Երեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն: Նրան ուղեկցում են Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: Ըստ պաշտոնական հաղորդագրության, նրանք Բուկինգհեմյան պալատում ներկա կգտնվեն Մեծ Բրիտանիայի Արքայազն Չարլզի եւ ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի նախաձեռնած երկու բարեգործական ծրագրերի` «Երեւան, իմ սեր» (այդ նախագծի շրջանակում նախատեսվում է Երեւանի կենտրոնում գտնվող պատմաճարտարապետական կարեւոր արժեք ունեցող չորս շինությունների վերանորոգում) եւ Շոտլանդիայի հարավ-արեւմուտքում գտնվող Դամֆիս դղյակի պահպանման նախագծերին նվիրված ընդունելությանը եւ համերգին: Նախատեսված է նաեւ Տ. Սարգսյանի հանդիպումը տարբեր երկրներից Լոնդոն ժամանած հայ գործարարների հետ: Նա նաեւ այցելելու է BBC-ի կենտրոնակայան եւ հարցազրույց է տալու գործակալությանը: Թե ո՞րն է նման այցելության իմաստը, բացի այն, որ Տ. Սարգսյանը պատիվ է ունենալու ձեռքով բարեւել Արքայազն Չարլզին (գուցե նաեւ թագուհուն), իսկապես շատ դժվար է ասել: Խոսքը պետության եւ հասարակության շահի տեսանկյունից այցելության իմաստի մասին է: Հասկանալի է, որ Տ. Սարգսյանը նաեւ նման այցերով, ինչպես ինքն էր խոստովանել, զբաղվում է «սեփական իմիջով»: (Թեեւ դժվար է պատկերացնել, որ Նավասարդ Կճոյանի ուղեկցությունը կարող է որեւէ մեկի իմիջի վրա դրական հեղինակություն ունենալ): Սակայն ո՞ւմ հաշվին: Բանն այն է, որ այս այցին «առանձնակի շքեղություն» հաղորդելու համար Տ. Սարգսյանը` յուր ուղեկիցներով, Լոնդոն է մեկնելու նախագահական ինքնաթիռով, որի թռիչքի եւ կայանման ծախսերն այդ այցի համար կազմում են մոտ 60.000 ԱՄՆ դոլար: Իհարկե, կարող է պոպուլիստական հնչել, սակայն մի՞թե Հայաստանի նման թշվառ վիճակում գտնվող պետության վարչապետը կարող է իրեն նման շռայլություն թույլ տալ, այն դեպքում, երբ գոնե «bussines claas»-ով մեկնելու դեպքում կարելի էր այդ գումարից առնվազն մի քանի տասնյակ հազար դոլարով պակաս ծախսել: Եթե ոչ` բյուջեի միջոցներից խնայելու, ապա գոնե` Նավասարդ Կճոյանի «Բենթլին» «թարմացնելու» համար: