«Ողջամիտ ժամկետը մինչեւ այս ամսվա վերջն է` մինչեւ ՀԱԿ հաջորդ հանրահավաքը»,- այդ մասին «7օրի» հետ զրույցում հայտարարել է ՀԱԿ-ին մաս կազմող ՍԴՀԿ-ի ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, ով, ինչպես եւ ՀԱԿ մյուս անդամները, նշել է, որ ՀԱԿ-իշխանություն երկխոսության առնչությամբ սպասում է անձամբ Սերժ Սարգսյանի պատասխանին: «Բնականաբար, հաջորդ հանրահավաքին մենք ասելիք պիտի ունենանք ու մեր գործողությունների որոշակի ծրագիր պետք է ներկայացնենք հասարակությանը: Ողջամիտ ժամկետը համարում եմ մինչեւ հաջորդ հանրահավաքը, երբ արդեն Կազանի հանդիպումը տեղի կունենա, ԵԽ ԽՎ-ի ելույթը կլինի, եւ մեզ համար հստակություն կմտնի այս գործընթացի հետ կապված: Լռությունը կայունություն չի բերում երկրում, եւ եթե առաջին հարցերի շուրջ Սերժ Սարգսյանն է խոսել, ուղիղ ուղերձներով պատասխաններ տվել, ապա այս դեպքում եւս որեւիցե միջնորդ չի կարող լինել (նկատի ունեմ առանձին պատգամավորների), ՀՀԿ-ականների կարծիքը չի կարող վերջնական համարվել: Սերժ Սարգսյանը պարտավոր է սկսված գործընթացն առաջ տանել կամ դադարեցնել, իսկ դա կարող է տեղի ունենալ միայն մեկ դեպքում` երբ նա անձա՛մբ արտահայտի իր որոշումը»,- ասել է Լյուդմիլա Սարգսյանը, ինչին ի պատասխան` ՀՀԿ-աական պատգամավոր Հովհաննես Սահակյանը նշել է, թե վերջնաժամկետներով խոսելը ճիշտ չէ: «Պետք է նաեւ մեկ այլ տեսակետից մոտենալ այդ հայտարարությանը: Հայ կնոջը հարիր չէ վերջնաժամկետով խոսելը: Մենք դա դիտարկենք որպես հայ կնոջ խոսք եւ չփորձենք ավելի կոշտ արձագանքել: Իսկ քաղաքական առումով այն մեղադրանքները, որ այս երկխոսությունն իշխանությանն էր պետք, որ իշխանությունը վիժեցրեց այդ երկխոսությունը, կամ մեր վերջնաժամկետը սա՛ է, այս փուլում, այս պարագայում կոնտեքստից դուրս են, եւ որեւէ տրամաբանության մեջ չեն տեղավորվում»,- ասել է նա: Ի դեպ, պաշտոնապես ՀԱԿ-ը դեռ վերջնաժամկետի մասին հայտարարություն չի արել, իսկ հունիսի 30-ի հանրահավաքը պայմանավորում է այն հանգամանքով, որ խոստացել է հունիս ամսվա ընթացքում հանրահավաք հրավիրել: