Հրաժարվում են օգնել

16/06/2011

Մոսկվայի սրտում տեղակայված հայկական ամենամեծ եկեղեցու կառուցապատման աշխատանքների համար կրկին ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ, սակայն մոսկվահայ գործարարներն այլեւս հրաժարվում են հովանավորել: Մինչ օրս շինարարական աշխատանքներն իրականացվել են մոսկվահայ խոշոր գործարարների կողմից բարեգործական նպատակներով տրված գումարներով: Արդեն տեւական ժամանակ է` նրանք հրաժարվում են որեւէ հովանավորչությունից, ինչպես նաեւ` ՀՀ-ում խոշոր ներդրում կատարելուց: Պատճառը ոչ միայն ՀՀ իշխանությունների հետ նրանցից շատերի սրված հարաբերություններն են, այլեւ հայաստանցի գործարարների եւ պետական պաշտոնյաների` արտասահմանում ձեռք բերած խոշոր չափերի հասնող գույքը, ունեցվածքը: Այսինքն` ՀՀ իշխանությունները Սփյուռքի (այդ թվում` Ռուսաստանի) գործարարներից պահանջում են հայրենիքում ներդրումներ կատարել, բարեգործական ծրագրեր իրականացնել, իսկ իրենք ՀՀ-ից կապիտալը դուրս են հանում եւ բիզնեսներ եւ դղյակներ, հյուրանոցներ ձեռք բերում արտերկրում: Մեր տեղեկություններով, մոտ օրերս նույնիսկ Հայաստանից բարձրաստիճան այրեր եւ եկեղեցականներ էին գնացել մոսկվահայ գործարար շրջանակների մոտ` համոզելու օգնել եկեղեցուն, սակայն մերժում ստանալով` դատարկաձեռն հետ են վերադարձել: