Տնտեսական աճի «որակը»

15/06/2011 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Մի հին, բայց միեւնույն ժամանակ` շատ արդիական անեկդոտ կա։ Հայրը դպրոցից տուն վերադարձած երեխային հարցնում է՝ այսօր մաթեմատիկայից ի՞նչ ես ստացել։

«Երկուս»,- վախվորած պատասխանում է տղան։ «Լավ չի… բա հայոց լեզվի՞ց»։ Էլի երկուս։ Աշխարհագրությունի՞ց՝ երկուս, ֆիզիկայի՞ց` երկուս եւ այսպես շարունակ։ Զայրացած հայրը հարցնում է՝ լավ, գոնե մի առարկա չկա՞, որ դրական գնահատական ստացած լինես։ «Կա,- ոգեւորված պատասխանում է երեխան, – երգեցողությունից 5 եմ ստացել»։ «Շան տղա, էդքան երկուսներից հետո դու դեռ երգելու տրամադրություն էլ ունե՞ս»։

Անեկդոտը արդիական է, որովհետեւ շատ բնորոշ է մեր այսօրվա իրականությանը։ Երկրի առաջ ծառացած են չափից ավելի շատ խնդիրներ՝ քաղաքական, տնտեսական, սոցիալական, ժողովրդագրական։ Բայց բոլոր հեռուստաալիքներով երգ ու ծիծաղ է, եւ իհարկե՝ սերիալներ։ Այնպիսի տպավորություն է, որ ժողովրդին հուզող ամենամեծ հարցն այն է, թե ի՞նչ էքսկլյուզիվ ճաշատեսակ պատրաստել, հերթական «աստղը» ե՞րբ է թողարկելու իր նոր ձայնասկավառակը, կամ բոլորին անհայտ ինչ-որ մի երիտասարդ ինչպե՞ս է գրավել իր նույնքան անհայտ ընկերուհու սիրտը։

Սակայն, ի տարբերություն անեկդոտի երեխայի, որն անկեղծ խոստովանում էր իր երկուսների մասին, մեզ մոտ հեռուստաընկերությունները չեն ներկայացնում առկա խայտառակ պատկերը։

Իշխանությունները (որոնց անմիջական հրահանգով հեռուստաընկերությունները այդքան լավատես են) խոստովանում են, որ կան խնդիրներ, սակայն ընդհանուր առմամբ գոհ են իրենց կատարած աշխատանքից եւ վստահ են, որ երկիրը տանում են դեպի փայլուն ապագա։

Մինչդեռ այն, որ իրավիճակը գնալով վատանում է (չնայած ճգնաժամից արդեն բավական ժամանակ է անցել), հասկանալի է անգամ առանց վիճակագրական տվյալների եւ պաշտոնական հայտարարությունների։ Վիճակագրությունը, օրինակ, այս տարի աճ է արձանագրում տնտեսության անխտիր բոլոր ոլորտներում, բայց արի ու տես, որ բնակչության մեծ մասը սկսել է ավելի վատ ապրել։ Բայց անգամ պաշտոնական վիճակագրության մեջ կա մի ցուցանիշ, որն առանց գույները մեղմացնելու, արտացոլում է իրական պատկերը։ Խոսքը վերաբերում է հանցավորության աճին։

Վաղուց ապացուցված ճշմարտություն է, որ սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացման պայմաններում ավելանում է հանցագործությունների թիվը։

 

Բերված աղյուսակը կազմել ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության ցուցանիշների հիման վրա։ Այն ցույց է տալիս, թե ինչ օրինաչափություն կա տնտեսական ակտիվության եւ հանցավորության մակարդակի միջեւ։ Չնայած որոշ շեղումներին, ընդհանուր առմամբ պարզ երեւում է, որ տնտեսական վերելքի տարիներին հանցագործությունների թիվը նվազման միտում է ունեցել (մասնավորապես, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թիվը)։

Այսպես, 2007թ. տնտեսական աճը կազմել է 13.7%։ Այդ տարվա ընթացքում հանցագործությունների ընդհանուր թիվը 11.8%-ով ավելի քիչ է եղել, քան 2006 թվականին։ Այդ թվում, կողոպուտի դեպքերը նվազել էին 28.1%-ով, գողության դեպքերը՝ 12.2%-ով։

Հետո եկավ 2008 թվականը։ Տարվա վերջին համաշխարհային տնտեսական ճգնաժամն արդեն իրեն զգացնել տվեց, եւ տարին փակեցինք նախատեսվածից շատ ավելի ցածր տնտեսական աճով։ Հանցագործությունների ընդհանուր թիվն աճեց 10%-ով։ Այստեղ հարկ է նշել, որ հանցագործությունների թվի վիճակագրության վրա մեծ ազդեցություն են ունեցել նաեւ մարտի 1-ի իրադարձությունները, որոնց արդյունքում շատ մարդիկ ձերբակալվեցին քրեական մեղադրանքներով։

Իսկ 2009 թվականը ամենավառ օրինակն է։ Այդ տարի մեր տնտեսությունն ունեցավ աննախադեպ՝ 14.4% անկում։ Իսկ հանցագործությունների թիվը նախորդ տարվա համեմատ աճեց ավելի քան 1.5 անգամ՝ 14.339 հանցագործություն՝ 2008 թվականի 9271-ի դիմաց։ Շատացան թե՛ կողոպուտի, թե՛ գողության դեպքերը, սակայն ամենից շատ ակտիվացան խարդախները։

2010 թվականին վիճակագրությունն արձանագրեց տնտեսական աճ՝ 2.6%-ի չափով։ Հանցագործությունների թիվը, սակայն, շարունակեց աճել։ Գողության եւ կողոպուտի դեպքերը, ճիշտ է, մի փոքր նվազեցին, սակայն նախաճգնաժամային տարվա համեմատ դեռ շարունակում են բարձր մնալ։

Այս տարի, ինչպես գիտեք, կանխատեսվում է 4.6% տնտեսական աճ։ Ճգնաժամ չկա (ոչ տնտեսական, ոչ ներքաղաքական)։ Ամեն ինչ տանում է նրան, որ այդ ցուցանիշը տարվա վերջին կապահովվի։ Սակայն, երբ համեմատում ենք հանցավորության ցուցանիշները, պատկերը մռայլվում է։

Այսպես՝ 2011թ. առաջին 4 ամիսների ընթացքում հանրապետությունում գրանցվել է 4822 հանցագործություն։ Դա 40-ով (կամ՝ 1%-ով) ավելի շատ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Սակայն առանձին հանցագործությունների մասով, մասնավորապես՝ գողությունների, ամեն ինչ շատ ավելի վատ է։ Այս տարվա հունվար-ապրիլ ամիսների ընթացքում գրանցվել է գողության 1314 դեպք՝ 151 դեպքով (կամ 13%-ով) ավելի շատ, քան նախորդ տարի։

Այս թվերը թերեւս ավելի ճիշտ են արտացոլում տնտեսության իրական վիճակը, քան տնտեսական վիճակի վերաբերյալ իշխանական բոցաշունչ ճառերը։ Բացի այդ, այս ցուցանիշները հանդիսանում են կառավարության գործելաոճի գնահատականը։ Ի վերջո, պետության դերը ոչ միայն հանցագործներին պատժելն է, այլեւ հանցագործությունները կանխելը։ Իսկ կանխելու համար (հատկապես տնտեսական բնույթի հանցագործությունները) անհրաժեշտ է նորմալ տնտեսություն, որտեղ ոչ միայն կլինի տնտեսական աճ, այլ այդ տնտեսական աճի դրական ազդեցությունը հավասարապես կզգան բոլորը, ոչ թե մարդկանց մի փոքր խումբ միայն։

Մեզ, իհարկե, կարող են հակադարձել, որ կան մարդիկ, ովքեր հանցագործություն կատարելու քրոնիկ հակում ունեն եւ պարզապես չեն ցանկանում աշխատել։ Իհարկե, մեր հասարակության մեջ (ինչպես եւ ամենուր) կան «Ոսկե հորթը» ֆիլմի հերոս Շուրա Բալագանովի պես մարդիկ, սակայն նույն վիճակագրությունը ցույց է տալիս, որ, օրինակ, 2010 թվականի ընթացքում պատասխանատվության ենթարկված անձանց 80%-ը նախկինում դատված չի եղել։ Այսինքն՝ մեծ մասն այդ քայլին գնացել է կարիքից դրդված։

Դա ապացուցելու անհրաժեշտություն էլ չկա, քանի որ վերջին շրջանում ակտիվացել են հենց ոստիկանների կողմից կատարվող հանցագործությունները։ Որոշ ժամանակ առաջ ողջ հանրապետությունը խոսում էր այն միջադեպի մասին, թե ինչպես էր ոստիկանը փորձել բանկ թալանել, եւ նրա ենթական ինչպես էր վնասազերծել նրան։ Բոլոր լրատվամիջոցներն իրենց պարտքը համարեցին այս մասին խոսել՝ հանցագործին վնասազերծած սերժանտին ներկայացնելով որպես հերոս եւ փորձ անելով ողջ Ոստիկանությունը նույնացնել նրա հերոսական կերպարի հետ։ Սերժանտն իրոք գովեստի արժանի էր, քանի որ գերազանց կատարել էր իր պարտքը։ Սակայն հարցի մյուս կողմին գրեթե չանդրադարձան՝ ինչո՞ւ պետք է Ոստիկանության կապիտանը փողի կարիք ունենա եւ դիմի նման քայլի։ Ընդ որում, սա միակ դեպքը չէր ոստիկանների մասնակցությամբ։ Դրանից կարճ ժամանակ հետո բանկոմատը թալանելու փորձ էր արել մեկ ուրիշ ոստիկան։

Եթե պետությունը ամսական 100 հազար դրամ աշխատավարձ է վճարում ոստիկանին, որը կին ունի, երեխա, եւ ստացածը չի բավականացնում անգամ բնակարանի վարձը մուծելու համար, ապա ի՞նչ կարելի է սպասել այդ ոստիկանից։ Ամեն ինչ, բացի անկեղծ ու նվիրված աշխատանքից։ Ոստիկանը կամ պետք է եկամտի այլ աղբյուրներ գտնի (օրինական կամ անօրինական), կամ էլ պետք է դուրս գա համակարգից, եւ չի բացառվում՝ հայտնվի բարիկադի հակառակ կողմում։

Իսկ եթե անգամ ոստիկաններն են «յոլա գնալու» համար դիմում անօրինական քայլերի, ապա ինչպե՞ս կարելի է հույս ունենալ, որ հասարակության մյուս անդամները՝ մանավանդ գործազուրկ եւ կարիքավոր, դա չեն անի։ Ի վերջո, շատերի համար ավելի լավ է բանտում կուշտ լինել, քան ազատության մեջ՝ քաղցած։