«Ուզում եմ հասկանալ, թե երբ խոսում են Հայաստանի արտաքին քաղաքականության, գործընկերային հարաբերությունների կամ հնարավոր ազդեցությունների դաշտի մասին, ապա հաշվարկե՞լ են դրա ողջ սպեկտրը: Կարծում եմ` ոչ: Արդյո՞ք այդպես խոսողները հաշվարկել են ներքաղաքական այն բոլոր գործոնները, որոնց հետ իշխանությունները պետք է որ հաշվի նստեն: Իհարկե` չեն հաշվել եւ չեն էլ ուզում հաշվել»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը` անդրադառնալով երկխոսության հետ կապված ՀԱԿ-ի առաջարկին: Իսկ արդյոք կոալիցիոն գործընկերներ ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ն անհանգստացած չե՞ն այդ հնարավոր երկխոսության հեռանկարից: Այդ հարցին Նիկոյանը պատասխանել է. «Ամեն դեպքում, հիմա ձեւավորված է ներքաղաքական որոշակի հավասարակշռություն: Ցանկալի չեն այն կտրուկ գործողությունները, որոնք կարող են խաթարել այդ հավասարակշռությունը»: