Բուռն քաղաքական աշուն

15/06/2011

«Երկխոսության գործընթացը սառեցվել է, որովհետեւ կողմերից մեկն այն դիտել է իր համար վտանգավոր»,- երեկ հրավիրված ասուլիսում հայտարարել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը` անդրադառնալով ՀԱԿ-իշխանություն երկխոսության գործընթացի ներկայիս փուլին: Ըստ նրա, ՀԱԿ-իշխանություն երկխոսության գործընթացը կարող էր սառեցվել Ռուսաստանի պատճառով, որն այդ գործընթացը կարող էր իր համար սպառնալիք համարել: «Դժվար չէ կռահել` ով է ՀԱԿ-իշխանություն երկխոսության գործընթացի կնքահայրը, որովհետեւ ակնհայտ էր, որ այդ ամբողջ գործընթացին ուղեկցում էր ԱՄՆ-ը, հետեւաբար, Ռուսաստանի հետ խնդիրներ չունենալու համար գործընթացը կարող էր սառեցնել նաեւ հենց ինքը` ԱՄՆ-ը»,- ասել է նա: Մանուչարյանի կարծիքով, գործընթացի սառեցման պատճառը նաեւ արտաքին ազդակներն են: «Մեր մոտ որեւէ հարց չի ծավալվում արտաքին ազդակներից ու խնդիրներից դուրս»,- հայտարարել է նա` ավելացնելով, որ չի կարծում, թե ՀԱԿ-ում կամ իշխանության մեջ ղեկավարներն անփորձ են: «Ես չեմ կարծում, որ որեւէ մի կողմ կարող էր խնդիրը հասցնել հանձնաժողով ստեղծելուն, եթե չլիներ երաշխավորված գործընթաց»,- ասել է Ա. Մանուչարյանը` ավելացնելով, որ երկխոսության գործընթացը կարող է առաջ շարժվել, եթե սկսի պարունակել երկրի համար անհրաժեշտ խնդիրներ: «Այդ ժամանակ երկխոսության գործընթացը կշարունակվի ներքին ճնշման արդյունքում»,- նշել է նա: Աշոտ Մանուչարյանը կարծում է, որ Հայաստանին բուռն աշուն է սպասվում` «նոր ուժերով, նոր գիտակցումով, ինչը տարածվելու է մյուս շրջանակների վրա»: «Նոր մոբիլիզացման շրջան է, նոր քաղաքական որակներ են ի հայտ գալիս, նոր քաղաքական դաշտ կարող է ձեւավորվել: Քաղաքացիական դաշտում հասունանում են այլ տիպի անձնավորություններ ու խմբեր, եւ շատ շուտով նրանք կսկսեն իշխել եւ նրանք ի վիճակի կլինեն ինքնուրույն քաղաքականություն վարել»,- ասել է նա` ավելացնելով, որ այդ խմբերը նոր փիլիսոփայություն են ձեւավորում: Այդ ուժերից Մանուչարյանը նշել է «Սարդարապատ» նախաձեռնությանը, ՀԱԿ-ի` ոչ քաղաքական մի շարք շրջանակների: Իսկ նորաստեղծ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վերաբերյալ Աշոտ Մանուչարյանն ասել է, որ ժամանակը ցույց կտա, թե նրանք ինչ ուժ կձեւավորեն: Անդրադառնալով ԼՂ-ի հակամարտության կարգավորման ներկայիս գործընթացին, Աշոտ Մանուչարյանն ասել է. «Փառք նախախնամությանը, քանի որ կարծես թե գործ ունենք այս հիմնախնդրի վերջին զանգի հետ: Մինչ օրս այս հիմնախնդրի շուրջ երբեք այդքան ծանրակշիռ ծավալումներ չեն եղել»: Դրական գնահատելով հիմնախնդրի լուծման շուրջ ծավալվող քննարկումները, միաժամանակ Ա. Մանուչարյանը շեշտել է, որ Մադրիդյան սկզբունքներն աղետալի են Հայաստանի ու Ղարաբաղի համար: «Ժամանակին մենք պատասխաններ էինք ձեւավորում Ադրբեջանի համար, որի շնորհիվ Ալիեւը իր ժողովրդին ասելիք ուներ,- ասել է նա` ավելացնելով,- Պետք է սկզբունքորեն փոխվի Հայաստանի քաղաքականությունը: Հայաստանը քաղաքականություն ունեցողից վեր է ածվել ֆուտբոլի խաղադաշտի ու գնդակի ուրիշների խաղի համար»,- ասել է նա` խնդիրը դիտարկելով ավելի լայն` տարածաշրջանային զարգացումների համատեքստում: Ըստ նրա` Իրանի ու Ռուսաստանի նպատակները տարածաշրջանում համընկնում են, սակայն Ռուսաստանն իրացնում է ոչ թե խորքային, այլ ընթացիկ նպատակները, որոնք Հայաստանի շահերից չեն բխում: «Իրանն ազատագրված տարածքները համարում է հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքներ, իսկ եթե այդ տարածքներն ուրիշի վերահսկողության տակ լինեն, ապա Իրանը նշում է, որ բազմաթիվ մարդիկ կան, որոնք կցանկանան բնակվել այդտեղ»,- ասել է Մանուչարյանը` ավելացնելով, թե Իրանը ցույց տվեց, որ ինքն էլ իր գործիքներն ունի: Մանուչարյանը նշել է նաեւ, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը սերտորեն կապված է նաեւ ներքաղաքական զարգացումների հետ, որոնք կարող են «տակնուվրա անել ներքաղաքական իրավիճակը ցանկացած պահի»: