Կբոյկոտե՞ն

16/06/2011

Հունիսի 20-24-ը ԵԽ ԽՎ ամառային նստաշրջանում տեղի է ունենալու ԼՂՀ հարցով ԵԽ ԽՎ ենթահանձնաժողովի առաջին նիստը: Հիշեցնենք, որ դա այն ենթահանձնաժողովն է, որի գործունեությունը վերսկսվեց ԵԽ ԽՎ նախագահի պաշտոնում ազգությամբ թուրք Մեւլութ Չավուշօղլուի ընտրվելուց հետո եւ նրա անմիջական մասնակցությամբ: Հայկական պատվիրակությունը թեեւ դեմ էր այդ ենթահանձնաժողովի ստեղծմանը, սակայն չկարողացավ կանխել դա: Իսկ արդեն իր գործունեությունը վերսկսած ԼՂՀ հարցով ենթահանձնաժողովի առաջին նիստը ուշագրավ է նաեւ նրանով, որ այն տեղի է ունենալու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` ԵԽ ԽՎ կատարելիք այցի օրերին: ԵԽ ԽՎ-ում հայկական պատվիրակությունը սակայն դեռ չի որոշել, թե ինչ դիրքորոշում է ներկայացնելու այդ ենթահանձնաժողովի նիստում: Ի պատասխան մեր թղթակցի հարցի` քննարկվո՞ւմ է արդյոք նիստը բոյկոտելու հնարավորությունը, ԵԽ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության ներկայացուցիչ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ասել է, որ պատվիրակությունը դեռեւս միասնական որոշում չունի այդ հարցում: «Միասնական որոշում չունենք: Հավանաբար այս երկու օրերին պարզ կլինի, թե ինչ ենք անելու»,- ասել է նա: