Կազանը` նախընտրական պլա՞ն

15/06/2011

«Ամենայն հավանականությամբ Ադրբեջանը Nabucco-ի համաձայնագիրը կստորագրի վերապահումներով»,- այս մասին ադրբեջանական 1news.az-ին տված հարցազրույցում ասել է ԱՊՀ երկրների եւ էներգետիկ հարցերի փորձագետ Ալեքսանդր Ռարը` մեկնաբանելով տեղեկությունները, թե հոկտեմբերին Ադրբեջանը վերջնական պատասխան կտա տվյալ նախագծի առնչությամբ: Ըստ Ռարի, Բաքվի դիրքորոշումը տվյալ հարցում հավասարակշռված կլինի եւ չի շեղվի Եվրամիության կամ ՌԴ-ի կողմը: «Տվյալ դեպքում հետաքրքիր կլինի իմանալ Թուրքմենստանի դիրքորոշումը, արդյո՞ք նա էներգառեսուրսներ կառաքի Ադրբեջանի տարածքով արեւմտյան շուկա, թե՞ ոչ: Թուրքմենստանը պետք է որոշի, թե ինչպես գազ առաքի Ադրբեջան»,- ասել է նա: Փորձագետը դժվարացել է ասել, թե արդյունքում ինչ ծագման գազ է առաքվելու Nabucco-ով: «Կրկնեմ, Ադրբեջանը չի կարող լինել միակ առաքիչը: Նա պարտավորություններ ունի Ռուսաստանի եւ Իրանի առջեւ: Կլինե՞ն այլ առաքիչներ: Իրանը բացառվում է` քաղաքական պատճառներով: Թուրքմենստանն իր գազային խաղն է խաղում: Պետք է հետեւել, թե ինչ է կատարվում»,- ասել է Ռարը` հավելելով, որ իրերի նման դասավորության դեպքում մնում է Իրաքի գազը: «Սակայն այդ դեպքում Nabucco-ն կորցնում է այն իմաստը, որ դրվում էր նրա մեջ: Ես կարծում եմ, որ Nabucco-ով պետք է հոսի կենտրոնասիական կամ կասպյան գազը: Իրաքն այստեղ գործ չունի: ԵՄ-ն ցանկանում է Nabucco նախագիծը կյանքի կոչել` ելնելով քաղաքական նկատառումներից»,- ասել է նա: Ալեքսանդր Ռարն անդրադարձել է նաեւ հունիսի 25-ին Կազանում կայանալիք Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների հանդիպմանը` շեշտելով, որ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը բոլոր ջանքերը գործադրելու է հաջողություն արձանագրելու համար: «Ընտրական կամպանիայից առաջ Մեդվեդեւին անհրաժեշտ են արտաքին քաղաքական հաջողություններ: Այնպես որ, կտեսնենք, թե ինչպիսի պլան առաջ կքաշի Մեդվեդեւը: Սակայն ես չեմ տեսնում ղարաբաղյան հակամարտության կարգավորման նոր պլան: Անկեղծ ասած` ես մեծ հույսեր չունեմ այդ հանդիպումից, հետեւում եմ իրավիճակին: Ադրբեջանն ու Հայաստանն ունեն իրենց դիրքորոշումները, նրանց դժվար է հանգեցնել փոխհամաձայնության: Այն, որ բանակցությունները շարունակվում են, դա լավ է»: