակաուռուցքային հատկության մասին։ Քրիստոսածաղիկը կիրառվում է միոմայի, ֆիբրոմայի, մաստոպատիայի, շագանակագեղձի հիվանդությունների բուժման համար։
Զգուշացում։ Խստորեն հակացուցված է միոկարդի ինֆարկտի, իշեմիկ հիվանդության, լյարդի ցիռոզի եւ այլ ծանր հիվանդությունների, երիկամներում եւ լեղապարկում մեծ քարերի դեպքում։
Հակացուցված է նաեւ կերակրող մայրերին, հղիներին, մինչեւ 15 տարեկան երեխաներին։
Դեղատոմսեր
Ավելորդ քաշի, գիրության դեպքում. Խառնեք Քրիստոսածաղկի փոշիացրած արմատը 35-40 աստիճանի հեղուկ մեղրի հետ 1։100 հարաբերությամբ, թրմեք 5 օր։ Ընդունեք խառնուրդի 4-5 գրամը սնունդ ընդունելուց մեկ ժամ հետո։
Բուժման ժամկետը երկարատեւ է։ Որպես օրենք` յուրաքանչյուր 6 ամսից հետո պետք է մեկ ամիս ընդմիջել։
Հոդացավերի դեպքում. 50 գրամ չոր սրոհունդի խոտը երկու շաբաթ թրմեք 500 մլ օղու մեջ, քամեք։ Առանձին պատրաստեք Քրիստոսածաղկի եփուկ` երկու գրամ հումքին ավելացրեք 100 մլ եռջուր, 10 րոպե տաքացրեք ջրային բաղնիքի վրա։ Խառնեք ոգեթուրմը եւ հովացրած եփուկը եւ քնելուց առաջ շփեք հիվանդ հոդերը։
Դժվար լավացող, խոնավ վերքերի դեպքում. Թրմեք 1 ժամ փոշիացրած հումքը տաք զտված ջրի մեջ 1։200 քաշային հարաբերությամբ։ Օգտագործելուց առաջ թափահարեք հեղուկը, լվացեք վերքը կամ դրեք թրջոց։
Կարեւոր է իմանալ, որ բույսը ունի ոչ հաճելի հոտ եւ այրող դառը համ։